Պետական vs մասնավոր մանկապարտեզ. կողմ և դեմ կարծիքներ

Պետական vs մասնավոր մանկապարտեզ. կողմ և դեմ կարծիքներ

586

Երեխաներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում են մանկապարտեզներում: Առնվազն 3 տարեկան երեխայի ծնողները, որպես կանոն, կանգնում են ընտրության առաջ՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր մանկապարտեզ ընտրել։ Երեւանում այժմ գործում է 162 պետական եւ 60-ից ավելի մասնավոր մանկապարտեզ։

Պետական մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը սկսվում է հիմնականում 3 տարեկանից, սակայն որոշներում երեխաներին ընդունում են նաեւ 2-ից սկսած։ Բոլոր պետական մանկապարտեզներում սահմանված է հստակ ժամային գրաֆիկ՝ երեխաները գալիս են առավոտյան 8:30 եւ տուն վերադառնում՝ 17:30։ Խմբերում երեխաների քանակը 30-33 է, իսկ նրանց հետեւող աշխատակիցները 2-ն են՝ դաստիարակ եւ դայակ։

Մասնավոր մանկապարտեզներում պատկերն այլ է. երեխաներին կարող են ընդունել 1,4-1,5 տարեկանից։ Այստեղ արդեն ծնողները ունեն գրաֆիկի առումով ընտրության լայն հնարավորություն։  Մասնավոր մանկապարտեզների հիմնական մասը գործում են առավոտյան ժամը 8։30-ից մինչեւ երեկոյան 9-ը, եւ ծնողն ինքը կարող է ընտրել՝ երբ եւ որքան ժամանակով երեխային թողնել հաստատությունում։ Մասնավոր մանկապարտեզների յուրաքանչյուր խմբում երեխաների քանակը մոտավորապես 15-ն է, իսկ աշխատակիցների քանակը՝ կախված հաստատությունից։

Տարբեր  են նաեւ դասավանդումների անցկացման կարգերը։ Պետական մանկապարտեզներում օրինակ օտար լեզուները, ինչպես նաեւ որոշ խմբակներ՝ պար, երգեցողություն, վճարովի են: Սակայն այս իրավիճակը ոչ բոլոր պետական մանկապարտեզներում է, և որոշ հաստատություններում խմբակների դասվանդումը անցկացվում  է անվճար հիմունքներով:

Մասնավոր մանկապարտեզների մեծ մասում երեխաներին դասավանդվում են առարկաներ, որոնք դուրս են պետականի ծրագրից։ Երեխաներն անցնում են օտար լեզուներ, պար, երգեցողություն,  վարվեցողության կանոններ, տրամաբանւթյուն, կեցվածք, էթիկա և այլն։

Լուսանկարը՝ հ.120 մանկապարտեզի ֆեյսբուքյան էջից։

Մասնավոր մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատող Լինա Ղազարյանն ասում է, որ ականատես չի եղել դեպքերի, երբ ծնողները, ինչ-ինչ դժգոհություններ ունենալով, երեխաներին մասնավորից տեղափխեն պետական մանկապարտեզ:

«Պետական մանկապարտեզներ ընդունվելու համար երեխաները հերթագրվում են, որոշ դեպքերում՝ երկար սպասում: Հիմնական արտահոսքը կարող է լինել այն պահին, երբ երեխայի ընդունելության հերթն է հասնում պետական մանկապարտեզում: Բացի այդ, քանի որ պետականում երեխային կարող են ընդգրկել 2 կամ 3 տարեկանից, ծնողները նախընտրում են մինչև 3,5 կամ 4 տարեկանը երեխային տանել մասնավոր մանկապարտեզ, այնուհետև այն փոխարինել պետականով»։

Որպես մասնավոր մանկապարտեզի առավելություն նաև առանձնացնում է մատուցվող սնունդը. սննդի որակը, նրա խոսքով, մասնավոր մանկապարտեզներում բավականին բարձր է։ Ի տարբերություն պետականի՝ այստեղ հիմնականում սնունդը տրամադրում են օրական 4 անգամ՝ կախված երեխայի մանկապարտեզում մնալու ժամաքանակից։

«Ըստ ծնողների՝ մասնավոր մանկապարտեզներում մասնագիտացվածությունը ավելի բարձր է, սակայն ինքս այդքան էլ համաձայն չեմ այդ կարծիքին, քանի որ պետական մանկապարտեզներում, ըստ իս, երեխաները կրթվում եւ դաստիարակվում են ավելի ճիշտ, քանի որ պարտադիր է պետական չափորոշիչներին հետեւելը»,- ասում է Լինա Ղազարյանը, ով նաև պետական մանկապարտեզում աշխատելու փորձ ունի:

Արշալույս Ֆարսյանն էլ, ով 20 տարուց ավելի աշխատել է Երեւանի պետական մանկապարտեզներից մեկում, ասում է, որ ոլորտում կան բազմաթիվ բացթողումներ, որոնք կարիք ունեն շուտափույթ կարգավորման:

«Քիչ են կամ բացակայում են մանկավարժները, լոգոպեդները եւ հոգեբանները, որոնք կարող են աշխատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Ցավոք, պետական մանկապարտեզների գրեթե 90%-ում պատկերը նույնն է»։

Չնայած առկա խնդիրներին՝ պետական մանկապարտեզների դերը, ըստ նրա, անփոխարինելի է՝ թե չափորոշիչների և օրակարգի, թե կրթադաստիարակչական մեթոդների առումով:

Լուսանկարը՝ հ.120 մանկապարտեզի ֆեյսբուքյան էջից։

Հաստատություններում տարբերություններ կան ոչ միայն երեխաների, ծնողների, այլեւ աշխատակիցների համար։

Պետական մանկապարտեզներում սահմանված է հստակ աշխատավարձ՝ 103,000 դրամ։ Աշխատակիցները 5 տարին մեկ անգամ պարտադիր կերպով անցնում են վերապատրաստումներ։ Եւ ըստ վերջերս հաստատված կարգի՝ դաստիարակները աշխատանքի ընդունման համար պետք է հանձնեն պետական քննություն՝ անկախ աշխատանքային փորձից եւ ստացած կրթությունից։ Երեխաների համար գործում են հստակ տարիքային ծրագրեր եւ չափորորշիչներ, որոնք ենթակա չեն փոփոխման։

Մասնավոր մանկապարտեզներում աշխատակիցների համար աշխատանքային պայմաններն ավելի բարենպաստ են: Աշխատավարձի չափը կարող է վերանայվել եւ, ի տարբերություն պետականի, շատ ավելի բարձր լինել:

Քննությունների եւ վերապատրաստումների հարցը նույնչափ խստորեն չի վերահսկվում՝ ինչպես պետական մանկապարտեզներում։ Թեպետ երեխաների հետ աշխատելու  ծրագիրը վերցվում է պետականից, սակայն այստեղ արդեն դաստիարակը կաղապարված չէ ստանդարտ մոտեցումների մեջ. ծրագրերը կարող են վերանայվել եւ մատուցվել նորովի:

Անկախ թվարկված փաստերից և կարծիքների բախումից՝ ցանկացած ծնողի իրավունքն է իր երեխայի համար ընտրել այն միջավայրն ու հաստատությունը, որն ինքը լավագույնն է համարում իր երեխայի շահերի տեսանկյունից:

Մերի Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել