ԼՂ-ից Հայաստան տեղահանված դպրոցականների մեծ մասը դպրոցներում է

ԼՂ-ից Հայաստան տեղահանված դպրոցականների մեծ մասը դպրոցներում է

381
Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից

Արցախից բռնի տեղահանված դպրոցականների մեծ մասն արդեն կրթությունը շարունակում են Հայաստանի  դպրոցներում:

Ալենը և Արտյոմը Մարտակերտի շրջանի Վերին Հորաթաղ գյուղից սեպտեմբերի 26-ին են տեղափոխվել Հայաստան։ Այժմ բնակվում են Վարդենիս քաղաքում և սովորում Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում։

Երեխաների մայրն ասում է, որ նրանք ավելի շատ հոգեբանական դժվարություններ ունեն, որոնք արտահայտում են մի շարք հարցեր տալով, որոնց պատասխանները հաճախ, անգամ իրենք՝ ծնողները չեն ունենում։

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցը մինչ այժմ ընդունել է 23 արցախահայ աշակերտի։ Դպրոցը պատրաստ է ամեն դասարանում ընդունել 10-15 աշակերտ։ Առկա դասագրքերը տրամադրվում են անվճար, սակայն, ինչպես ասում է ի տնօրեն Հայկուշ  Բարսեղյանը,  նոր դասագրքեր դեռեւս չունեն: Դրանք պատվիրվել են ապրիլ ամսին՝ հստակ աշակերտների քանակով։ Այս պահին փորձում են դասագրքեր ձեռք բերել նաեւ այլ դպրոցներից։ 

«Դպրոցում ունենք հոգեբան, հոգեբանի կրթություն ստացած ուսուցչի օգնական, սրտացավ մանկավարժական թիմ, ովքեր ոչինչ չեն խնայում երեխաներին հոգեբանորեն աջակցելու եւ կարեկցելու համար։ Երեխաները բավականին հեշտ են ինտեգրվել նոր միջավայրում, ջերմ ընդունելության են արժանացել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից։ Դպրոցն իր միջոցներով երեխաներին տրամադրել է գրենական պիտույքներ, պայուսակներ, ուսուցիչները եւ աշակերտները՝ հիմնականում, տաք հագուստ։ Ընտանիքները մեծ չափով օգնություն են ստացել նաեւ Արհմիության կողմից»,-  ասում է Հայկուշ Բարսեղյանը։

Դպրոցում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ են ընդունվել, ովքեր մշտապես գտնվում են հոգեբանների ուշադրության կենտրոնում:

Կլինիկական հոգեբան Աիդա Թառոյանի խոսքով, կարևորագույնն այն է, որ  ուսուցիչներն ուշադիր լինեն Արցախից տեղահանված երեխաների հանդեպ, որպեսզի խտրական վերաբերմունք չդրսևորվի, հնարավորինս աջակցեն ինտեգրմանը:

«Այս շրջանում եղել են դպրոցական տարիքի  բազմաթիվ այցելուներ,  որոնց մոտ հիմնականում արտացոլված է շոկ և ցավ։ Կարևոր է թողնել, որ նրանք արտահայտեն իրենց հույզերը։ Կարևոր է նաև անուշադրության չմատնել մեր տեղի աշակերտներին»,- ասում է Աիդա Թառոյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ Արցախի բնակչության բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքների շուրջ 9080 սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Թե ինչպես է երեխաների բաշխվածությունը ըստ մարզերի, այդ տվյալը դեռևս հստակ չէ։

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջից

Նախարարությունից գրություններ են ուղարկվել հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ խորհուրդ տալով սովորողների ընդունելությունը կազմակերպելիս ծնողներին առաջարկել բնակության վայրին մոտ գտնվող առավել հարմար ուսումնական հաստատություն, որտեղ կան լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։ Անհնարինության դեպքում՝ անհրաժեշտ է սովորողներին ընդունել՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից։

ՀՀ կառավարության 2018 թ. N 954-Ն որոշմամբ յուրաքանչյուր հիմնական դպրոցի դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում՝ 30:

«Ինչ վերաբերում է սովորողներին հոգեբանական աջակցության տրամադրմանը՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացվում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման և աջակցության տրամադրման գործընթաց: Դպրոցները սերտ համագործակցում են ուսումնական հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կետրոնի հետ՝ աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով նաև դպրոցական հոգեբաններին»,- հայտում են նախարարությունից։

Լաուրա Մանուկյան, Մերի Ղազարյան
3-րդ կուրս

Կիսվել