«Փորձը ցույց է տալիս, որ մեր վախերից այն կողմ է գտնվում այն,...

«Փորձը ցույց է տալիս, որ մեր վախերից այն կողմ է գտնվում այն, ինչը մենք իրականում ուզում ենք»

412

Ստելլան բլոգեր է, ով, Ալավերդուց Երևան տեղափոխվելով, արդեն 6 տարի վարում է ակտիվ կյանք, ունի բավականին մեծ թվով լսարան ունեցող բլոգ, որտեղ պատմում է ամեն ինչ ուսանողական կյանքի մասին, օգնում երիտասարդներին կրթական ծրագրերով ճանապարհորդել աշխարհով մեկ։

-Փոքր քաղաքից, համեմատաբար մեծ քաղաք տեղափոխվելուց հետո ինչպե՞ս ինտեգրվեցիր նոր քաղաքում, նոր իրականության մեջ։

-Երբ առաջին շաբաթը գնացի նոր ուսումնական հաստատություն, տարբեր տեսակի մարդկանց հանդիպեցի. դա ինձ համար առաջին շոկն էր: Առերեսվեցի բազմատեսակ մտածողութունների, գործողությունների, տեսա լիքը բան, որը իմ համար խորդ էր: Սկզբում բավականին ծանր եմ տարել, անգամ լացել եմ, մտածում էի՝ «Էս ուր եմ ընկել», «Ինչի եկա ես Երևան», բայց դա տևել է ընդամենը մեկ շաբաթ, մինչև հասկացա ում հետ կարող եմ շփվել, ում հետ՝ ոչ, և ի ուրախություն ինձ ես շատ շուտ հարմարվելու բնավորություն ունեմ։

-Քո ինստագրամյան էջում լսարանիդ հորդորում ես՝ «Սիրիր քեզ ու ընդունիր». ինքդ ե՞րբ ընդունեցիր քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, և արդյոք տարածաշրջանային փոփոխությունը ազդեց այդ որոշման վրա։

-Այո, տարածաշրջանային փոփոխությունը շատ է ազդել ինքս ինձ սիրելու, ընդունելու վրա: Ալավերդում աղջիկների մեծ մասը ձգտում են գեղեցկության ստանդարտներով առաջնորդվել ու մյուսներին էլ ստիպում են հետևել դրան, որը, ըստ իս, կրթվածության ոչ բարձր մակարդակի ու քիչ բան տեսնելու արդյունքն է: Իսկ երբ ես տեղափոխվեցի Երևան, իրականում փոփոխությունը միանգամից չի եղել, որովհետև ես էլի  այնպիսի շրջապատում չէի հայտնվել, որն ինձ կստիպեր սիրել ու ընդունել ինձ ինչպես կամ: Քոլեջի երրորդ կուրսի վերջում ընդունվեցի աշխատանքի՝ որպես մատուցող, ու գործընկերներիս հաճոյախոսությունների, սիրո շնորհիվ կարողացա հասնել դրան: Ինքս բոլորին ասում եմ, որ միշտ պետք է զգույշ ընտրել, թե ովքեր են քո կողքի մարդիկ, որովհետև դու քեզ շրջապատող մարդկանց մեջ պետք է զգաս ուժեղ, սիրուն, ու ամենակարող։ Այդպես դու կարողանում ես նկատել քո առանձնահատկությունները,  քո սիրուն կողմերը ու հետո սկսում ես այդ ամենը այնքան սիրել, որ քեզ առանց դրա չես պատկերացնում, ու այլ կերպ պակերացնել ուղղակի չես կարողանում: Օրինակ ես ինձ քիթս վիրահատած չեմ պատկերացնում, անգամ լացս գալիս է, որովհետև ես ինձ այսպես եմ սիրում։

-Ինչո՞վ է տարբերվում նախկին և ներկա Ստելլան, և եթե հնարավորություն լիներ, ի՞նչ խորհուրդ կտայիր անցյալում ներկա եսիդ։

-Ես նախկինում բոլորին իմ «արշինով էի չափում», մինչև 18 տարեկանս մտածում էի, որ բոլորն իմ նման են, բոլորը ընկերասեր են, չեն կարող խաբել, դավաճանել, սակայն իրականում այդ ամենը ինձ լիքը փորձ է տվել, և ոչինչ չէի փոխի, միայն խորհուրդ կտայի լինել ավելի զգուշավոր, որովհետև շատ անգամներ ես ինքս ինձ խնդիրների մեջ եմ գցել։

-Ստելլա, մենք տեղյակ ենք, որ փորձել ես մի քանի անգամ այլ համալսարան ընդունվել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Հիմա վստա՞հ ես ներկայիս ընտրությանդ մեջ, և երբևիցե չես մտածե՞լ ամեն ինչ թողնելու, այլևս սովորելու համար չպայքարելու մասին։

-Սովորելու համար երբեք չեմ դադարի պայքարել, ու վստահ եմ, որ պետք է միշտ սովորել: Ձախողումներիս մեջ առաջին ամենամեծը եղել է հենց այն, որ իմ ընտրած համալսարան չեմ ընդունվել: Ինձ թվում է բոլորի մեջ էլ ուսանողական տարիների ընթացքում լինում է մտավախություն՝ արդյոք ճիշտ ընտրություն եմ կատարել, թե ոչ, և իմ մեջ նույնպես կա այդ խնդիրը: Ես ուզում եմ ապագա ռեժիսոր դառնալ, սակայն սովորում եմ մարկեթինգի բաժնում, բայց չեմ մտածում որ այն ինձ պետք չի գալու հետագայում, ու պլանավորում եմ ուսումս շարունակել արտերկրում՝ իմ նախընտրած մասնագիտությամբ։

-«Երբ քեզ մի վայրում վատ է, դու միշտ կարող ես ճիշտ որոշում կայացնել և անհապաղ հեռանալ». սրանք քո տողերն են: Անհրաժեշտության դեպքում հեշտ ես հեռանու՞մ, կամ հրաժարվում որևէ բանից։

-Ոչ, ես շատ կապված եմ ամեն ինչի հետ՝ թե՛ մարդկանց, թե՛ իրերի: Հենց դրա պատճառով էլ, երբ ևս մի անգամ գիտակցեցի, որ ինչ-որ միջավայրում իմ համար վատ է, և կարող եմ հեռաալ, մարդկանց բաց թողնել, ծնվեցին այս տողերս։

-Դու ունես բավականին մեծ լսարան, որտեղ կիսվում ես քո փորձով, խորհուրդներ տալիս. հետաքրքիր է՝ ո՞վ է քո գլխավոր խորհրդատուն, ինչու ոչ նաև քննադատը։

-Ես ունեմ երկու խորհրդատու քննադատ, մեկը մայրս է, մյուսը՝ ընկերուհիներիցս մեկը, ում հետ կիսվում եմ ցանկացած թեմայով, ասում է ինչ անեմ, ինչպես անեմ, որովհետև ինձնից մեծ է և ավելի շատ կենսափորձ ունի, ու դա ինձ շատ է օգնում ավելի առաջ գնալ, աճել և այլն։

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր վախենում են ապրել ստանդարտներից դուրս, ու լինել տարբերվող:

-Խորհուրդ կտամ, որ այն ամենից, ինչից վախենում են, հենց դա էլ անեն. փորձը ցույց է տալիս, որ մեր վախերից այն կողմ է գտնվում այն, ինչը մենք իրականում ուզում ենք, մեր վախերն են, որ մեզ ստիպում են կյանքի նոր փորձ ձեռք բերել, աճել։ Ես ինքս այդկերպ եմ վարվում, երբ որևէ բանից վախենում եմ, հենց դա եմ անում, որովհետև մեկ է, պտտվելու ու հետ է գալու ինձ, ու ես առերեսվելու եմ դրա հետ: Հետո ես գիտեմ, որ այդ վախը հաղթահարելով, ես կաճեմ, ու նոր մակարդակի կհասնեմ։ 

Հարցազրույցը՝ Մերի Սողոյանի

2-րդ կուրս

Կիսվել