Կայացավ Աշոտ Առաքելյանի 75 ամյակին նվիրված ցուցահանդեսը

Կայացավ Աշոտ Առաքելյանի 75 ամյակին նվիրված ցուցահանդեսը

179

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՆՄ անդամ, գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի 75 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

 Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, դիվանագետներ, լրագրողներ, արվեստով հետաքրքրված երիտասարդներ: Բացման արարողության ժամանակ ՀՆՄ-ի նախագահ Սուրեն Սաֆարյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով և Աշոտ Առաքելյանին հանձնեց հավաստագիր:

«Այս օրերին շատ կարևոր է, որ մենք՝ արվեստագետներս, ուժ գտնենք մեր մեջ և տարբեր մշակութային միջոցառումներ ձեռնարկենք: Աշոտ Առաքելյանը, ապրելով արտերկրում, ոչ մի վայրկյան չի խզել կապը  հայրենիքի հետ, ապրել և ստեղծագործել է հանուն Հայաստանի»,- ասաց Սուրեն Սաֆարյանը:

Նկարիչը հանրությանն էր ներկայացրել բնանկարներ, նատյուրմորդներ, ծաղկանկարներ, քաղաքային տեսարաններ:

Աշոտ Առաքելյանը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի և Չեխիայի նկարիչների միությունների  անդամ է:

Գեղանկարչին իր ուղերձն էր հղել Չեխիայի ակադեմիական նկարիչ Յոզեֆ Մաթիաս Մինարիկը:

«Աշոտ Առաքելյանը մշտապես ներկայացնում է իրական աշխարհից տարբերվող տեսարաններ: Նա ուրախություն է փոխանցում  նկարչի մասնագիտությանը, իր ընկերներին: Ես ևս այդ ուրախությունը վայելողների շարքում եմ»,- ուղերձում ընդգծել էր  Յոզեֆ Մաթիաս Մինարիկը:

Գեղանկարիչ լինելուց զատ Աշոտ Առաքելյանը նաև Չեխիայի «Denik» օրաթերթի քաղաքական մեկնաբան և լրագրող է:

«Հիմնականում զբաղվում եմ միջազգային հարցերի վերլուծությամբ, անդրադառնում եմ  նաև Հայաստանին: Հանդես եմ գալիս Հայաստանի քաղաքական հարցերի շուրջ՝  Եվրոպայի երբեմնի ոչ ճիշտ դիրքորոշման դեմ»,-ասաց  Աշոտ Առաքելյանը:

Նա հավելեց, որ այս ցուցահանդեսն իր կյանքի նշանակալի երևույթներից է:

«Գերմանացի մի փիլիսոփա ասել է, որ աշխարհի ամենագեղեցիկ բառը շնորհակալությունն է: Եվ ասօր ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ներկա գտնվողներիդ, իմ հայ ժողովրդին»,- նշեց Աշոտ Առաքելյանը:

Բացման արարողությունից հետո ներկաները նախասրահից շտապեցին դեպի Մարտիրոս Սարյանի ցուցասրահ՝ դիտելու գեղանկարչի աշխատանքները: Նրանք զրուցում էին, շնորհավորում  նկարչին և լուսանակարվում  նկարչի հետ:

Էլեն Խուդոյան

2-րդ կուրս

Կիսվել