Մասնագիտական գրականության պակասը համալսարաններում։ Խնդրի լուծման ուղիներից

Մասնագիտական գրականության պակասը համալսարաններում։ Խնդրի լուծման ուղիներից

479

Համալսարաններում առկա խնդիրների շարքում առանցքայիններից է մասնագիտական գրականության պակասը։ Կան որոշ գրքեր, սակայն դրանք, այսպես ասած, «սովետի թվի» են և աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը կամ էլ հրատարակված են օտար լեզուներով։ Այս հանգամանքը նաև հակասում է Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքի երկրորդ հոդվածին։ Այնտեղ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է։   

Գերազանցապես անգլերեն կամ ռուսերեն մասնագիտական գրականությունը կրկնակի դժվարություն է առաջացնում ուսանողների համար․ նրանք  ստիպված են լինում հավելյալ աշխատանք կատարել նյութը թարգմանելու, մշակելու ու սովորելու համար։ Մեծ թիվ են կազմում նաև այն ուսանողները, որոնք չեն տիրապետում օտար լեզվին, չեն կարողանում հասկանալ օտարալեզու գրականությունը և ըստ այդմ էլ, ամենայն հավանականությամբ, չեն կարող դառնալ իրենց ոլորտի գերազանց մասնագետներ։ Կարևոր է նշել նաև, որ այս ամենը կարող է դառնալ նաև այլ խնդրիների պատճառ՝ սկսած լեզվամտածողության «խանգարումներից» մինչև մասնագիտությունների և մայրենի լեզվի անկում։ Բնագիտական առարկաների դեպքում այսօր թերևս ավելի նկատելի է՝ ինչպես ուսանողները, հաճախ կիրառելով օտարաբանություններ և հիմնավորելով դա նրանով, որ մասնագիտական բառապաշար են գործածում, մոռանում են իրենց մայրենի լեզուն։ Սա կարելի է ապացուցել՝ ուշադրությունը սևեռելով համալսարանականների բառապաշարի վրա։ Մասնագիտական եզրույթները նրանք հնչեցում են օտար լեզվով՝ չնայած հայերենում դրանց համարժեքերի առկայությանը։ Այս ամենի մասին են փաստում մեր կողմից իրականացված հարցմանը մասնակցած բազմաթիվ ուսանողներ։ Նրանցից շատերն իրենց համալսարաններում փորձել են անդրադառնալ այս խնդրին, մտահոգություններ հայտնել իրենց ղեկավարությանը։ Սակայն փաստացի խնդիրը դեռ լուծված չէ, որովհետև միայն բողոքելով, այսպես ասած, բան դուրս չի գա։

Իսկ ի՞նչ կարելի է անել։

Ինչպե՞ս մշակել մեխանիզմներ, որոնք քիչ թե շատ կկարողանան լուծել այս խնդիրը։ Նման մեխանիզմների մշակման և գործադրման համար թերևս պետք է ոչ միայն համապատասխան մարմինների աջակցությունը, այլև ուսանողների հետաքրքրվածությունը և մասնակցությունը։

Քանի որ համալսարանները չունեն թարգմանիչներ վարձելու հնարավորություն, ուսանողները կարող են իրենց աջակցությունը ցույց տալ մասնագիտական գրքերը թարգմանելու գործում։ Այսպես, համալսարանը ներկայացնում է համապատասխան գրականության ցանկ, որը պետք է թարգմանվի։ Կազմվում են ուսանողական խմբեր, որոնք ձեռնամուխ են լինում այդ գործընթացին։ Գրքի որակը ապահովելու համար նրանց տրամադրվում են մենթորներ և խմբագիրներ։ Որպեսզի աշխատանքը չխանգարի ուսանողների դասապատրաստմանը, գուցե կարելի է թարգմանությունները դարձնել ստուգարքների, քննությունների մի մասը կամ էլ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել մրցույթ։ Ծրագրի շրջանակում բոլոր համալսարաններին աշխատանքի մղելու համար կարելի է կազմակերպել ուսանողական-համալսարանական պետական մրցույթներ, որտեղ որակյալ թարգմանությամբ հանդես եկած ուսանողները և համալսարանները կպարգևատրվեն։ Այս եղանակով տարեցտարի կավելանա հայերեն թարգմանված մասնագիտական գրքերի քանակը, և քիչ թե շատ կլուծվի վերը առաջադրված խնդիրը։

Լուծման իրատեսականությունը պարզելու համար հարցումներ անցկացրի տարբեր համալսարանների ուսանողների շրջանում։ Նրանցից շատերին հետաքրքրեց առաջարկը, մանավանդ երբ խոսեցինք թարգմանություններն ընթացիկ քննության մաս դարձնելու մասին։ Սակայն դասախոսները նշեցին, որ այս ճանապարհով իրենց հանձնարարած նյութերը ուսանողները կարող են աչքաթող անել և լավ չսովորել։ Նրանք նշեցին նաև, որ համալսարանում ոչ բոլորն են պատրաստ մասնագիտական գրականություն թարգմանելուն։

Այնուամենայնիվ, ուսանողները կոնկրետ  քայլերի են սպասում։  Դրանք, թերևս, անհնար չեն։

Սաթենիկ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել