Նեմրութը, Շուշիում գինեձոնված վերջին գիրքն ու վերադարձի միտքը

Նեմրութը, Շուշիում գինեձոնված վերջին գիրքն ու վերադարձի միտքը

363

2020 թվականի պատերազմից հետո ժամանակակից գրող Սերգեյ Սաֆարյանը՝ Նեմրութը, դուրս չեկավ Արցախից և դուրս չէր գալու, եթե չլիներ բռնի տեղահանումը։   Ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից, ասում ՝ արցախցի է՝ առանց վերապահումների։ Մասնագիտությամբ բանասեր է, ստեղծագործում է 9 տարեկանից և կարծում է, որ գրականության ու բանասիրության կապը  մասնակի է․ 

«Ինձ համար բանասիրությունն ու  գրականությունը մասնակի կապ ունեն իրար հետ, եթե չասեմ հեռավոր։ Գրականությունն արտադրանք է բառի հոգևոր, գաղափարական առումով, իսկ բանասիրությունն այդ արտադրանքի իրացման եղանակն է։ Այս երկուսի փոխկապակցվածությունը մեկն է` նյութ-մատուցում։ Գրողը տալիս է նյութը, բանասերն այն մատուցում է»։   

Լուսանկարը՝ Գրական թերթից                                                                                                                                              

5 տարի եղել է Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի փոխտնօրենը։ Վերջին 3 տարիներին ղեկավարել է, ինչպես ինքն է ասում, «սփյուռքյան առաջատար մեդիակառույցի» Արցախի մասնաճյուղը։ Զուգահեռ խմբագիր է աշխատել նաև «Ազատ Արցախ» հանրապետական թերթում, որն Արցախի խորհրդարանիշ է անվանում։ Արցախի գրողների միության անդամ է, և ըստ նրա՝ դա պարտավորեցնող է։ Պատմում է 2020 թվականին լույս տեսած իր բանաստեղծությունների ժողովածուի՝  «Ինքնության դաշտի» մասին․ «Ինքնության դաշտը» հայոց բերդաքաղաք Շուշիում գինեձոնված վերջին գիրքն է։ Շնորհանդեսից 10 օր հետո սկսվեց Արցախյան 44-օրյա  պատերազմը։ Թե ինչու «Ինքնության դաշտ», բացատրությունը շատ պարզ է․ այնտեղ ես եմ, իմ ինքնությունը»։

Նեմրութին պատերազմական շրջանը խանգարել է․ ասում է՝ եթե շրջափակումն ու 2023 թվականի պատերազմը չլինեին, ընթերցողի սեղանին կլիներ իր 4-րդ գիրքը․ «Այն արդեն պատրաստ է, բայց ներկա պահին հրատարակելու սիրտ չկա»։

Պատերազմից հետո ընտանիք է կազմել հենց Արցախում։ Ծննդավայրը լքելու միտք երբեք չի ունեցել։ Ասում է՝ դժվարին ժամանակներում մտավորականների՝ Արցախում լինելը մեծ առաքելություն էր։

Այն հարցին, թե ծննդավայրից հեռու կյանքի նոր շրջան սկսելը հե՞շտ է, պատասխանեց՝ ոչ․ «Հեշտ լինելու մասին խոսք լինել չի կարող։ Ես Արցախից դուրս գալիս ինձ թողել եմ այնտեղ։ Հանճարեղ Սոս Սարգսյանը լավ է ասել, որ սոսկալի բան է, երբ մարմինդ այլ տեղ է, հոգիդ ու միտքդ՝ այլ։ Հիմա ես եմ»։    Նեմրութի համար Արցախը մարդիկ են․ «Ոչինչ չի փոխարինի կորցրածին։ Հայրենիքի ցանկացած հատվածի կորուստ չփոխարինվող է»։     

Նա գտել է ապրելու տարբերակը՝ վերադարձի համար պայքարելը։ Ասում է՝ ինքնամաքրման կարիք ունի ցանկացած հայ մարդ․ հայրենիքի առաջ պետք է ամեն օր հաշվետու լինել, որ վաղը կորցրածի վերադարձ լինի։  

… տաք

հագնվիր

երկիր իմ,

դատարկ

տան մեջ

չմրսես

հանկարծ։

Մենք

գալու ենք

մի օր,

որովհետև

չենք էլ

հեռացել։

ՆԵՄՐՈՒԹ 

Գայա Ասոյան

2-րդ կուրս                                                                                                                                                                                                                                                                                                   

Կիսվել