Armenpress-ի ժամանակի մեքենան. Ֆելիքս Առուստամյան

Armenpress-ի ժամանակի մեքենան. Ֆելիքս Առուստամյան

801

Վաստակավոր լրագրող Ֆելիքս Առուստամյանը Armenpress-ում է արդեն երեսունմեկ տարի։ Հիսուներկու տարի զբաղվել է ֆոտոլրագրությամբ։ Հիմա Armenpress-ի արխիվի պատասխանատուն է, ով բոլորից լավ է ճանաչում արխիվը։

«Ինստիտուտն ավարտելուց հետո միայն երկու տարի աշխատեցի կապի ոլորտում, որ դիպլոմս ստանամ։ Կարգն այդպիսին էր։ Դիպլոմս վերցրի ու միանգամից գնացի թերթում աշխատելու»,- պատմում է լրագրողը։

Նրա առաջին լուսանկարը տպվել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»-ում՝ 1969 թ.-ի մայիսի 12-ին։ Թիվն անգիր հիշում է, իսկ թերթը՝ պահպանում մինչև հիմա՝ չնայած դեղնելուն: «Երբ կանչեցին ֆիզկուլտուրնիկ, ես դեռ երեխա էի։ Ասացին՝ գնա սպորտային նկար բեր։ Բերեցի»։

Ֆոտոլրագրողներին խորհուրդ է տալիս նկարել ցանկացած յուրահատուկ տեսարան։ Հնարավոր է այդ պահին պետք չգա, բայց մի օր այն իր մասին կհիշեցնի։

«Գետնին ընկած, տրորված մեխակ էի նկարում, երբ մի անցորդ հարցրեց՝ ինչու՞ եմ նկարում։ Պատասխանեցի, որ այն կարելի է հետաքրքիր մակագրել։ Նույն մարդը մոտ մեկ տարի հետո կրկին հայտնվեց իմ ճանապարհին, երբ քայլում էի ձյան միջով, որ ծառ նկարեի, բայց այնպես, որ առաջին պլանում իմ քայլերը լինեին։ Կրկին հետաքրքրվում է՝ ինչու եմ այդպես նկարում։ Այդ անցորդը «Սովետական դպրոց» թերթի խմբագիրն էր, ով առաջարկում է ինձ իրենց մոտ աշխատել, բայց ես այդ ժամանակ արդեն «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»-ում էի»,- ասում է Ֆելիքս Առուստամյանը։

Երիտասարդ ժամանակ ամաչում էին նույնիսկ Armenpress-ի փողոցով անցնել, որովհետև գիտեին՝ այնտեղ ինչպիսի պրոֆեսիոնալներ էին աշխատում։ Բայց երբ իմանում է, որ այնտեղ ազատ հաստիք կա, դիմում է։ Սպորտ նկարելը դառնում է այն առավելությունը, որի շնորհիվ Առուստամյանը միանում է Armenpress-ի թիմին։

2002թ-ից՝ 21 տարի, եղել է ֆոտոխրոնիկայի բաժնի խմբագիրը։ Դրան զուգահեռ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական լուսանկարիչը։

«Եգիպտոսում էինք՝ նախագահի հետ հանդիպման։ Վարչապետն արդեն կանգնած սպասում էր Եգիպտոսի նախագահի ներս գալուն։ Տեսա, որ փողկապը թեքվել է։ Վերջին վայրկյանին չդիմացա, մոտեցա, ասացի՝ «կներեք, պարո՛ն վարչապետ, պիտի ուղղեմ»։ Մի անգամ նույն կերպ հասցրինք քուղերը կապել։ Ասաց՝ «Ֆելի՛քս, դու ամեն ինչ տեսնու՞մ ես»: Պատասխանեցի՝ «այո՛, լուսանկարիչներն ամեն ինչ տեսնում են»,- պատմում է Ֆելիքս Առուստամյանը։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը

Լուսանկարը՝ Ֆելիքս Առուստամյանի

Armenpress-ի «արխիվավարը»

«Ֆելիքսը լավագույնս տիրապետում է արխիվին։ Կարող է մեզ տանել ցանկացած ժամանակահատված, և պատմել դրա մասին»,- ասում է գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։

Նրա հետ մտնում ենք արխիվ և տեսնում չորս արկղերով Երևանի նկարներ՝ քսանական թվականներից սկսած, «Հայֆիլմ»-ի ֆիլմարտադրության ընթացքից լուսանկարներ, երեք արկղ սպորտից, մեծերի դիմանկարներ, հուշարձաններ, պատմական իրադարձությունների և մի շարք այլ լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրի մասին Ֆելիքս Առուստամյանը պատմելու բան ունի։ 1620 սպորտային լուսանկար էլ իր անձնական արխիվից է նվիրել Armenpress-ին։ Հպարտությամբ ընդգծում է, որ Armenpress-ը միայն թվայնացված 2,836,374 լուսանկար ունի։ Դրանցից շատերը եզակի են։

Զրույցի ընթացքում հիշում է Ծովակալ Իսակովի հուղարկավորությունից մի նկար՝ կողքին Մարշալ Բաղրամյանը՝ ձեռքը Իսակովի ճակատին դրած, և հազարավոր նկարներից շատ արագ գտնում այն։

Մարշալ Բաղրամյանը

Լուսանկարը՝ հեղինակային

Արխիվում ամեն նկար հատուկ տեղ ունի։ Նկարները խիստ կանոնակարգված են։ Առուստամյանը բացում է արկղերից մեկն ու դժգոհում, որ մի քանի նկար տվել  է պատճենելու, բայց բերել, շրջած են շարել: Նկարների մեկնաբանությունը պետք է ներքևի մասում լինի, որ այն կարդալու համար նաև մարդկանց դեմքերը տեսնեն և ճանաչեն։

Քարացած ակնթարթները՝ կադրերում

Ցույց տալով անձնական արխիվը՝ Ֆելիքս Առուստամյանն ասում է, որ եթե իր նկարներից մեկն էլ չլիներ, կտխրեր։

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին շքերթից

Լուսանկարը՝ Ֆելիքս Առուստամյանի

Ամեն պահը տևում է մի վայրկյան։ Միայն վարպետությունն է հնարավորություն տալիս ճիշտ վայրկյանին սեղմել կոճակը։ Ցույց է տալիս լուսանկար Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին շքերթից։ Պատերազմի երկու մասնակիցներ են իրար գրկախառնված. «Ես տեսա, որ վազում են դեպի իրար, ես էլ վազեցի ու նկարեցի։ Այս նկարը Reuters-ն էլ է օգտագործել»։

Ցույց է տալիս նախարար Հրանուշ Հակոբյանի՝ հրաձգարանում առաջին դիպուկ հարվածից հետո արված նկարը. «Ուրախացած թեքվեց ու բռունցքը բարձրացրեց, շատ կարճ պահ էր, բայց հասցրի նկարել։ Հետո նկարը տպեցի հանձնեցի նրան։ Բոլոր նախարարներին ցույց էր տալիս»։

Հրանուշ Հակոբյանը

Լուսանկարը՝ Ֆելիքս Առուստամյանի

Պահերը վայրկյանական անմահացնելու առումով հատկապես բարդ է սպորտ նկարելը։

«Բարդ, բայց շատ հետաքրքիր։ Օրինակ՝ ջրացատկում տասը մետր բարձրությունից պտույտներով ցատկի ընթացքում միայն մեկ վայրկյան ձեռքերն ու ոտքերը կպչում են իրար։ Պետք է հենց այդ պահը նկարել։ Այդ պատճառով ես տարվեցի սպորտով, երբ միայն երկու հոգի էր սպորտ նկարում»,- ասում է նա:

Ֆոտոլրագրողն ընդգծում է, որ հատկապես բարդ է արտերկրում նկարելը։ Թաիլանդում մի աղջկա պատճառով ընկել է։ Հետո պարզվել է՝ Թաիլանդի վարչապետի անձնական լուսանկարիչն է։

«Մեր լրագրողներին միշտ ասել եմ՝ գան ֆոտոլրագրություն սովորեն։ Չեն սովորում. գիտեն, որ «ֆոտո» բաժին ունենք, իրենց նկարների համար նկարներ արվում են։ Հետո այլ տեղերում են աշխատում, դառնում են մամուլի քարտուղար, զանգում են՝ «Ֆելիքս ձյաձյա, նկար ուղարկիր»:

«Ակցիային զուգահեռ աշխատակիցը շարունակում է դնել Ամանորի լույսերը»

Լուսանկարը՝ Ֆելիքս Առուստամյանի

Նոր ֆոտոլրագրողներ պատրաստելու համար ֆոտոդպրոց ունեն, հենց ինքն էլ դասավանդում է: «Ուզում եմ ամեն ինչ բացատրել, կիսատ ոչինչ չթողնել և շատ էներգիա եմ ծախսում։ Հիմա պատրաստում եմ լաբորատորիա, որտեղ կարողանալու ենք սև ու սպիտակ նկարներ տպել։ Ուզում եմ ֆոտոդպրոցի երեխաներին ցույց տալ, թե ինչպես են տարիներ առաջ աշխատել»։

Հետո ցույց է տալիս իր ուսանողների աշխատանքները, որոնցից մեկն, օրինակ, արդեն կանաչապատման վարչությունում է աշխատում։

Ինքն էլ մինչև հիմա սովորում է, որովհետև ոլորտն անընդհատ զարգացող է։ Կարծում է՝ լավ նկարելու համար սովորելուց բացի պետք է կարողանալ մտածել։

«Երբեմն այնպիսի կադրեր են լինում, որ ինքս էլ զարմանում եմ՝ անկախ տարիների փորձից»։

Հայկուհի Ղուլյան

3-րդ կուրս

Կիսվել