Մասնագիտական հմտություններ զարգացնելու ճանապարհին

Մասնագիտական հմտություններ զարգացնելու ճանապարհին

514

Արդեն մեկ տարի է՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրություն» բակալավրի կրթական ծրագրի շրջանակում գործում է նոր դասընթաց՝ «Պրակտիկում», որի ներմուծման անհրաժեշտության, նպատակի, մեկնարկի և հեռանկարների մասին զրուցեցինք կրթական ծրագրի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մենեմշյանի հետ:

-Հարգելի՛ տիկին  Մենեմշյան, խնդրում եմ՝ նախ ներկայացնեք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս որոշվեց  ներմուծել «Պրակտիկում» դասընթացը: Ի՞նչ առանձնահատկություն ունի այն:

-«Պրակտիկում» դասընթացն ունի գործնական բնույթ: Այն  անցկացվում է Հայաստանի առաջատար լրատվամիջոցներում և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին թույլ է տալիս շաբաթական մեկ անգամ գրեթե կես աշխատանքային օր լինելու խմբագրություններում, մասնակցելու խմբագրության աշխատանքներին, ներկա լինելու լուսաբանվող միջոցառումներին, գնալու նկարահանումների, ականատես լինելու նյութերի պատրաստման ընթացքին, պատրաստելու նյութեր:  Սա փայլուն հնարավորություն է պրակտիկորեն կիրառելու համալսարանի պատերի ներսում ստացած տեսական և գործնական գիտելիքները, այսպես ասած՝ սովորելու՝ աշխատելով: Դասընթացի ներմուծումը կրթական ծրագիր բխում է նաև ԵՊՀ ռազմավարությունից. աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի հայեցակարգի ներդնումը ԵՊՀ 2021-2026 զարգացման ռազմավարական ծրագրի գործողություններից է:

-Ո՞րն է դասընթացի հիմնական նպատակը, ի՞նչ խնդիրների լուծմանը պետք է նպաստի այն:

-Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողին աշխատանքային պայմաններում դնելը և ստիպելը, որ գործեն լրագրողական դաշտի կանոններին համապատասխան, որ կարողանան կողմնորոշվել միջոցառումների ժամանակ, նյութեր պատրաստել կարճ ժամկետներում: Սա նաև թույլ է տալիս ապագա լրագրողներին ճանաչելու հայաստանյան լրագրողական դաշտը, այստեղ գործող գրված և չգրված կանոնները, ճանաչելու իրենց ապագա գործընկերներին, հետևելու նրանց վարքին միջոցառումների ժամանակ, հարցազրույցներ վարելիս և աշխատավայրում, գործնականում աշխատելու տեղեկատվության աղբյուրների հետ, իմանալու դրանցից յուրաքանչյուրի հետ աշխատանքի՝ մեր դաշտին բնորոշ յուրահատկությունները, մի խոսքով՝ ձեռք բերելու պրակտիկ հմտություններ, որոնք հետագայում իրենց մեծապես օգնելու են վարժ և արդյունավետ գործունեություն ծավալաել հայաստանյան լրատվադաշտում: Այս ամենի տեսական և գործնական հիմքերը, իհարկե, տրվում են լսարանում, բայց դաշտի շունչը զգալը կարևոր է լավ մասնագետ դառնալու համար:

-Ի՞նչ  ծավալի ծանրաբեռնվածություն՝ քանի՞ կիսամյակ, քանի՞ ժամ  է սահմանված դասընթացի իրականացման համար:

-Դասընթացն իրականացվում է 3 կիսամյակների ընթացքում՝ սկսած 5-րդից՝ «Պրակտիկում-1», «Պրակտիկում-2» և «Պրակտիկում-3»: Կրեդիտատարությունը 6 է, ժամաքանակը՝ 60 ժամ յուրաքանչյուր կիսամյակում: Ընդ որում, պրակտիկ հմտությունների ձեռքբերման իմաստով «Լրագրություն» կրթական ծրագրում առկա է որոշակի տրամաբանական հաջորդականություն: Առաջին և երկրորդ կիսամյակներում ուսանողները ստանում են տեսական և գործնական գիտելիքներ, ուսումնասիրում են ժուռնալիստիկայի տեսությանն ու պատմությանն առնչվող հարցեր, յուրացնում են տեսաձայնագրման և մոնտաժի, ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի հիմունքները, ծանոթանում են լրագրողական էթիկային, օրենսդրությանը և այլ մասնագիտական հարցերի: Արդեն 3-րդ և 4-րդ կիսամյակներում անցնում են «Ժուռնալիստի վարպետություն» առարկան, որտեղ գործնականում կիրառում են ստացած գիտելիքները: 5-րդ, 6-րդ և 7-րդ կիսամյակում դուրս են գալիս լրատվամիջոցներ և ավելի զարգացնում հմտությունները «Պրակտիկումի» շրջանակներում և, ի վերջո, 8-րդ կիսամյակում, անցնում են 6-շաբաթյա պրակտիկա լրատվամիջոցներից որևէ մեկում՝ ըստ իրենց հետաքրքրությունների կամ ավարտական աշխատանքի թեմայի: Իհարկե պրակտիկ հմտություններ զարգացնող այս դասընթացներին զուգահեռ ուսանողները ստանում են նաև մասնագիտությանն առնչվող հիմնարար գիտելիքներ և կարողություններ մեդիաազդեցության տեխնիկաներին, մեդիահոգեբանությանը, թվային լրագրությանը, մեդիամենեջմենթին, ԶԼՄ մոնետիզացմանը, նեղ մասնագիտական մի շարք այլ թեմաների առնչվող դասընթացների շնորհիվ՝ հետաքննական, մարզական, դատաիրավական, գիտատեխնոլոգիական, ֆոտոլրագրություն, մեկնաբանի աշխատանք, հարցազրույցի տեխնոլոգիա, սթորիթելլինգ, մեդիաքննադատություն և այլն:

-Խնդրում եմ՝ պատմեք նաև  լրատվամիջոցների հետ կապի, համագործակցության մասին: Ինչպե՞ս է այն իրականացվում, կա՞ն դժվարություններ:

-Ֆակուլտետը լրատվամիջոցների հետ մշտապես ակտիվ համագործակցում է, որոշների հետ ունենք համագործակցության հուշագրեր, շատ լրատվամիջոցների առաջատար լրագրողներն ու խմբագիրները մեր դասախոսներն են: «Պրակտիկումի» շրջանակում լրատվամիջոցներից առանձնացվում են մենթորներ, որոնք ֆակուլտետի ներկայացուցչի հետ համակարգում են գործընթացը: Այդուհանդերձ, լինում են նաև դժվարություններ աշխատանքների համակարգման, ուսանողների գնահատման առումներով: Սակայն դրանք սովորաբար արագ և արդյունավետ լուծումներ են ստանում: 

-Մեկ ուսումնական տարվա արդյունքով կարո՞ղ եք որոշակի գնահատական տալ դասընթացի արդյունավետությանը:

-«Պրակտիկումի» արդյունավետության գնահատման իմաստով կարևոր է, որ լրատվամիջոցներից որոշները, ի դեմս մեր ուսանողներից մի քանիսի գտան իրենց աշխատակիցներին: Այսինքն կարող ենք առնվազն ասել, որ դասընթացն օգնում է ուսանողներին փորձելու իրենց ուժերը աշխատաշուկայում և անգամ գտնելու աշխատանք: Թերևս արյունավետության ցուցիչ կարելի է համարել նաև այն, որ դասընթացն ավարտած ուսանողները կարծես ավելի հեշտ կողմնորոշվեցին ավարտական թեմաների ընտրության հարցում: Արդյունավետության ավելի լուրջ գնահատման համար թերևս պետք են ավելի խորքային համեմատական վերլուծություններ, որոնք այս պահին արված չեն:

-Իսկ ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում ուսանողների համար դասընթացի շնորհիվ. ի՞նչ արդյունքներ կարող են գրանցել մասնագիտության մեջ հմտանալու առումով:

-Դասընթացը հենց միտված է մասնագիտական հմտություններ զարգացնելուն և իր գործառույթը միանշանակ կկատարի: Ապագա լրագրողը չի կարող իր գործունեության դաշտից հեռու լինել ուսումնառության ընթացքում: Լրագրողի համար համալսարանական պատերի ներքո ստացած տեսական ու գործնական կրթությունից զատ կարևոր են մասնագիտական շփումները: Դրանք կտան ապագա լրագրողին դաշտի ճանաչելիություն գործնական մակարդակում,  կապեր, հմտություններ, փորձառություն, հենց իր կարողություններին հարմար լրատվամիջոցի ընտրության հնարավորություն՝ իբրև աշխատավայր և այլն:

-Շնորհակալություն:

Հարցազրույցը` Ռուբինա Բրուտյանի

4-րդ կուրս

Կիսվել