ԵՊՀ-ի աջակցությունը Արցախից տեղահանվածներին

ԵՊՀ-ի աջակցությունը Արցախից տեղահանվածներին

397

Արցախից բռնի տեղահանված հայերը տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, բայց առաջնային խնդիրը նրանց երկարաժամկետ կեցության ապահովումն է: Սա է լինելու այն առանջնային պայմանը, որ կապահովի նրանց մշտական բնակությունը Հայաստանում: Մասնագետները պնդում են, որ ժողովրդական ճգնաժամ ապրող Հայաստանի համար սա հնարավորության պատուհան է, որից պետք է օգտվել: Այդ ճանապարհին պետության, տարբեր կազմակերպությունների ու անհատների աջակցությանը զուգահեռ՝ երկարաժամկետ ծրագրերի իրականացման կարիքը կա: Խոսքն այնպիսի ծրագրերի մասին է, որոնք կնպաստեն արցախցիների ինտեգրմանը, զբաղվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և այլն:

Արարատի մարզի Բերդիկ համայնքում, օրինակ, գյուղի գյուղապետարանում այժմ կացարան է գտնել մոտ 50 անձ, ովքեր փորձում են հարմարվել եղած պայմաններին՝ մինչև որ կկարողանան հիմնական բնակության վայր գտնել։ Կացարանում բնակվում են ծերեր, երեխաներ, տղաներ և աղջիկներ. բնակիչների խոսքով իրենց ուժն այս միասնության և երեխաների անհոգության մեջ է։

«‎Հայաստան հասնելուն պես Գորիսում գրանցեցին, ամենքին տարբեր ուղղություններով էին ուղարկում, այդ օրը Սիսիանում գիշերեցինք, իսկ հաջորդ օրը եկանք Արտաշատ։ Սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Բերդիկ գյուղի գյուղապետարանում ենք, այդքան էլ երևակայելի պայմաններ չկան, բայց այն մարդկային արժեքները, որոնք մեր հանդեպ տածել են, մեզ հույս է տալիս»‎,- ասաց կացարանում բնակվող Գայանե Խաչատրյանը։

Մինչ կեցության և երկարաժամկետ կարիքների ապահովման հարցը կլուծվի, տարբեր կազմակերպություններ են փորձում արագ արձագանքել առաջնային կարիքներին: Այս կազմակերպություններից մեկն էլ Երևանի պետական համալսարանն է:

Մայր բուհը՝ մոբիլիզացնելով իր բոլոր ուժերը, աշխատանքներ է նախաձեռնել երկու ուղղությամբ․ առաջնահերթ հավաքագրել են տարբեր առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք ըստ անհրաժեշտության բաշխվել են արցախցի ընտանիքներին: Մյուս ուղղությունը եղել է ուսանողական խմբերին հոգեբանական աջակցությունը՝ Բյուրականի և Ծաղկաձորի հանգստյան վայրերում, որտեղ տեղակայվել են 100-ից ավելի ընտանիքներ։

ԵՊՀ Իրավաբանական Կլինիկիայի տնօրեն Քնարիկ Վարդանյանի խոսքով իրավաբանական աջակցությունը սկզբնական փուլում հետին պլանում էր մղված, քանի որ առաջնային այլ կարիքներ կան: Այնուամենայնիվ, իրավաբանական օգնություն ևս տրամադրվել է:

«‎Իրավաբանական Կլինիկայում ընդգրկված են ուսանողներ, որոնք հարցազրույցի միջոցով ընդունվում են և կատարում կամավորական աշխատանքներ, իրենց տեսական գիտելիքները համալրում են գործնական գիտելիքներով՝ հանդիպելով իրական հաճախորդների և փորձելով նրանց խնդիրներին իրավական լուծումներ տալ: Խնդիրները հիմնականում կապված են եղել ծննդյան գրանցումները հաստատելու, վարկային գործընթացները հասկանալու և այլնի հետ։ Իրավական խնդիրների մեծ ծավալ այս պահին առկա չէ, որովհետև առաջնային դեռևս պահանջների բավարարում է իրականացվում»‎,- նշեց Քնարիկ Վարդանյանը։

Իրավաբանական աջակցությանը զուգահեռ՝ կիրառական հոգեբանության կենտրոնը՝ ասիստենտ Դավիթ Գևորգյանի անմիջական ղեկավարությամբ, կազմակերպել է նաև հոգեբանական աջակցություն։

«‎Կոռնիձորում իրականացրել ենք հոգեբանական աջակցություն: Այնուհետև աշխատանքները կատարվել են արդեն տեղերում՝ այն մարդկանց համար, որոնք ունեցել են հոսպիտալացման կարիք: Աջակցություն է տրամադրվել  այրվածքներով մարդկանց, ծանր վշտի մեջ գտնվող ունեցողներին, հղիներին կանանց և այլն։ Երրորդ խմբի աշխատանքները տեղի են ունենում հիմա է և այստեղ։ Մենք աշխատում ենք այն ընտանիքների հետ, որտեղ կա ընտանիքի անդամի կորուստ:  Սա  երկարատև աշխատանք  է պահանջում»‎,- նշեց հոգեբանության ֆակուլտետի դասախոս Դիանա Սարգսյանը։

Մեկ այլ կարևոր ուղղություն, որով կարող են աշխատել աջակցություն տրամադրողները, այս մարդկանց ներուժի գնահատումն է՝ ստեղծելով դրա իրականացման հնարավորություններ:

Որքան էլ, որ իրականությունից դժվար է, բայց Արցախից բռնի տեղահանվածները շարունակում են հավատալ, երազել և ապրել։ Գայանե Խաչատրյանը, որ ժամանակին երազել է սովորել ԵՊՀ-ում, բայց չի հաջողացրել, որոշել է հիմա գնալ իր երազանքի հետքերով:

«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն,ուզում եմ հավատալ այս խոսքերին: Դեռ դպրոցական տարիներից որոշել էի լրագրող դառնալ, բայց իմ ընդունվելու տարին Արցախի պետական համալսարանում փակվեց այն, իսկ ես ստիպված հարակից մեկ այլ բաժին ընդունվեցի: Հիմա՝ այս ամենը ապրելուց հետո, պետք է պայքարեմ իմ երազած կրթությունը ստանալու համար»,- ասում է Գայանե Խաչատրյանը։

Լաուրա Մանուկյան

3-րդ կուրս
Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել