Պատերազմի ժամանակագրություն՝ ըստ Միքայելի օրագրի

Պատերազմի ժամանակագրություն՝ ըստ Միքայելի օրագրի

849

Միքայելի օրագիրը պահպանել է պատերազմի ժամանակագրությունը։ Տեղ-տեղ առաջին դեմքը երրորդով փոխարինելով՝ պատմենք այդ ժամանակագրությունը։

17 սեպտեմբերի, զանգ ընկերոջից. «Սահմանին իրավիճակը լարված ա, հնարավոր ա՝ պատերազմ սկսվի»։

18 սեպտեմբերի, Ստեփանակերտից Մաղավուզ. «Տղերքի հետ ծանոթացանք ու պառկեցինք քնելու»։

19 սեպտեմբերի․ «Տեղանքին ծանոթացանք, 13։10 պատերազմը սկսվեց, առաջին օրը լավ կարողանում էինք հակահարված տալ թշնամուն, հետո նկատեցինք, որ թշնամին նոր տեխնիկա էր կիրառում՝ ՏՕՍ, էդ տեխնիկան որ ուղղությամբ կիրառեին, տեղից ողջ մարդ դուրս չէր գա։ Հրաման ստացանք, որ պետք ա տեխնիկան ոչնչացնենք, ու 2-րդ կրակոցից հաջողվեց։ Որոշ ժամանակ անցավ։ Զինամթերքի պակաս կար կռիվը շարունակերլու համար»։ 

Մարտերը շարունակվում էին ողջ օրը։ Կրակը դադարեց գիշերը՝ 03։20-ի սահմաններում. «Ամբողջ գիշեր սպասում էինք, որ դիվերսիա կգա, բայց չեկավ: Ժամը 5-ին կրակոցները սկսվեցին»։ 

20 սեպտեմբերի,  ընկերներից երկուսը զոհվել էին․ «Ընկերների դիերը դուրս բերելուց 20 րոպե անց պատերազմն ավարտվեց։ Հետո գնացինք անտառ։ նորից  սպասում էինք, որ պիտի դիվերսիա գա, սպասեցինք մինչև 13։00։ Կապվեցին մեզ հետ ու ասացին, որ պատերազմը ավարտվել ա, ու մեր կողմից սպիտակ դրոշ ա բարձրացվել, որը մեր համար աբսուրդ էր։ Շրջափակման մեջ էինք։ Մինչև ամսի 24-ը Մաղավուզ, Հաթերք, Մեծ Շեն գյուղերում ու անտառներում պտտվում էինք։ Կապ հաստատեցին ու ասացին, որ զենքերը վերցնենք իջնենք Հաթերք։ Զենքերը հավաքեցին, տվեցին թուրքերին»:

Ամեն անգամ զոհվելու մասին մտածելիս Միքայելը գրպանից հանում էր հեռախոսը, նայում քրոջ նորածին երեխայի նկարին և ասում. «Չզոհվեմ, որ էրեխուն մի անգամ էլ գրկեմ»։ 

25 սեպտեմբերի․ Հայրենինքը թողնելով թշնամու ձեռքում՝ Միքայելը հայրենակիցների հետ Ստեփանակերտից վերադարձավ Հայաստանի Հանրապետություն:

Միլենա Ավանեսյան

2-րդ կուրս

Կիսվել