«Կյանքիս մեծ մասը նվիրել եմ բժշկական գործին և երբեք չեմ ափսոսել դրա համար»,- այսպես է խոսում իր անցած ճանապարհի մասին Կապանի բժշկական կենտրոնի նվիրյալ բուժքույրը՝ Սիլվա Բարսեղյանը։
Տիկին Սիլվայի հետ խոսելիս դժվար է պատկերացնել, որ նման բարդ, փորձություններով լի ճանապարհ է անցել։ Նա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին և 2016 թ․ քառօրյային՝ մեկը որդու, իսկ մյուսն արդեն թոռան հետ։ Պատմում է, որ առաջին հիվանդությունը ձեռք է բերել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ մեկնել էր առաջնագիծ՝ վիրավորներին դուրս բերելու։ Ասում է՝ շատ բան է տեսել, բայց չի կարող և չի ցանկանում դրա մասին խոսել։
Հարազատները, ծանոթները, բուժառուները տիկին Սիլվայի մասին ջերմությամբ են խոսում․ «Կապանում շտղա ասիք սկորի Սիլվա, սաղա գիդալուն՝ հուվա»։ Պատմում են, թե քաղաքում մի ընտանիք չկա, որին օգնած չլինի․ միշտ ձգտել է արագ ու որակյալ օգնություն ցույց տալ իր բուժառուներին։ Ասում են՝ երբեք մեկին մի թթու խոսք չի ասել։ Իսկ տիկին Սիլվան համեստ է, շատ բան չի ասում։ «Իմ գործն է, էլի, արել եմ»,- հաճախ կարելի է լսել նրանից։
Մի երկու դրվագ պատմեց իր անցածից։ Ամենատպավորիչն այն էր, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հարվածել են իրենց տանը, տան կեսն ավերվել է, բայց ծիծաղով է հիշում այդ ամենը։ Ասում է՝ դժվարություններ բոլորի մոտ լինում են, նյութականը կվերականգնվի, կարևորը՝ մարդկային կորուստներ չլինեն։ 2017թ․-ին, վստահ լինելով, որ կատարել է իր կյանքի առաքելությունը, անցել է թոշակի։
Հիմա գյուղում է իր երկու տղաների հետ։ Զբաղվում է գյուղատնտեսությամբ, թոռների ու ծոռների հետ է շատ ժամանակ անցկացնում։ Բոլորը սիրում են Սիլվա տատիկին, հպարտանում, որ նման տատիկ ունեն, իսկ թոռներից մեկը որոշել է շարունակել տատիկի գործը և որպես բույժքույր աշխատում է մարզի պոլիկլինիկաներից մեկում։
Սիլվա Գրիգորյան
2-րդ կուրս