Ամիսներ առաջ Հայաստանում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 16-ամյա Դավիթ Սիմոնյանը չեմպիոն դարձավ։
Դավիթի հետ փոքրիկ զրույց ունեցանք, որի ընթացքում նա պատմեց իր կարիերայի սկզբի և նվաճումների մասին։
«11 տարեկանից սկսել եմ զբաղվել բռնցքամարտով։ Աստիճանաբար սերս մեծացավ մարզաձևի հանդեպ։ Առաջին լուրջ հաջողություններին հասա 2 տարի անց՝ դառնալով մանկապատանեկան առաջնության Հայաստանի չեմպիոն, ապա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաջորդ տարի կրկնեցի չեմպիոնությունը ու 5 անգամ իրար հետևից դարձա Հայաստանի չեմպիոն»,- ասում է Դավիթը։
Չեմպիոնությանը հասնելու ուղին, սակայն, հեշտ չէր։ Դավիթի խոսքով՝ ցանկացած մարզիկ անցնում է դժվար ճանապարհ ու միայն քրտնաջան, համառ աշխատանքի շնորհիվ է հասնում բարձունքների և ոսկու։
Բռնցքամարտիկն իր շարժիչ ուժն է համարում կատարած աշխատանքն ու մինչ այդ անցած ճանապարհը, իսկ չեմպիոն դառնալիս իր ունեցած զգացողությունների մասին ասում է․ «Զգացողություններս այդ պահին անբացատրելի էին ոչ միայն նրա համար, որ չեմպիոն էի դառնում, այլ նաև որովհետև առաջնությունը մեր երկրում էր, ու չափազանց հուզիչ էր սեփական երկրում հաղթանակ տանելն ու երկրիս պատիվը բարձր պահելը»։
Հարցին, թե ինչ է փոխել չեմպիոնի կոչումը իր կյանքում, պատասխանեց․ «Բնականաբար ճանաչում ու մեծ փորձ տվեց, որն ինձ համար շատ կարևոր էր։ Բացի այդ, առաջին հերթին ինքս ինձնից գոհ մնացի․ երկար տարիների աշխատանքս տվեց իր սպասված արդյունքները»։
Մելանյա Գրիգորյան
2-րդ կուրս