Ես էն բախտավորներից էի, ում պապան վերադարձավ

Ես էն բախտավորներից էի, ում պապան վերադարձավ

585

Երբ պատերազմը սկսվեց, հայրս դիրքերում էր։

Պատերազմը դեռ հեռու էր թվում մեզանից, էնտեղ՝ Արցախում, ու այնքան վստահ էի, որ մեկ-երկու օրից պիտի ավարտվի։

Երեք օր հետո պապայենց վաշտը իջավ դիրքերից։

Տուն եկա, տեսա, որ եկել է։ Հետո տեսա մամայի արցունքոտ աչքերն ու հասկացա, որ նորից գնալու է։ 

Արցախ պիտի գնային այս անգամ. իջել էին տանեցիներին տեսնելու ու պատրաստվելու։

Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Բոլորը հավաքվել էին մեր տանը. թվում էր՝ հրաժեշտ տալու։ Մարդկանց շարժն ու աղմուկը, անգամ կատակներն անտանելի էին այդ օրը։ Իսկ ես լուռ էի ինձ ոչ բնորոշ ձևով։ Ուշադիր զննում էի հորս ու փորձում էի հիշողությանս մեջ նրան հենց այդպես պահել։

Գնաց պապան, ու օրերը երկարեցին այդ պահից։ Ամեն անծանոթ համարի հետ սիրտս թրթռում էր, ու առաջին բանը, որ մտածում էի, ոչ թե որ հայրս էր զանգում, այլ… Ամաչում էի այս մտքերից, բայց ինձ տրամադրել էի ամենավատին ու ցավոք համակերպվել էի։ Իսկ վերջը դեռ չէր երևում։ 

Առաջին անգամ թղթին նամակ այդ ժամանակ գրեցի ու ուղարկեցի Հադրութ (արդեն երեք տարի է անցել, բայց մինչև հիմա չեմ հարցրել՝ նամակը հասել էր, թե չէ)։

Պատերազմն ավարտվեց. ես էլ այն բախտավորներից էի, ում պապան վերադարձավ։

Այդ ժամանակ մենք դեռ չգիտեինք էլ, որ հայրս անպայման պիտի հետ գար ոչ միայն իր երեք երեխաների համար. պապան պիտի գար, որ այսօր՝ երեք տարի անց, մեր ընտանիքում ևս մեկը լույս աշխարհ գար։

Մելանյա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել