Արցախցի Արմենի հավաքած վերջին պնդուկները

Արցախցի Արմենի հավաքած վերջին պնդուկները

1036

Սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմը չանցավ նաև Սարգսյանների՝ Ստեփանակերտում բնակվող ընտանիքի կողքով։ Դավիթն ու Հասմիկն ավագ որդու՝ Ռուդիկի հետ հիմա Արարատի մարզի Դարբնիկ գյուղում են։ Չկա միայն Արմենը՝ ընտանիքի կրտսերը։

16 տարեկան է Արմենը՝ հանգիստ, կատակասեր։ Մորաքրոջ աղջիկը՝ Քրիստինեն, ասում է՝ տարբեր Ֆիլմերից թևավոր խոսքեր է պրոյեկտում ընտանիքի անդամների վրա, զվարճանում ու զվարճացնում բոլորին։

Սովորում էր Ստեփանակերտի  «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։ ֆիզկուլտուրայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր։

Սպորտը նրա տարերքն է։ Փոքր տարիքից հաճախել է «Սանդա ուշու» սպորտաձևի, մասնակցել ԱՀ Ուշուի առաջնությանը, ՀՀ գավաթի խաղարկությանը  և այլ մրցույթների։ Ստացել է մեդալներ, մրցանակներ, պատվոգրեր։ Հաղթողի ոգի ունի։

 Մայրը՝ տիկին Հասմիկը, մտաբերում է սեպտեմբերյան կարճատև պատերազմի մղձավանջի օրերը։ Բառերն արտաբերում է դանդաղ, ինչ-որ տեղ ինքնաբերաբար՝ ասես ինքն իր հետ մտորելով․ «Մի քանի օր մնացինք ապաստարանում։ Հետո տուն գնացինք, սկսեցինք հավաքվել․ անհնար էր մնալ․․․ ժամ առաջ ճամփա ընկնել էր պետք։ Վերցրինք մեզ հետ ամենաանհրաժեշտը»։ Պատրաստվելու, երկար-բարակ մտածելու ժամանակ չկար։ Վերցրել են՝ ինչ այդ պահին հնարավոր է եղել։ Արմենն ինքն է հավաքել իր պայուսակը։

Ընդհանուր քաոսի մեջ ճամփա են ընկել սեպտեմբերի 25-ին։ Վառելիք չի եղել։ Ինչ-որ մեկից տեղեկացել են, որ Ասկերանի ճանապարհին բենզին կա։ Հայրը՝ Դավիթը, երկու որդիների հետ շտապել է չարաբաստիկ վառելիքի պահեստ։ Տիկին Հասմիկի ձայնը խեղդվում է կոկորդը սեղմող ցավից ու կուչ է գալիս․ չի ուզում հիշել․․․ 
Պայթյունը որոտացել է, երբ հերթը հասել էր նրանց, և հայրը փորձել էր մոտենալ՝ բենզինը վերցնելու։ Ուշքի գալուց հետո են հասկացել՝ Արմենը չկա։

Ու ժամանակը կանգ է առել այս ընտանիքի համար  անվերջանալի փնտրտուքներում։ 3 օր շարունակ Ստեփանակերտում փնտրել են հնարավոր ամեն տեղ։ Գնացել են ռուս խաղաղապահների մոտ, նայել բոլոր ցուցակները․․․  

«Երբ մեզ ասացին, որ բոլոր վիրավորներին ու մահացածներին տեղափոխում են Հայաստան, հասկացանք՝ այլևս իմաստ չկա էնտեղ փնտրելու։  Եկանք Հայաստան։ Բոլոր հիվանդանոցներն ու հիվանդներին անգիր ենք արել։ Արմենին չենք գտնում»,- եղբայրը՝ Ռուդիկն է պատմում՝ պինդ, եղբոր հանդեպ կարոտին միախառնված անորոշության որդը սրտում, բայց Մարտունի 2-ում 44-օրյա պատերազմի բովով անցած, վիրավորում ստացած  տղամարդուն, արցախցուն վայել հանգստությամբ։ Հայաստան գալիս, չնայած պատերազմից մնացած 2-րդ կարգի հաշմանդամություն ունենալուն, հոր հետ գնացել են բոլոր հիվանդանոցները։  Մի քանի անգամ նույնիսկ կանչել են դիակի ինքնությունը ճանաչելու։ Ամեն ճանաչմանը գնալիս դժոխքի միջով են անցել ու խանդավառվել են՝ ․․․Արմենը չէր․․․ հույս դեռ կա։ Ու սկսվել է նորից որոնման անողոք շրջապտույտը՝ հիվանդանոցներ, Կարմիր խաչ, նախարարություն․․․ անվերջ ու անվերջ։

Արմենի պայուսակը խնամքով դրված է պահարանում․ ոչ ոք այն բացելու քաջություն չի գտնում իր մեջ։ Տիկին Հասմիկը խնամքով վերցնում է այն ու դնում սեղանին․ «Թողել եմ մնա էնպես, ինչպես ինքը հավաքել-դրել է․․․»։ Չգիտեմ՝ դողացող ձեռքերով ինչու է որոշում բացել այն։ Պայուսակից դանդաղ, զգուշորեն, ասես մասունքի պես դուրս է բերում մանկական մի պիջակ։ «Իր առաջին դասարանի կոստյումի վրա է հավաքել ստացած բոլոր մեդալները։ Ես էլ գավաթն եմ փաթաթել հագուստների մեջ, բերել․․․»,- պատմում է մայրն ու խնամքով անկողնու ծածկոցին դնում փոքրիկ կոստյումը՝ Արմենի մեդալներով։ Մշուշոտ աչքերով նայում է դրանց ու հավանաբար հիշում, թե ինչպես էին հպարտանում Արմենի հաղթանակներով։

Մայրն այլևս ուժ չունի պրպտելու որդու պայուսակը։

Արմենի ընտանիքը հյուրընկալ Դարբնիկ գյուղում ապրում է հարազատ ևս երկու ընտանիքի հետ։ Մեկ տան մեջ՝ 11 հոգով․ իրար սփոփում են, իրար ուժ տալիս, իրար մեջ առաջ շարժվելու հենման կետ գտնում։

Հրաժեշտից առաջ տիկին Հասմիկը մի փոքրիկ տոպրակ պնդուկ մեկնեց․ «Խնդրում եմ, անպայման վերցրեք։ Մեր բակի պնդուկի ծառի էս տարվա պտուղն է։ Ամեն անգամ Արմենի վրա բարկանում էի, որ գոնե ծառի տակ թափվածը հավաքի։ Նրա ձեռքերով հատիկ-հատիկ հավաքված բերքն է։ Վերջին բերքը․․․»։ Տեղահանվելուց օրեր առաջ էր հավաքել։ Եվ ամեն ինչ Արցախում թողած ընտանիքը Արմենի հավաքած մի բուռ պնդուկն էր բերել իր հետ։ Գուցե այս մյուս հայրենի հողում արմատներ տալու, նոր պնդուկի ծառի ծիլը տալու համար։

Հ․Գ․ Այս անդրադարձն արդեն պատրաստ էր, երբ Քրիստիներից կարճ նամակ ստացա․ «Նույնականացումն ավարտվել է․․․»։ Արմենն այլևս չի գալու․․․ Նա մնաց Արցախում, Արցախի հետ․․․  

Ռուդիկը կհոգա, որ Արմենի պնդուկի ծառի պտուղը Հայաստանում նոր շիվ տա։   

Մարիամ Աբրահամյան

2-րդ կուրս

Կիսվել