21-րդ դարում գրող լինելն ավելի շատ մինուս է, քան պլյուս․ Աշոտ Ստեփանյան

21-րդ դարում գրող լինելն ավելի շատ մինուս է, քան պլյուս․ Աշոտ Ստեփանյան

397

Հարցազրույց երիտասարդ գրող և արձակագիր Աշոտ Ստեփանյանի հետ։

-Քո Ֆեյսբուքյան էջի՝ քո մասին պատմող հատվածում գրել ես «գրող ու ցավ», ինչու՞:

-Ժամանակակից գրողը ոնց որ այդքան էլ գրող չի։ Ժամանակակից գրողը հազար բան է անում։ Հաստատ ոչ մի ժամանակակից գրող միայն գրելով չի վաստակում։ Եթե քո սիրած գործով չես կարողանում վաստակել, մնացած գործերը, ինչ անում ես՝ դառնում է ցավ։ Դրա համար «գրող ու ցավ»։ Որովհետև ես իմ գրելով, եթե իմանաս ինչքան եմ վաստակել, կծիծաղես։

-Որքա՞ն ես վաստակել:

-Եթե հաշվեմ, որ պատմվածքներս ինչ-որ թերթերում տպագրվել են, երևի մի 30-40 հազար էս մի քանի տարվա մեջ. դոլար չէ (ծիծաղում է): 21-րդ դարում գրող լինելն ավելի շատ մինուս է, քան պլյուս։

-Գրելը քեզ ուժ է տալի՞ս, թե՞ ընդհակառակը՝ հյուծում է:

-Նայած՝ ինչը։ Օրինակ՝ վերջին պատմվածքս՝ «Երևանյան հիվանդությունը», եղել է շատ երկար դադարից հետո։ Պատերազմից հետո մոտ մեկ տարի դադար է եղել գրելու։ 1 տարի առաջ սկսեցի էդ պատմվածքը գրել, ու այն ինձ ավելի շատ հյուծում, դատարկում էր, ավելի շատ տրամադրությունս փչացնում էր, քան օգնում էր, բայց դա գրեցի, վերջացրի ու հասկացա, որ ես սև էներգիա դուրս թափեցի իմ ներսից։

-Ինչպե՞ս գրվեց «Երևանյան հիվանդություն» պատմվածքը:

-Մի քիչ ծանր թեմա է ինձ համար․․․

1 տարի առաջ՝ պատերազմից հետո, մտածում էի, թե ոնց կարող է լինել, որ զինվորը զոհվի մարտի դաշտում ու վերադառնա. այսինքն՝ էդ մեռնելու լույսը։ Ասում են, չէ՞, որ մարդ երբ մեռնում է, կամ կոմայի մեջ է ընկնում, մի քանի վայրկյանում քո  ամբողջ կյանքը անցնում է աչքիդ առջև։ Ես մտածեցի, որ կարելի է գրել այդ զինվորի մասին ու փորձեցի հետմահվան գիծը տանել։

-Կմանրամասնե՞ս:

-Ես խմած եմ եղել․ ընկերներով գնացել էինք Շամշադին՝ Չինչին։ Ես լավ խմած էի, ու այդ ժամանակ եկավ այդ միտքը։ Ես բոլորից առանձնացա, գնացի պետքարան, զուգարանակոնքը իջացրի, նստեցի ու սկսեցի գրել։ Արագ-արագ գրում եմ ու զգացի, որ լավ չեմ զգում, տոթ է, դուրս եկա, ու դուրսն էլ ցուրտ էր, հոկտեմբեր ամիսն էր։ Դուրս եկա, պառկեցի երկաթից դիվանի վրա, մի քիչ գրեցի ու անջատվեցի։ Ու էդպես գրեցի, հասկացա, որ շատ է երկարում, ու մի ձև ավարտեցի։ Շատ երկար փուլեր եմ անցել այն կյանքի կոչելու համար։

-Քո ստեղծագործություններում նկատել եմ միստիկա, ինչի՞ց է դա գալիս:

-Մարդիկ ընդհանրապես սիրում են չբացահայտվածը կամ այնպիսի բաներ, որ սահմանից այն կողմ է։ Իսկ միստիկան մեր գիտակցության համար սահմանից անդին է, այսինքն՝ մենք մտածում ենք, որ դա կա, կամ հակառակը, որ դա չկա։ Ես՝ որպես գրող մարդ, մտածում եմ, որ պետք է միշտ մարդու էմոցիաների հետ խաղալ, այսինքն՝ ուղղակի չգրես գրելու համար։ Գրես, որ ազդեցություն ունենա։  Ես գրում եմ իմ համար, եթե մարդկանց էլ է դուր գալիս, իրենց էլ եմ տալիս, որ կարդան, հետո տպագրում եմ։

-Դու գրում ես այն, ինչ ընթերցողներդ են ուզու՞մ, թե՞ գրում ես այն, ինչ դու ես ուզում։

-Կան գրողներ, որոնք գրում են, որ ընթերցողները հավանեն, իսկ ես գրում եմ այն, ինչը որ ես կհավանեմ, հետո եթե դու կուզես հավանես, կուզես չէ, դա արդեն քո ընտրությունն է։

Իրականում ինքս էլ չգիտեմ՝ իմ գործերում ինչ եմ ուզում ասել, ու ամենատարօրինակ բանն է, որ գրողին հարցնում են՝ «ի՞նչ ես ուզել ասել այս գործով», որովհետև գրողը իր կյանքում չգիտի, թե ինքը ինչի մասին է գրում, բացառություն, եթե դու չես նստում որոշում գրել բռնաբարության մասին։ Դու կարդում ես պատմվածքը ու հասկանում ես, որ բռնաբարության մասին է։ Դու դրանից ավել ոչինչ չես կարող հասկանալ, որովհետև գրողն էլ ոչ մի բան չի ներդրել այդ գործի մեջ։

-Որո՞նք են ընդհանուր գայթակղությունները գրողների համար։

-Շատ կան. փողը, խմիչքը, թմրանյութը։ Հիմա շատ դժվար է լինել գրող ու մնալ մինչև վերջ։ Հիմա շատերը փուչիկի պես տրաքում են շատ շուտ։ Ես շատ կանանց գիտեմ, տղամարդկանց գիտեմ, որ ինչ-որ ընթացք են  անցնում ու իրանք էլ չեն գրում, ստեղծագործում։ Հասկանում են, որ հիմա էն ներուժը, որ դնում են ստեղծագործելու վրա, շատ շուտ հօդս է ցնդում։ Մենք հիմա շատ մետա կյանք ենք ապրում։ Չես հասկանում ֆեյսբուքյան կյանքից՝ ով է գրող, ով չէ։

-Ընտանիքդ աջակցու՞մ է քեզ՝ որպես գրողի։

-Ընտանիքս անգամ չգիտի, որ ես ստեղծագործում եմ։ Հայրս  մի անգամ մտել է թերթի կրպակ, որ  ծխախոտ գնի, մտել է, ասում է․ «Ա՛յ տղա, տեսա դու ես թերթի առաջին էջի նկարին, առա»։ Ասում է՝ նայում եմ դու ես, դու չես, ինչ-որ փափախ էիր դրել, ակնոցներով էիր, հայելիներ էին։ Ասում է՝ նավսյակի առա։ Ծնողներս գիտեն, որ ես շատ կարդում եմ, գրում եմ, ինչ-որ բաներ պոկում քցում եմ, ինչ-որ խառնաշփոթ եմ ստեղծում։ Դե գիտեն, որ մի քիչ գժոտ եմ։

-Ո՞ր գրող հեղինակների հետ ես մտերիմ, կամ ինչպե՞ս են նրանք քեզ օգնում։

-Ամենամտերիմը Գուրգեն Խանջյանն է, իմ սիրելի գրողներից է, հայ ժամանակակից։ Ինձ բոլոր գրողներն օգնում են, անգամ այն մարդիկ, որոնք ինձ չեն ճանաչում։ Օգնում է Չեխովը, որը չկա։ Եթե դու ճանաչես նախկին գրողներին, ներկա գրողներին, դու այդ սինթեզով  ինչ-որ նոր  բան կստեղծես։ Որ չկրկնես ժամանակակցիդ և դասականիդ, ընդհանրապես պետք ա այդ օրիգինալությունը պահես։ Կապ չունի՝ որ ոլորտում ես․ լրագրող ես, գրող ես, հաղորդավար ես։ Դու եթե կլիշեներով շարժվես, դու կկորես էն մեծամասնության մեջ։ Իսկ եթե ստեղծես քո լեզուն, քո գործերը, դու կլինես այն միակը, ու քո անունը կհիշվի։

-Կուզե՞ս, որ  քո անունն էլ հիշվի։

-Ես երբեք չեմ ուզել, որ իմ անունը հիշվի։ Ավելի շատ լավ կզգամ, որ չհիշեն ինձ, քան մեռնելուցս հետո ինչ ասես ասեն (ժպտում է)։

Լուսինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել