«Արվեստից տեղափոխվել եմ արվեստ»

«Արվեստից տեղափոխվել եմ արվեստ»

450

Մովսես պապիկը 63 տարեկան է, արդեն շուրջ 51 տարի ծաղիկների կրպակ ունի և զբաղվում է այգիների խնամքով, ամեն օր սիրով է գալիս այգի, որտեղ անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։

Ամեն օր գալի՞ս եք այգի, ինչքա՞ն ժամանակ եք լինում այստեղ։

-Այո, ամեն օր գալիս եմ, առավոտյան ժամը 8։00-ից այստեղ եմ, ամառները ժամը 6։00-ից այգում եմ, հիմնականում կախված է աշխատանքից: Իսկ ծաղկի կրպակը բացում ենք ժամը 9։00-ից, շուկայից բերում եմ ծաղիկները, ու վաճառում ենք, այգին եմ խնամում, ինձ հասանելիք բաժնից բացի, շրջակա հարևանությամբ ծառերն ու ծաղիկները ևս խնամում եմ։

-Այգու այս հատվածը առանձնանում է ծաղիկների դասավորվածությամբ, ինչի՞ հետ է կապված շերտավորումը։

-Դա ես եմ որոշել, ու այս այգին անվանում եմ «Պարարվեստի պուրակ», ես բեմեր եմ պատրաստել, որտեղ բույսերով պարերի բեմադրություններ են բեմադրված, ամեն մի հատված իր նշանակությունը ունի, ես փորձում եմ պարարվեստը համատեղել ծաղիկների հետ, ներկայացնել դրանք որպես  պարային ներկայացումներ։ Ագում  նաև մեր պարարվեստի վաստակավոր ներկայացուցիչների անուններն են նշված, որպեսզի  անցորդ ուսանողները իմանան նրանց անունները։        

-Իսկ անցորդները մաքուր պահու՞մ են այգին:

-Ոչ, մաքուր չեն պահում, քանի որ այգին բուհերի հարևանությամբ է, շատ ուսանողներ են այցելում այստեղ: Ամեն առավոտ գալիս եմ, ինչ ասես կա՝ է՛լ գրիչ, է՛լ կրակայրիչ, շշեր, հիմա առանձին աղբաման եմ տեղադրել: Երբ առավոտները գալիս տեսնում եմ՝ աղբամանի մեջ են գցել, ուրախանում եմ, ինձ թվում է՝ գիշերներն են աղտոտում այգին, իրենց թվում է՝ մարդ չի տեսնում, գցում են գետնին, բայց իմ  ներկայությամբ չեմ տեսել: Եթե տեսնեմ, անպայման նկատողություն կանեմ։ Անցորդները նաև այգուն են վնասում, բույսեր են գողանում, փչացնում: Այն այգում, որտեղ Չարենցի արձանն է տեղադրված, բացօթյա սրճարան են բացել, զբոսաշրջիկներ են գալիս, գեղեցիկ չէ, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին։

-Դուք ավարտել եք Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարային բաժինը, ինչպե՞ս ստացվեց, որ պարարվեստից տեղափոխվեցիք այգի։

-Ես արվեստից տեղափոխվել եմ արվեստ, ինձ համար այգին արվեստ է, ամեն ինչ անում եմ որ պարարվեստից չկտրվեմ, 1992 թվականին, երբ ավարտեցի համալսարանը, հայրս մահացավ, կրպակ դրեցի ծաղիկի, որ օգնեմ ընտանիքիս, մինչև գալիս էի այստեղ, վառարանը վառում էի, խանութը բացում, տանից զանգում, ցախ էին ուզում, հաց չկար, ամբողջ օրը լարված վիճակի մեջ էի, քաղաքում խառնված վիճակներ էին, այն ժամանակ էլ այդքան առևտուր չկար, կրպակի եկամուտով հասցրել եմ կիսատ-պռատ գործերը անել։

-Այգում երկար տարիներ լինելով՝ ի՞նչ առանձնահատուկ դրվագ կամ հիշողություն կմտապահեք:

-Գիտեք, այս ծառը, որ առաջին անգամ տեսնում են մարդիկ, բոլորը զարմանում են, ասում են ․

«Վա՜յ ես ինչ հետաքրքիր ծառ է, ես որտեղի՞ց եք բերել, ես ի՜նչ սիրուն է»։

Բացատրում եմ, որ ես ծառը ամբողջությամբ կանգնած էր չոր վիճակում, քաղաքապետարանն ստուգեց տեսավ, որ չոր ծառ է, վնասված է, հեռացրին,  խնդրեցի ներքևի մասը չկտրեն, հետո դարձավ այգու սիմվոլը, փաստորեն: Գալիս, նկարվում են, ուրախանում են: Հիշողությանս մեջ այս պատմությունը կմնա, կան էլի շատ պատմություններ, բայց հիմա դրանք չեմ մտաբերում։

-Իսկ ի՞նչ կցանկանայիք փոխել այգում, կա՞ ինչ-որ փոփոխությունների անհրաժեշտություն։

-Նույնիսկ նկարիչը մի բան նկարելուց հետո, երբ համարում է կտավը ավարտված, գուցե ցանկանա մի բան փոփոխել, դա ավելի շատ ստեղծագործական աշխատանք է, շատ նայելու դեպքում տարբեր դետալներ կարող ենք փոփոխել։

Միքայել Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել