ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻՑ՝ ՉԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻՑ՝ ՉԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

4573

Երեւանի, Հայաստանի տարբեր մարզերի եւ արտասահմանի շուրջ 600 աշակերտ՝ 5-րդ դասարանից սկսած, 2018թ-ից հնարավորություն կունենա ուսումը շարունակել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվող Հայ-չինական դպրոցում:

Այն կլինի նախկին թիվ 103 ավագ դպրոցի տեղում, որը քանդվել էր մոտ 3,5 տարի առաջ, եւ ոչ մի շինարարություն այդ ընթացքում չէր ձեռնարկվել: 2016-ի մարտին սկսվեցին դպրոցի շինարարական աշխատանքները:

Ավագ դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ. «Նոր դպրոցը զարմացնելու է ոչ միայն իր արտաքինով, այլեւ բովանդակությամբ»:

Այստեղ տարրական դասարաններ չեն լինի, աշակերտները կընդունվեն ԿԳՆ-ի կողմից կազմակերպված մրցույթը հաղթահարելուց եւ քննությունները հաջող հանձնելուց հետո: Չինարենի խորացված ուսուցմամբ այս կառույցի առավելությունը միայն մարզասրահը չի լինելու: 8000քմ2 տարածքում կկառուցվի նաեւ մշակութային կենտրոն, պարահրապարակ, կինոթատրոն, ճաշարան, խորհրդակցությունների սենյակ, Չինաստանի մշակույթը ներկայացնող թանգարան եւ հանրակացարան:

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ Հայ-չինական դպրոցը շուտով պայմանագիր կկնքի ԵՊՀ-ի հետ՝ դառնալով մայր բուհի հենակետային դպրոց: Ուսուցիչներ կունենա եւ՛ ԵՊՀ-ի դասախոսական կազմից, եւ՛ Չինաստանից:

Դպրոցը 2018-ի սեպտեմբերին դռները կբացի առաջին աշակերտների առաջ:

 

Գեղեցիկ Ոսկանյան

2-րդ կուրս

Կիսվել