«Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկնակամարը նվաճելու»․ Ներսես Ներսիսյան

«Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկնակամարը նվաճելու»․ Ներսես Ներսիսյան

283

Պայթեցին արկերը, գետինը ցնցվեց, արյունով  ներկվեց կանաչը․․․ Ծանր լռություն կախվեց վիրավոր երկրիս գլխին։ Ցավն ու կսկիծը պատեցին ինձ ու քեզ, ի՛մ ընթերցող, ու մենք պարտք մնացինք այն վիրավոր տղերքին, ովքեր ընկան՝ «Հայր մեր»-ը  շուրթներին։

Հանուն հայրենիքի զոհվելը Ներսոյի արյան մեջ էր։ «Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկնակամարը նվաճելու»։ Սա էր մեր այսօրվա հերոսի՝ Ներսեսի կյանքի կարգախոսը, որն էլ բանակ գնալու նախորդ օրը դաջել էր ձեռքին։

Ներսես Արթուրի Ներսիսյանը  Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի ամենակատիվ ու օրինակելի երիտասարդներից էր․ կարատեիստ էր։ Երկու տասնամյակից քիչ ապրած կյանքում հարյուրից ավելի մենամարտ էր անցկացրել՝ առանց պարտության։ Հայրն ու ընկերներն ասում են՝ կարատեն չթողնելու տղայի որոշման մեջ ճակատագրական եղավ առաջին միջազգային մրցույթը, երբ ընդամենը ինը տարեկան էր ու նոկաուտով հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

-Նա չէր վախենում լինել տարբերվող, լինել առաջամարտիկ, լինել առաջնորդ,- նշում են Ներսեսի ընկերները։

Ներսոյի հաջողություններին հետևում էին նաև արտերկրից։ Ինչպես ընտանիքի անդամներն  են փաստում, նա մերժում էր բոլոր առաջարկները՝ միայն հայկական եռագույնի ներքո հանդես գալու անփոփոխ ու հաստատուն դիրքորոշմամբ։

Ներսոյի հայրը՝ Արթուրը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ։ Պատերազմից հետո դեմքին ու ողջ մարմնին մնացած տեսածի ու ապրածի սպիներն են վկայում այդ մասին։ Ներսեսը հաճախ էր հարցեր տալիս, բերում էր հոր ստացած շքանշաններն՝ իմանալու՝ որն ինչի համար է ստացել։

-Մանկուց շատ հետաքրքրասեր էր, ուզում էր ամեն ինչ իմանալ։ Բերում էր մեդալներս, շարում սեղանին ու ստիպում պատմել ամեն մեկի պատմությունը, իսկ հիմա․․․ Հիմա ինձ են զանգում ու ասում, որ տղայիս շքանշանները պետք է հանձնեն,- ասում է հայրը, ու նախորդ պատերազմից մնացած հիշողությունները խառնվում են նորին, որին դիմանալն անհնար է դառնում։ Մի քանի վայրկյան տևած քար լռությունը խախտելով՝ ավելացնում  է,- Ներսոյիս մանկուց եմ փորձել հայրենիքը ճիշտ սիրել ու գնահատել սովորեցնել։ Հաճախ էի Եռաբլուր տանում, տղերքի մոտ․․․ ինչի՞ էի տանում․․․

Արցունքներն այլևս չեն ենթարկվում։

Պատերազմը սկսելուց հետո շատ չէր զանգում, ասում էր՝ լավ եմ, ու վերջ։ Մի անգամ զանգեց, թե՝ «պապ հարսանիք եմ հարամել»։ Հայրը միանգամից չի հասկացել՝ ինչ նկատի ունի։ «Պատերազմ է, տղա՛ս, ի՞նչ հարսանիք»։ Ներսոն էլ՝ կեսկատակ-կեսնեղացած, թե՝ պա՛պ, դու կռված տղա ես, պիտի հասկանաս։

Հայրը, հայացքը որդու ժպտացող նկարին ուղղած, փորձում է զսպել արցունքները։ Ցավով է ասում, բայց հպարտ է։

-Հանուն հայրենիքի զոհվելը Ներսոյի արյան մեջ էր։ Երբ պատմում էին, թե ինչեր է արել, մտածում էի՝ ծնող եմ, ուզում են մխիթարել։ Բայց հետո հրամանատարությունից են զանգել ու ասել՝ երբ պատերազմն ավարտվի, կգանք ու ինքներս կպատմենք՝ ինչեր է արել տանկիստ Ներսոն,- պատմում է Ներսեսի հայրը։

Սենյակի օդը ծանրանում է… Ամուսնու կողքին լուռ նստած Գայանեն ավելի է սեղմում շուրթերը, արագ-արագ սեղան դնող քույրը՝ Թինան, աննկատ սրբում է թափվող արցունքները, փոքր եղբայրը՝ Նարեկը, տղամարդավարի կախում է գլուխը։

Ներսեսը վերջին անգամ հոկտեմբերի 22-ին է տուն զանգահարել։ Ընտանքը հույսով սպասում էր՝ հոկտեմբերի 25-ի կեսգիշերին որդուց զանգ կստանան, որ իր ծննդյան օրը շնորհավորեն, բայց․․․

Ներսեսը երկու ամսից պետք է զորացրվեր։ Ընտանիքն արդեն պատրաստվել էր որդու վերադարձին, խնջույքի հյուրերի ցուցակն արդեն պատրաստ էր, Ներսոյին իր սիրելի մեքենայից էին գնել։ Անգամ տանը վերանորոգման աշխատանքներ էին իրականացրել, որի ընթացքից միշտ լուսանկարներ էին ուղարկում  Ներսեսին, բայց․․․ Ամեն ինչ կորցրեց իր իմաստը մի քանի ակնթարթում։

Ներսոն կանաչ-մոխրագույն խոր աչքեր ուներ ու լայն ժպիտ։ Հոկտեմբերի 26-ին 20-ամյակն էր, իսկ ֆեյսբուքյան պատին շնորհավորանքները միաբերան ասում էին․ «Քիչ մնաց, գալու ես ու․․․․»։ Իր ծննդյան օրն էլ ընկավ եղբայրս, զոհվեց Արցախի հարավ-արևելյան սահմանին՝ ավիառումբի հարվածից։ Ասում են՝ մարտադաշտում  իր հետ եղած տղաներց ոչ մեկը ողջ չի մնացել։

-Ես զգացի դա։ Տանը հյուրեր ունեինք, բայց այդ պահը կարծես դադար առավ, ու սիրտս ծանրացավ,- ասում է մայրը։

Հայրը պատմում է՝ երբ մարմինը գտան, բռի մեջ հող էր, այն նույն հողը, որ եղունգներով էր պահել։

-Ես իրեն մահացած չեմ համարում, իրեն ողջերի մեջ եմ փնտրում, ես իր հետ նորմալ զրուցում եմ, կարող է թվալ՝ ցնդաբանություն է, բայց ես իրեն տեսնում ու զգում եմ։ Հիմա էլ եմ զգում, որ կողքիս նստած է՝ ինչպես միշտ համեստ ու ժպիտը դեմքին։ Հպարտանում եմ իրենով..․Ես ինչքան էլ ապրեմ, միշտ կսպասեմ իմ Ներսեսին, իմ հերոս տղային,- արցունքները կոկորդում խեղդելով ու հոգու ցավը բռունցքների մեջ սեղմած՝  ասում է հերոսի հայրը։

Արփինե Ավետիսյան

4-րդ կուր

Կիսվել