Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 6-ին կազմակերպել էր «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գրքի քննարկումը։ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 119 լսարանի մեծ սեղանի շուրջ հավաքվել էին գրքի հեղինակ, Հայաստանի Ամերիկյան և Երևանի պետական համալսարանների դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանը, ՔՄՀԿ տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը և ընթերցողներ։ Գրքի գրախոսները՝ ք.գ.թ. Սևակ Քարամյանն ու թյուրքագետ Անահիտ Քարտաշյանը, քննարկմանը միացել էին հեռավար տարբերակով։
Նաիրա Սահակյանը սկզբում ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց քննարկմանը ներկա գտնվելու համար։ Հեղինակը սահիկաշարի միջոցով համառոտ ներկայացրեց գրքի բոլոր 4 գլուխները, կառուցվածքն ու ընդհանուր գաղափարը։ Նա նշեց, որ գիրքը գրել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Սահակյանը ընդգծեց՝ հայոց պատմության դասագրքերում գրեթե չի ներկայացվում՝ ինչ իրադարձություններ են կատարվում 1917թ. Ռուսական կայսրության անկումից հետո մինչև 1918թ. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը ընկած ժամանակաշրջանում։ «Ինձ շատ էր անհանգստացնում այն փաստը, որ դասագրքերում չի ներկայացվում՝ ինչ էր տեղի ունենում հայ իրականության մեջ այդ շրջանում, և իրադարձություններն ինչ արձագանք էին ստանում հայ մտավորականության շրջանում։ Ուստի որոշեցի բազմաթիվ հետազոտություններ կատարելուց հետո հնարավորինս մատչելի ներկայացնել ժամանակի տիրող իրավիճակը, որը կհետաքրքրեր թե՛ պատմաբաններին և թե՛ սովորական ընթերցողներին»,- նշեց հեղինակը։
Գրախոսները ևս անդրադարձան գրքի ընդհանուր գաղափարին, ընդգծեցին այնտեղ արծարծված թեմաների մասին ուշագրավ տեղեկություններ ստանալու հնարավորությունը, որն ընձեռում է գիրքը։ Անահիտ Քարտաշյանի խոսքով՝ այն գիրք-ուղեցույց է, որն օգնում է պատկերացում կազմել խորհրդային և հետխորհրդային շրջանում Կովկասում կատարվող իրադարձությունների, քաղաքական հոսանքների գաղափարախոսությունների, հայոց լեզվի և ազգի առանցքային նշանակության մասին։
Քննարկման մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և ներկայացրին իրենց տեսակետներն ու կարծիքները գրքի վերաբերյալ։
Նաիրա Սահակյանը նշեց, որ հունվարից աշխատելու է գրքի անգլերեն տարբերակը հրատարակելու ուղղությամբ։ «Գրքի անգլերեն տարբերակի ծավալը մեծանալու է մոտ 30-40%-ով, քանի որ այն ուղղակի թարգմանություն չի լինելու։ Մանրամասն խոսվելու է գրքում հիշատակված հայ քաղաքական գործիչների, մտավորականների և այլ նշանավոր դեմքերի մասին, որոնց ծանոթ է միայն հայ ընթերցողը։ Ավելանալու են մեծ կարևորություն ունեցող հոդվածներ, և նույնիսկ փոխվելու է գրքի վերնագիրը»,- եզրափակեց հեղինակը։
Մարինե Զոհրաբյան
2-րդ կուրս