Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոն

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոն

359

Խաչատրյանական հնչյուններով 11-րդ անգամ մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնը անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կազմակերպած այս փառատոնը կտևի մեկ ամիս, որի ընթացքում կհնչեն բացառապես Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը, որի ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի հետ բեմում էր տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը ղեկավարեց նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Համերգի ծրագրում ներառված էին մեծանուն կոմպոզիտորի «Դիմակահանդես» սյուիտը, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։ Հանդիսատեսի՝ մի քանի րոպե տևած բուռն ծափահարություններով ավարտվեց փառատոնի առաջին համերգը։

Փառատոնի ընթացքում ելույթ կունենան անվան երաժիշտներ ջութակահարուհի Ստելլա Չենը, դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը։

Հաջորդ համերգները կկայանան նոյեմբերի 25-ին, դեկտեմբերի 5-ին, 13-ին, իսկ փառատոնը կեզրափակվի մեծանուն կոմպոզիտորի կինոերաժշտությամբ դեկտեմբերի 16-ին։

Անահիտ Նահապետյան

4-րդ կուրս

Կիսվել