«Մեռնե՜մ ձեռքերիդ, Դավի՛թ…»

«Մեռնե՜մ ձեռքերիդ, Դավի՛թ…»

477

Դաշնամուրի ստեղները չէին հասցնում հանգստանալ, ամեն հաջորդող վայրկյանին էլ ավելի ուժեղ էին սեղմվում, ու հնչող մեղեդին շարունակում էր հուզել հանդիսատեսին։

Ծափահարությունները չէին դադարում, ներկա գտնվողները չէին հասցնում սրբել արցունքները, որովհետև Դավիթի երաժշտությունն անասելի մոտ էր նրանց հոգուն…

Դավիթը 18-ամյա երիտասարդ երաժիշտ է, բայց երիտասարդ բառը միայն նրա տարիքին է բնորոշ։ Նա շատ ավելի խորը ու հասուն է։

Նվագելու տաղանդը տատից է ժառանգել։ Շուշան տատը Դավիթի ամենամեծ երկրպագուն է, ով դեռ մանկուց Դավիթին իր գիրկն առած ժամեր է անցկացրել դաշնամուրի առջև, և հենց այդ ժամանակ էլ ծնվել են ամենագեղեցիկ մեղեդիները, որոնցից մեկն էլ րոպեներ առաջ տատի ամենասիրելի երաժիշտն էր նվագում` իր Դավիթը։

Դավիթի մատներն այնքան գեղեցիկ էին սահում ստեղների վրայով, կարծես ամեն հպումը զգացնել տար, որ երաժշտությունը հոգուց էր ծնված, հոգով էր գրված.

«Էս ի՞նչ ես անում, Դավի՛թ, բա սա անելու բա՞ն է»,-ասում էր Շուշան տատը` թոռան ամեն հաջող ելույթից հետո.

«Ա՛յ Տատ, ոնց սովորեցրել ես, էդպես էլ անում եմ»,-ասում էր Դավիթը հպարտորեն, այնուհետև գրկում իր հարազատին, իր ուսուցչին, իսկ Շուշան տատը շարունակ Դավիթի ձեռքերն էր համբուրում ու հայացքը վերև ուղղելով ասում. «Փառք քեզ Տեր, իմ այս հրաշքի, իմ Դավիթի համար»:

Դավիթը պիտի մեկներ Իտալիա, ստացել էր հրավեր` նվագելու ամենամեծ բեմերից մեկում։ Սակայն մեկնելու օրը սահմանում տիրող վիճակը սկսեց լարվել, իսկ Դավիթի հայրը երկար տարիներ կլիներ, ինչ ծառայում էր հայրենիքին։ Դավիթի հայրը սիրված ու հարգված էր իր զինվորների կողմից, որովհետև նա ինքն էլ սիրում էր ու յուրահատուկ ուշադրություն էր դարձնում յուրաքանչյուր զինվորի։ Խիստ էր բոլորի նկատմամբ, բայց պետք եղած ժամանակ շատ բարի ու ըմբռնող, մտքում միշտ ասում էր. «Դե լավ, իրենք էլ իրենց ծնողների Դավիթներն են…»:

Դե իսկ Դավիթը հայրենասեր, խենթ, համառ մեկն է, մտքին որ մի բան փչում է, պիտի անի, իրեն ոչ մեկը չի կարող կանգնեցնել։ Դավիթն այնքան աննկատ դուրս եկավ տանից, ու այնքան արագ կազմակերպեց իր կամավորագրվելու ընթացքը, որ ժամեր հետո կանգնած էր խրամատում` զենքը ձեռքին։

Թեև ծառայած չէր, դեռ մեկ ամիս կար իր բանակ զորակոչվելուն, բայց հորից շատ բան էր սովորել, գրեթե երկու տարվա ծառայողների չափ գիտելիք ուներ, երևի մի բան էլ ավել։ Բայց այս անգամ ուրիշ է…

Այս անգամ վիճակն է ուրիշ, նա անցած անգամների պես ապահով վայրում չէ, ու պահեստատուփում եղած փամփուշտները բոլորովին առաջվա նշանակությունը չունեին…

Եվ չնայած նրան, որ չծառայած տղաներին երբեք թույլ չի տրվում հասնել սահման, Դավիթի ցանկությունը հայրը կատարեց, չնայած երկար ու ձիգ խոսակցություններին, որոնք վեճի էին վերածվել.

«Պապ ջան, խոստանում եմ, հրամաններդ կկատարեմ, ինքնագլուխ բաներ չեմ անի, թույլ տուր սրտիս ուզածը անեմ, թե չէ այլ կերպ կհասնեմ սահման, իսկ դու գիտես, որ կանեմ», – ասել էր Դավիթը, ինչը փոքր-ինչ վախեցրել էր հորը։

Հայրը կարգադրել էր Դավիթին ուշադրության կենտրոնում պահել, սակայն հաշվի չէր առել այն, որ Դավիթը ամեն բան շատ լավ հասկանում ու զգում է։

Անցել էին ժամեր, որոնք Շուշան տատի համար դարեր էին թվում։ Անդադար աղոթում էր ու զուգահեռ մտքում բարկանում Դավիթի վրա…

Իսկ Դավիթի ձեռքերը զենքն էին գրկում, հենց այն նույն ձեռքերը, որոնք օրեր առաջ դաշնամուրի ստեղներն էին գրկել։ Դավիթի միտքը սառել էր և դեռ շարունակում էր սառել ամեն կրակոցից. ու դա այն նույն միտքն էր, որի տաքությունից օրեր առաջ նոր մեղեդիներ էին ծնվում…

Թշնամին մի քանի մետր հեռավորության վրա էր Դավիթենց խրամատից։ Նրանք աննկատ մոտեցել էին ու հակառակ կողմից ճեղքել էին մերոնց սահմանը։ Առաջին կրակոցը իր վրա վերցրեց Դավիթի հայրը…

Այդ ձայնը խլացրեց Դավիթի ականջները, սառեց նրա հայացքը ու կամաց սկսեց երգել, երգել այն օրորոցայինը, որը Շուշան տատն էր միշտ երգել նրա համար։ Բոլորը սաստում էին, որ լռի, որ վտանգավոր է, որ եթե էդպես շարունակի, հաջորդ կրակոցը հենց իրեն բաժին կհասնի, բայց նա շարունակում էր երգել, ու ձեռքերով շոյել զենքը, արցունքները հոսում էին Դավիթի աչքերից, ու ընկնում մատներին, որոնք սառել ու կպել էին զենքին…

Շուշան տատի աղոթքը կիսատ մնաց, ներքին զգացողություն պատեց նրան, որ մի բան այն չէ, որ որևէ բան է պատահել, ու ինչքան էլ սիրում էր իր որդուն, մեկ է, սիրտը ամենից շատ Դավիթի համար էր ցավում, Դավիթի համար ամենաշատն էր անհանգստանում, չէ՞ որ որդին տարիների փորձ ունի, չէ՞ որ որդին շատ պատերազմներ է տեսել։ Նա փոքր-ինչ հանգիստ է որդու համար, վստահում էր ու հավատում որդու ծառայությանը։ Սակայն Դավիթը…

Դավիթը վիրավորվեց կռվում։ Վերադարձավ կռվից. վերադարձավ, բայց ոչ լրիվ… կիսատ մնաց ամեն բան, կիսատ մնաց պայքարը, կիսատ մնաց խոստումը, որ հորն էր տվել… կիսատ մնաց օրորոցայինը, ու կիսատ մնաց իր մեղեդին…

Շուշան տատը բացեց դուռը, ընկավ Դավիթի ոտքերը, լաց եղավ բարձր, և միայն հայացքը վերև ուղղելով նկատեց, որ թոռան ձեռքերը չկան…

Հայացքը սառեց, լռեց, մեկ նայեց բացված դաշնամուրին, որը պատրաստել էր Դավիթի գալուց առաջ, մեկ Դավիթին, ով լուռ կանգնել էր դռան շեմին, ու չէր համարձակվում որևէ բան ասել…

Շուշան տատը գրկեց Դավիթին, մաքրեց Դավիթի արցունքոտ աչքերը, ու շտապեց ստեղների մոտ…

Դողացող ձեռքերով նվագեց Դավիթի օրորոցայինը ու նվաղած ձայնով ասաց.

«Մեռնե՜մ ձեռքերիդ, Դավի՛թ, հիմա քոնն են իմ այս ձեռքերը, քո՜նն են, Դավի՜թ…»:

Մարիամ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել