«Եթե մի փոքր կամքից թույլ լինեի, հնարավոր է, որ այդ բացասական...

«Եթե մի փոքր կամքից թույլ լինեի, հնարավոր է, որ այդ բացասական խոսքերը ազդեին մասնագիտությանս ընտրության վրա». Քնարիկ Հովհաննիսյան

708

Հարցազրույց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, ապագա մանկավարժ Քնարիկ Հովհաննիսյանի հետ:

-Ուսուցչի ճանապարհը և՛ դժվար է, և՛ պատասխանատու: Ինչպե՞ս որոշեցիք դառնալ մանկավարժ:

-Երեխաների հետ աշխատել սիրել եմ դեռ մանկուց: Միշտ երազում էի դառնալ լավ, օրինակելի մանկավարժ, ով իր աշակերտների մեջ կսերմաներ սեր դեպի կրթությունը: Հիշում եմ, թե ինչպես էի մեր բակի երեխաներին հավաքում և փորձում ինչ-որ բան սովորեցնել,  իմ գիտելիքները նրանց փոխանցել: Ահա, այդ փոքրիկ երազանքը տարիների ընթացքում դարձավ նպատակ, իսկ նպատակն էլ՝ իրականություն:

-Բավական երիտասարդ եք, բայց արդեն ունեք մեծ փորձ երեխաների հետ աշխատելու: Կպատմե՞ք, թե ինչպես սկսեցիք դասավանդել:

-Ամեն ինչ սկսվեց մինչ համալսարան ընդունվելը: Երբ սովորում էի ավագ դպրոցում, մեր բարեկամները, հարևանները դիմում էին ինձ՝ իրենց երեխաներին դասապատրաստման հարցերում օգնելու համար: Իսկ ես, ինչպես նշեցի, սիրում էի երեխաների հետ աշխատել և փորձում էի ամեն կերպ նրանց օգնել: Համալսարան ընդունվելուց հետո սկսել եմ դասավանդել  հայոց լեզու տարբեր տարիքային խմբերի երեխաների հեռավար տարբերակով: Դասավանդել եմ նաև Հայրապետ Հայրապետյանի  անվան թիվ 78 հիմնական դպրոցում՝ պրակտիկայի շրջանակներում:

-Մասնագետ դառնալու ճանապարհին ի՞նչ դժվարությունների եք հանդպել և երբևէ մտածե՞լ եք հանձնվելու մասին:

-Մինչ համալսարան ընդունվելը վախեր ունեի: Մտածում էի, թե արդյոք ճիշտ ճանապարհ եմ ընտրել, արդյոք կարող եմ հաղթահարել այս ամենը: Ու այդ ամենի հետ մեկտեղ, միշտ լսում էի՝ ինչիդ է պետք այդ աշխատանքը, բա քեզ պետք է գլուխդ անիմաստ ցավեցնես, ներվերդ փչացնես և նմանատիպ այլ բացասական կարծիքներ ընտրածս  մասնագիտութան մասին: Եվ եթե մի փոքր կամքից թույլ լինեի, հնարավոր է, որ այդ  բացասական խոսքերը ազդեին մասնագիտոըթյանս ընտրության վրա: Բայց այդ ամենը ինձ չկոտրեց, և ես  շարունակեցի  գնալ իմ նպատակի հետևից: Մեծ դեր ունեցան նաև իմ ընտանիքի անդամները, ովքեր միշտ աջակցում էին ինձ:

-Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:

-Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա: Աշակերտը պետք է չսովորի վախի մթնոլորտում, չվախենա ուսուցչից, այլ ընդհակառակը, աշակերտը պետք է վստահի իր ուսուցչին, նրան համարի իր ընկերը և աջակիցը, իսկ ուսուցիչը՝ հասկանա, օգնի ու ուղղորդի աշակերտին:

Ի՞նչը կցանկանայիք փոխել, կամ ի՞նչն է պակասում այսօր մեր կրթական համակարգում:

-Իմ կարծիքով պետք է ուշադրություն դարձնել մեթոդաբանությանը: Կարելի է դասերը անցկացնել խաղի միջոցով՝ ավելի ժամանակակից և արդյունավետ դարձնելու նպատակով: Այս դեպքում սովորելու ձգտումը, հետաքրքրասիրությունը աշակերտների մոտ էլ ավելի կմեծանա, և դասերը չեն լինի կաղապարված:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա մանկավարժներին:

-Եթե համոզված են իրենց  մասնագիտության ընտրության հարցում, ապա անտեսեն այն կարծիքները, որոնք hօգուտ նրանց չեն ծառայելու ու միայն վնասելու են: Եվ եթե ունեն հստակ նպատակ, ապա պետք է անհնարինը հնարավոր դարձնելով՝ հասնեն դրանց:

Էլեն Խուդոյան

2-րդ կուրս

Կիսվել