Միջոցառում՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձին

Միջոցառում՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձին

300

Հոկտեմբերի 16-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ նրա ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում: Հատուկ հյուրերն էին  բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ  անգլիական բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը, ԵՊՀ  հայ բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Հարություն Ավագյանը, ինչպես նաև Խ. Աբովյանի ժառանգներից Սոֆյա Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև աշակերտներ, ուսուցիչներ, դասախոսներ:

Բացման խոսքով հանդես եկավ տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

«Այսօր հասունացել է ժամանակը, որ մենք ունենանք «նոր Աբովյաններ» մեր հայրենիքում: Այս ամենին հասնելու ամենակարճ ճանապարհը մեր վաղվա սերնդին Աբովյանի սուրբ գործին հաղորդակից դարձնելն է, նրա հայրենասիրական ոգին փոխանցելն է: Եվ այսօրվա մեր հանդիպումը այս նպատակին հասնելու փոքրիկ բաղադրիչներից է»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ դասախոսություն «Քողարկված պատումներ կամ հայ թարգմանական հեքիաթը ժամանակի համատեքստում» թեմայով: Բանախոսը Ալվարդ Ջիվանյանն էր: Նա պատեց հայ թարգմանիչների, նրանց գործերի մասին, ինչպես նաև խոսեց թարգմանության տեսակների մասին:

«Աբովյանը որպես թարգմանիչ՝ իր ժամանակի համար թարգմանական  բացառիկ վարքագիծ է դրսևորել: 3 էլեգիաներ թարգմանելիս՝  նա փորձել է և՛ բաց, և՛ քաղարկված  թարգմանութուններ անել: Օրինակ՝  մի էլեգիայի մեջ Աբովյանը գերմաներեն rosen բառը, որը թարգմանաբար նշանակում է փոքրիկ վարդ, թողնում է նույնությամբ, իսկ մեկ այլ էլեգիայի մեջ թարգմանում վարդիթեր»:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հարց ու պատասխան: Որոշ տարաձայնություններ եղան արևելահայերենի և արևմտահայերենի ուղղագրության հետ կապված: Ներկաներից մեկը նշեց, որ լավ կլիներ, եթե մենք ետ վերդառնայինք արևմտահայերենին:

Այս հարցի շուրջ հնչեցին մի քանի տեսակետներ:

«Ես կարծում եմ, որ պետք  չէ: Ուղղագրությունը պարզապես չեն փոխում: Եվ ես դեմ եմ, որ հանուն կարոտախտի մենք ուղղագրություն փոխենք»,- ասաց Ալվարդ Ջիվանյանը;

«Սա շատ վիճելի, անիմաստ և հակագիտական թեմա է: Նախ գիտականորեն հնարավոր չէ այդ երկու լեզուները միացնել, քանի որ կան քերականական, լեզվական խնդիրներ: Անիմաստ է այն առումով, որ մեր երկիրը ունի էլ ավելի կարևոր խնդիրներ, քան սա է»,- նշեց  Հարություն Ավագյանը:

Միջոցառման վերջում հնչեցին երաժշտական կատարումներ Ավանի մշակույթի տան «հայ ֆոլկ երգիչներ» խմբի կողմից:

Տնօրեն Սյուզաննա  Խոջամիրյանը հանդես եկավ եզրափակիչ  խոսքով և շնորհակալագրեր հանձնեց բանախոս Ալվարդ Ջիվանյանին և Ավանի մշակույթի տան տնօրեն Սասուն Առաքելյանին մասնակցության համար:

Էլեն Խուդոյան

2-րդ կուրս

Կիսվել