Հոգեբանին դիմելը անհրաժեշտություն է

Հոգեբանին դիմելը անհրաժեշտություն է

414

Հարցազրույց հոգեբանխորհրդատու Մարիանա Հասրաթյանի հետ

Ողջույն, Մարիանա, շնորհակալ եմ, որ ընդունեցիր զրույցի հրավերը։

-Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։

Մեր հասարակության մեջ շատ հաճախ հոգեբույժի և հոգեբանի մասնագիտությունը նույանում են, կասեք ո՞վ է հոգեբանը։

-Հոգեբանը մասնագետ է, ով ուսումնասիրում է մարդու հոգեբանական գործունեությունը, ընկալման, ճանաչողական, հուզական, սոցիալական գործընթացները և համապատասխան հոգեբանական աջակցություն ցույց տալիս։

-Ե՞րբ և ինչու՞ մարդիկ պետք է դիմեն հոգեբանին:

-Հենց հարցի ձևակերպումը, մարդու ներսում դրա ծագման փաստը հուշում է, որ հոգեբանի կարիք, ամենայն հավանականությամբ, կա: Մենք բոլորս մեր մեջ կրում ենք չապրած կոնֆլիկտներ, և երբ դրանք սրվում են, սկսում ենք զգալ հատկապես աջակցության կարիք։ Բայց կան նաև որոշակի ցուցանիշներ, ըստ որոնց կարելի է հասկանալ, որ հոգեբանի աջակցությունը շատ օգտակար կլինի։ Օրինակ, երբ մարդը զգում է, որ իր տեղում չէ, չի զբաղվում իր ուզած գործունեությամբ, և ընդհանրապես չի կարողանում գտնել իրեն։ Կամ պրոկրաստինացիան (գործերն անընդհատ հետաձգելու հակվածությունը), որը ոչ թե ծուլության ցուցանիշ է, այլ մարդու կողմից իմաստ չտեսնելը տվյալ գործի մեջ, կամ ներքին արգելք հաջողակ գործունեության հանդեպ։ Այլ ցուցանիշներ են, օրինակ, հաճախակի մեղքի զգացումը, տագնապը, վախը և խուճապային գրոհները, խնդիրները հարաբերությունների մեջ կամ կուտակված ագրեսիան։ «Որտեղի՞ց են դրանք առաջացել» հարցին կարող է պատասխանել միայն հոգեբանը։

-Ինչու՞ ընտրեցիր հոգեբանի մասնագիտությունը:

-Դեռ մանկուց սիրում էի խաղալ բժշկական գործիքներով, կարդալ հոգեբանական գրքեր և միշտ իմացել եմ, որ աշխատանքս կապված է լինելու մարդկանց աջակցություն ցույց տալու հետ։ Իսկ ավելի մեծ տարիքում, երբ յուրաքանչյուր նոր ծանոթի հոգետիպն էի փորձում գտնել, երբ ընկերներս ինձնից հաճախ էին խոհուրդ հարցնում այս կամ այն հարցի վերաբերյալ ՝ հասկացա, որ հենց հոգեբանությունն է իմը, և հենց այդ ոլորտում կարող եմ մեծապես օգտակար լինել մարդկանց։

-Այսօր ի՞նչ խնդրով են հիմնականում դիմում հոգեբանին, և ո՞ր տարիքային խումբն է գերիշխում:

-Հաճախակի հանդիպող խնդիրներ են դեպրեսիան, տագնապը, վախերը, անառողջ հարաբերութրունները ծնողների հետ, խնդիրները միջանձնային հարաբերությունների կամ պրոֆեսսիոնալ գործունեության մեջ, ինքնառեալիզացման խոչընդոտները, կյանքի իմաստի փնտրտուքները։ Այցելուների մեջ գերակշռում են 18-35 տարեկան մարդիկ։

-Ըստ քեզ՝  ինչու՞ են մարդիկ կաշկանդվում դիմել հոգեբանի:

-Հաճախ մարդիկ հոգեբանին դիմելու մասին ձևավորում են շատ թյուր կարծիք։ Օրինակ, որ իրենք կարող են թվալ թույլ կամ «աննորմալ», որի արդյունքում էլ կարող են քննադատված լինել շրջապատի կողմից։ Սակայն դա այդպես չէ. հոգեբանը աշխատում է լիովին առողջ և «նորմալ» մարդկանց հետ։ Որոշ երկրներում, որտեղ կյանքի որակը բավականին բարձր է՝ հոգեբանին պարբերաբար այցելելը նույնքան նորմալ է, որքան սանրվածքը թարմացնելը։ Հաճախ էլ այդ կաշկանդվածությունը կապված է փոփոխություններից վախենալու հետ։ Փոփոխությունները հաճախ տագնապ են առաջացնում, բայց առանց դրանց էլ ուղղակի անհնար է հասնել նպատակներին կամ գրանցել որևէ հաջողություն։

-Դու նաև ինստագրամյան հարթակում ես գործունեություն ծավալում, պատմիր այդ մասին:

-Բլոգի ստեղծման նպատակը ի սկզբանե եղել է մեր հոգեբանության, առաջին ինքնօգնության մասին գիտելիքներ տալը և հոգեբանին դիմելու մշակույթը զարգացնելը, քանի որ այդ ժամանակ հայերեն նյութեր սոց. հարթակներում գրեթե չկային, ինչն էլ հատկապես վնասում էր դեռահասներին, ովքեր համարվում են սոց. ցանցերի ամենաակտիվ օգտատերերը։ Էջում պարբերաբար տեղադրում եմ նյութեր տարածված հոգեբանական խնդիրների մասին, ինքնաճանաչողական թեստեր և կազմակերպում դասընթացներ։ Դասընթացները ավելի ինտենսիվ են և ներառում են պրակտիկ գիտելիքներ, որոնք կարող են մարդուն բերել շատ կարևոր մտածողության և բարելավել կյանքի որոշակի ոլորտ։

-Շարունակիր նախադասությունը․                                                                                 

Հոգեբանությունը   ինձ համար…

-Հոգեբանությունը ինձ համար, նախ և առաջ, դեպի ինքդ քեզ տանող ճանապարհն է, ներքին աշխարհդ բացահայտելու և դրա արդյունքում կյանքդ ավելի լավը դարձնելու ուղին։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու պարտականությունն է բացահայտել իրեն, իր իրական արժեքներն ու համոզմունքները և կառուցել կյանքը գիտակցված որոշումների և ընտրությունների վրա։

Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար։

Հասմիկ  Գյոզալյան

5-րդ կուրս

Կիսվել