«Երջանկության վրա» ապրող երջանիկ նկարիչը

«Երջանկության վրա» ապրող երջանիկ նկարիչը

281

Նկարիչ Կտրիճ Գևորգյանը Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Երջանկության փողոցի բնակիչ է։ Նկարչի արվեստանոցը տան երկրորդ հարկում է, այդ սենյակը կարծես փոքր ցուցասրահ լինի. բոլոր պատերից կախված են նկարչի գործերը։

Կինը` Մարինան, արվեստանոցում ներշնչանքի պակասը լրացնում է դաշնամուրի գեղեցիկ հնչյուններով։ «Ինձ նույնպես հոգեհարազատ է նկարչությունը, ինչպես նաև երաժշտությունը և հագուստի մոդելավորումը։ Մենք կարծես միմյանց լրացնենք գեղեցիկի և արվեստի հանդեպ հարգանքով և սիրով»։

Կ. Գևորգյանը գյուղի 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Եղվարդի նկարչական դպրոցում։ Ասում է, որ նկարելու նկատմամբ իր ձգտումն առաջացել է բնության նկատմամբ ունեցած մեծ սիրո և այն արտանկարելու մեծ ցանկության շնորհիվ։

«Մինչև 7-րդ դասարանը օգնում էի դասընկերներիս նկարչական հանձնարարությունները կատարել։ Որպես կանոն՝ նրանք բարձր էին գնահատվում, իսկ ես՝ ցածր` որպես ծույլ աշակերտ։ Հետո նկարչության նոր ուսուցչուհի եկավ, ով նկատեց և ոգևորեց նկարչական իմ ընդունակությունները։ Դա էլ հիմք հանդիսացավ, որ ես գնամ նկարչական դպրոց»։

Կ. Գևորգյանի նկարները բազմաժանր են, մեծամասնությունը` կոմպոզիցիաներ։ Սիրում է նկարել նաև դիմանկարներ։

Նրա խոսքով` բոլոր արվեստագետներին էլ պետք է հայտնիություն։ Շատ ցուցահանդեսներ է ունեցել։ Ամռանը նաև աշակերտներ է ունեցել, որոնք նշում են, որ Կտրիճ Գևորգյանի ղեկավարությամբ նկարելը շատ ուսանելի և հետաքրքիր փորձ էր իրենց համար։ «Նա օգնեց ինձ բարելավել իմ հմտությունների մակարդակը: Օգնեց ինձ տեսնել  ստվերներն ու կիսաթմբերը, տարբերել դրանք, աշխատել ծավալների հետ և նկարին ավելացնել բարդություն և ճաշակ: Մինչ նրան հանդիպելը` իմ գունավոր նկարները հում էին: Նա շատ հետաքրքիր ու մատչելի էր բացատրում, որը հատուկ է միայն տաղանդավոր մարդուն»։

Կ. Գևորգյանը երեք երեխա ունի` 2 աղջիկ, 1 տղա։ Որդին ժառանգել է հորից նկարչական շնորհը և շարունակում է նրա գործը։ «Ճիշտ է, միայն նկարչությամբ դժվար է հոգալ ընտանիքի հոգսերը, բայց ինձ համար կարևոր են իմ երեխաների ցանկությունները»։

Որդին նշում է, որ նկարչության մասին հոր կարծիքը ամենահեղինակավորն է իր համար։ «Ինձ համար նա և՛ ուսուցիչ է, և՛ հայր։ Երբ տեսնում եմ շրջապատի և նրա նկարիչ ընկերների բարձր գնահատականը հորս նկարների վերաբերյալ, ակամայից հպարտությամբ եմ լցվում և ցանկանում եմ նմանվել նրան»։

Նկարչի խոսքերով` նկարելու բուն գործընթացն այնքան երկար չի լինում, որքան դրան նախորդող գործընթացը։ «Սկզբում առաջանում է միտքը, հետո գլխում լավ խմորվելուց հետո հանձնվում է կտավին»։

Կինը նշեց, որ ժամանակ առ ժամանակ ինքն էլ է նկարում։ «25 տարի միասին ապրելուց հետո կարծես միանման ենք մտածում  և որոշումներ կայացնում»։

Կ. Գևորգյանը նախընտրում է աբստրակցիոնիզմը և իմպրիսիոնիզմը։ Ասում է, որ կատարյալ ռեալիզմն իրեն հոգեհարազատ չէ։

Նկարչի խոսքով` պարտականությունները և պատասխանատվությունը ընտանիքի նկատմամբ հաճախ թույլ չեն տվել լիարժեք տրվել նկարչությանը, բայց պետք է և՛ ապրել, և՛ արարել։ Եղել են շատ դժվարություններ, բայց անկախ դրանցից` նա երբեք չի դադարել նկարել։

Անահիտ Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել