ՊԱՏԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԽՈՍՔԸ, ՄԵԾ ՈՒԺ Է

ՊԱՏԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԽՈՍՔԸ, ՄԵԾ ՈՒԺ Է

327

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը, որին  նվիրված՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ ու ծրագրեր՝ Երևանում և մարզերում:

Հոբելյանի առթիվ նախարարության դրամաշնորհով  հրատարակվել է դրամատուրգ, արձակագիր Վովա Արզումանյանի «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը։ Խմբագիրը կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն է։ Հեղինակն այս աշխատանքը սկսել է  գրել մայիսից: Նրա նպատակն էր ցույց տալ, թե ինչ վիճակում է գտնվում այսօրվա ֆիլմերի հիմք հանդիսացող դրամատուրգիան,  ինչ թեմատիկ զարգացումների և փոփոխությունների է ենթարկվում ժամանակի ընթացքում։

«Փորձեցի հասկանալ և գրի առնել՝ ինչն է կարևոր, ինչն է երկրորդական, ինչի վրա են ուշադրություն դարձնում մեր ռեժիսորներն ու սցենարիստները, ինչ են գտնում, ինչ են կորցնում»,- նշում է հեղինակը` հավելելով, որ այս աշխատանքը գրականագիտական և կինոգիտական քննություն է` մենագրության տեսքով։ Գրքում որոշ եզրակացություններ կան։ Հեղինակը, ուսումնասիրելով արտերկրներում արտադրվող ֆիլմերի դրամատուրգիան, եզրահանգել է, որ Հայաստանում արտադրվող ֆիլմերի պարագայում բովանդակային տարրերը, հետաքրքրական ընթացքը, շրջադարձերը ոչ բոլոր դեպքերում են ապահովում դրամատուրգիան, հակառակը՝ հաճախ ռեժիսորական մտահղացման իրականացումն է մասնակիորեն լրացնում այդ բացը։ Անդրադարձել է նաև հայկական  անիմացիային, վավերագրությանը, խաղարկային ֆիլմերին։ Սակայն նշում է, որ անդրադարձել է որոշ ֆիլմերի, որովհետև ֆիզիկապես չէր կարող բոլորին անդրադառնալ։

«Ամենակարևորը` ֆիլմերի դրամատուրգիական հիմքը վերլուծելիս փորձել եմ չճանաչել ռեժիսորներին, այլ ճանաչել միայն այդ ֆիլմերը»,-ասում է Վովա Արզումանյանը։

Գիրքը նախատեսված է ինչպես կինոլորտում գործունեություն ծավալող մասնագետների, այնպես էլ կինոսերների համար։ Հեղինակի խոսքով՝ աշխատանքում գիտական հիմնավորումներ ու բարդ տերմիններ չկան, նպատակը ինչ-որ բան պատմելն էր մարդկային լեզվով, ոչ թե խճճել մարդուն:

«Ընդհանրապես թե՛ թատրոնում, թե՛ կինոյում դրամատուգիան շատ կարևոր է։ Որակապես լավ դրամատուրգիան է նաև գեղագիտական կողմերն ընդգծում։ Քանի որ դաշտում սա քիչ ուսումնասիրված է, իսկ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի դեպքում ընդհանրապես ուսումնասիրված չէ, ես տեսնում էի դրա անհրաժեշտությունը: Պատկերը, ինչպես և խոսքը, մեծ ուժ է, և այսօր այդ երկուսին միաժամանակ պետք է ուշադրություն դարձնել։ Սակայն, մի բան պետք է հիշենք. կինոն չպետք է խոսքով խեղդենք, լռությամբ էլ է շատ բան հնարավոր։ Պատկերի դրամատուգիան է անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրել»:

Իսկ մենագրության վերջաբանում հեղինակը հետևյալ համոզմունքն է հայտնում. «Երիտասարդական բարձրարժեք ֆիլմը, որը խորը և բազմակողմանիորեն կարտացոլի հայկական միտքը, դեռ կծնվի»։

Իզա Ասծատրյան

5-րդ կուրս

Կիսվել