Սոցիալական հարթակի երկընտրանք. կապի և սպառման հավասարակշռում թվային դարաշրջանում

Սոցիալական հարթակի երկընտրանք. կապի և սպառման հավասարակշռում թվային դարաշրջանում

222

Ժամանակակից գերզարգացած աշխարհում սոցիալական հարթակները ձեռք են բերել անհերքելի ուժ՝ միախառնվելով մեր առօրյա կյանքի ընթացքին: Թեև այս հարթակներն առաջարկում են մեծաթիվ հնարավորություններ, կա մի անհանգստացնող հարց. արդյոք սոցիալական կայքերը լուռ գողանում են մեր ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը:

Statista-ի վերջին զեկույցի համաձայն՝ միջին օգտատերը սոցիալական ցանցերում օրական ծախսում է 2 ժամ 25 րոպե: Թվում է, թե ցուցանիշը անվնաս ազդեցություն ունի մարդու առօրյայի վրա, բայց եթե ժամերը վերածենք օրերի, ստացվում է տարեկան ավելի քան 64 օր մարդը զբաղվում է սոցիալական հարթակներում շրջելով և անդադար տարբեր էջերի նորութունները թարմացնելով:

Ի վերջո, արդյոք մենք դառնում ենք այս հարթակների ստրուկները՝ զոհաբերելով մեր թանկ ժամանակը դոֆամինային հավանումների և մեկնաբանությունների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատասխանը կարող է անհանգստացնող լինել: Nature Neuroscience ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները բացահայտում են սոցիալական մեդիայի դիզայնի նենգ բնույթը, որը հրահրում է դոֆամինի՝ ուղեղի պարգևատրման քիմիական նյութի արտազատումը։ Սա ստեղծում է հետադարձ կապի հզոր հանգույց՝ մղելով մեզ հարկադրաբար ստուգելու ծանուցումների առկայությունը և թարմացնելու հոսքերը։

Psychology Today-ին տված հարցազրույցում դոկտոր Թվենգը (Սան Դիեգոյի պետական համալսարանի հոգեբանության պրոֆեսոր) քննարկում է դեռահասների և երիտասարդների վրա տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ իր հետազոտությունները: Նա նշում է, որ սոցիալական ցանցերի օգտագործումը կապված է անհանգստության, դեպրեսիայի և միայնության մակարդակի բարձրացման հետ հատկապես աղջիկների շրջանում: Նա ընդգծում է սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակումների կարևորությունը:

Նրա հիմնական մեջբերումներից են.

  • «Սոցիալական մեդիան գործիք է, և ինչպես ցանկացած գործիք, այն կարող է օգտագործվել լավի կամ վատի համար»:
  • «Խնդիրն ինքնին սոցիալական մեդիան չէ, այլ այն, թե ինչպես ենք մենք օգտագործում այն»:
  • «Մենք պետք է ավելի ուշադիր լինենք, թե որքան ժամանակ ենք ծախսում սոցիալական ցանցերում, և ինչն է մեզ ստիպում անել դա»։

Նյու Յորքի համալսարանի մարքեթինգի բաժնի դոցենտ Դոկտոր Ալթերը, ով հեղինակել է «Անդիմադրելի. կախվածություն առաջացնող տեխնոլոգիաների աճը և մեզ կախվածության մեջ պահելու բիզնեսը» գիրքը, նշում է սոցիալական մեդիա հարթակների դիզայնի առանձնահատկությունները, որոնք դառնում են կախվածություն: Նա պնդում է, որ այս հարթակներն օգտագործում են մեր հոգեբանական խոցելիությունը՝ մեզ մշտապես ցանցում ներգրավված պահելու  համար:

Դոկտոր Ալթերի կարևոր մեջբերումները.

  • «Սոցիալական մեդիա հարթակները նախագծված են կախվածություն առաջացնելու համար: Նրանք օգտագործում են դրա համար տարատեսակ մեթոդներ»:
  • «Մենք պետք է տեղյակ լինենք դիզայնի այս հատկանիշների մասին և քայլեր ձեռնարկենք՝ պաշտպանվելու դրանց մանիպուլյատիվ ազդեցություններից»:
  • «Մենք պետք է ավելի մտածված օգտագործում սոցիալական մեդիան և համոզվենք, որ դրանք ծառայում են մեզ, ոչ թե հակառակը»:

Այսպիսով, հարցը, թե արդյոք սոցիալական ցանցերը խլում են մեզնից մեր ամենաթանկը` ժամանակը, մնում է անորոշ: Պատասխանը կախված է օգտագործման անհատական ձևերից:  Երբ մենք սլանում ենք այս անընդմեջ զարգացող հարթակով, պետք է վստահ լինենք, որ տեխնոլոգիանները բարելավում են մեր կյանքը, այլ ոչ թե սահմանում նրա բովանդակությունը:

Անի Ենոքյան

5-րդ կուրս

Կիսվել