«Ինչ էլ լինի, իմ սիրտը, միտքն ու հոգին բեմինն են, ես էլ՝...

«Ինչ էլ լինի, իմ սիրտը, միտքն ու հոգին բեմինն են, ես էլ՝ բեմի մարդ». Արփի Ավետիսյան

422

Սյունյաց աշխարհից կա մեկը, ով տարիներ շարունակ աչքի է ընկել իր պարուհու կեցվածքով ու կատարողականությամբ, ինչը հաճախ հուզել է հանդիսատեսին։ Ասում են, որ աղջնակը բեմում իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում։

-Իմ բոլոր մանկական ալբոմներում ես չունեմ մի այնպիսի նկար, որտեղ ձեռքերս վեր պարզած չլինեմ․ մանկուց եմ սիրել պարը։ Մենք ապրում էինք գյուղում, որտեղ չկար պարի խմբակ, իսկ Սիսիանը, որտեղ ուզում էի պարի խմբակ հաճախել, մեր գյուղից 40 րոպե հեռավորության վրա էր։ Լավ եմ հիշում, երբ 3-րդ դասարանի հանդեսի ժամանակ ուսուցչուհիս հանձնարարել էր ինձ ու ընկերուհուս պարել, ես ինքնուրույն մի պար  էի բեմադրել, որը շատ էր սիրվել բոլորի կողմից։ Հետո հորեղբայրս որոշեց, որ ինձ անպայման պարի տանեն, – նշում է Արփին։

Աչքերը փայլում են, երբ խոսում է իր երազանքի մասին։ Թվում է՝ դեռ երեկ է սկսել պարով զբաղվել, իսկ այսօր առաջին այցի տպավորություններով լի է նրա միտքն ու հոգին։

-Հիշում եմ, երբ առաջին անգամ մտա դահլիճ, կանգնեցի վերջին շարքում, որովհետև ոչ մի հագուստ ինձ հետ չէի վերցրել։ Պարուսույցս՝ Արման Դավթյանը, հայկական շարժումներ ցույց տվեց, որ կրկնենք, և երբ երաժշտության ներքո ես էլ սկսեցի կրկնել այդ շարժումները, հանկարծ անջատեց երաժշտությունն ու անունս տվեց։ Այդ պահին ինձ թվաց, որ ինչ-որ սխալ եմ արել, ու այնքան տագնապեցի, որ մտածեցի՝ վերջ, ես չեմ ընդունվի։ Բարեբախտաբար հակառակը տեղի ունեցավ։ Պարուսույցս ասաց, որ գնամ ու կանգնեմ առաջին շարքում, ու բոլորը հետևեն ինձ՝ կրկնելով այն շարժումները, որոնք ես կկատարեմ։ Այդ պահից սկսած հասկացա, որ ամեն բան ճիշտ է, ու ես պիտի լուրջ զբաղվեմ պարով։

Ծնողները ժպիտով են հիշում Արփիի անցած ճանապարհը, ասում են՝ հպարտորեն հետևում էին յուրաքանչյուր ելույթին, դե իսկ պապիկը ամենակարևոր դերակատարումն է ունեցել Արփիի երազանքի իրականացման ճանապարհին, որովհետև միշտ նա է թոռանը տարել պարի, սպասել այնքան, մինչև ավարտի, և միասին գյուղ են վերադարձել։

-Ես սկսնակների խմբում պարել եմ ընդամենը մեկ ամիս, իսկ հետո, երբ մեր նոր պարուսույցը՝ Ռուզաննա Ղևոնդյանը, տարբեր խմբերից ընտրում էր պարողների իսպանական պարի բեմադրման համար, ընտրեց նաև ինձ, և ես, սկսնակների խմբից դուրս գալով, սկսեցի պարել պրոֆեսիոնալ խմբում, ինչն ինձ վախեցնում էր, քանի որ շատ մեծ պատասխանատվություն կար իմ ուսերին։ Ես տարիքով բավականին փոքր էի մյուսներից, ինչն ինձ ավելի էր մտահոգում։

Հենց այս ընտրությունն էլ ճակատագրական եղավ փոքրիկ պարուհու համար։ Նա շարունակեց պարել պրոֆեսիոնալների հետ ու կերտել իր պարային ուղին՝ իր իսկ ձեռագրով։

-Ես սիրահարվում էի Արփիի պարին, երբ ամեն անգամ նա բեմ էր դուրս գալիս, որովհետև այնքան նուրբ էին նրա շարժումները, և այնքան իրական էին հույզերը, որ ինձ թվում էր՝ շուտով բեմը կպայթի։ Անգամ հանդիսատեսն էր ոգևորված սպասում նրա ելույթներին․ նա, իսկապես, հրաշալի էր բեմում,- նշում է պարուհու ընկերուհին։

Ամեն հաջող ելույթից հետո Արփիին ավելի շատ էին սկսում ճանաչել քաղաքում։ Միմյանց մեջ փորձում էին հասկանալ՝ ո՞վ է, ու՞մ աղջիկն է, որտեղի՞ց է․․․

-Պրոֆեսիոնալ խմբին միանալս բազմաթիվ դեպքերի առիթ դարձավ. ոմանք նախանձում էին, ոմանք ասում` մեկ է, վատ եմ պարում, իսկ մի աղջիկ էլ տարիներ հետո խոստովանեց, որ իմ պատճառով է դուրս եկել պրոֆեսիոնալ խմբից, որովհետև չէր հանդուրժել այն փաստը, որ, լինելով ամենափոքրը ամենամեծերի խմբում, ավելի շատ էի ներգրավված տարբեր պարերի մեջ, քան ինքը,- ժպիտով հիշում է Արփին։

Ընկերները կարոտով են հիշում այն օրերը, երբ բեմից պիտի տեսնեին Արփիին ու ևս մեկ անգամ ապրեին ու զգային այն, ինչը փոխանցվում էր նրա մենապարի միջոցով։ Ասում են՝ թեև պարը երգի պես խոսքեր չունի, բայց Արփիի պարը խոսուն էր։

-Հայոց բանակին նվիրված միջոցառմանը պարային ամենակարևոր հատվածը ինձ էր վստահված։ Մի ամբողջ թիմ էր աշխատել այդ բեմադրության վրա, որը դարձավ մեր խմբի այցեքարտը։ Հետագայում դրան հաջորդեցին իմ մյուս մենապարերը, որոնցից մեկն էլ անվանել էինք «Վրեժ»։ Այն նվիրված էր հայոց ցեղասպանությանն, ու ինչպես ընկերներս են ասում, ապրումներս բեմում դիմացինի մեջ վրեժի ցանկություն էին առաջացնում։

Արման Դավթյանի ու Ռուզաննա Ղևոնդյանի անունները Սյունիքում բոլորն էլ գիտեն։ Նրանց ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։

-Մեծ պատիվ է լինել նման պրոֆեսիոնալ ու նվիրված մասնագետների սանը։ Միասին մասնակցել ենք շատ միջազգային մրցույթների, որոնք, մեծ հպարտությամբ կարող եմ նշել` հաջողել ենք։ Գրեթե բոլոր մրցույթներում «Գրանդ Պրի»-ի ենք արժանացել, ու շատ երկրներում, վստահ եմ՝ մեզ դեռ հիշում են:

Պարը դարձել էր ապրելակերպ, իսկ պարուհի մնալը՝ նպատակ, որը, սակայն, անկատար մնաց․

-Դպրոցս ավարտեցի գերազանց, ու ծնողներս խորհուրդ տվեցին՝ որևէ այլ մասնագիտություն ձեռք բերեմ, քանի որ գիտելիքներս, ըստ նրանց՝ ափսոս են։ Ընտրեցի ժուռնալիստիկան, որովհետև գիտեի՝ ժուռնալիստի մասնագիտությունը միակն է, որը սովորելու և կիրառելու դեպքում ինձ իմ ափսեում կզգայի։ Ես սիրում եմ լրագրությունը, ամիսներ հետո էլ կավարտեմ համալսարանը, բայց, միևնույն է, ինչ էլ լինի, իմ սիրտը, միտքն ու հոգին բեմինն են, ես էլ՝ բեմի մարդ…

Չկարողացավ զսպել իրեն․ արցունքները խեղդում էին կոկորդը։ Կարոտ ու ափսոսանք կար աչքերում․․․

Մարիամ Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել