«Իսական դերասանը պետք է լինի կրթված, հետաքրքիր և կարողանա շատ կերպարներ կերտել»....

«Իսական դերասանը պետք է լինի կրթված, հետաքրքիր և կարողանա շատ կերպարներ կերտել». Անդրանիկ Հարությունյան

370

Journalist.am-ի զրուցակիցն է դերասան, պրոդյուսեր Անդրանիկ Հարութունյանը։

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասան։

-Այդ պահին ուրիշ հարմար մասնագիտություն չկար, որով կցանկանայի կարիերա ստեղծել։ Ճիշտ է, դերասանի կրթություն չունեմ, բայց կարծում եմ՝ վատ չի ստացվում։

-Երբևէ կերտած Ձեր ո՞ր կերպարն եք ամենից շատ սիրում։

-Բոլոր կերպարներն էլ լավն էին, բայց հանրության կողմից երևի ամենաշատը սիրվել է  «Կարգին սերիալ»-ի Հալալի կերպարը։ Ես էլ եմ շատ սիրել այդ կերպարը, կարելի է ասել՝ «կուլտուրական գողականներ էին»։

-Նկարահանման հրապարակում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

-Նկարահանման հրապարակում բարդություններ միշտ են լինում, միշտ. ուշանալ, տեքստը չիմանալ։ Ամեն ինչը բարդություն է: Քանի որ վերջերս սկսել եմ որպես պրոդյուսեր ներկայանալ, ավելի մեծ է պատասխանատվությունը։ Եվ եթե դու դերասան ես ու խաղում ես քո դերը, չես նկատում դրանք, ապա որպես պրոդյուսեր այդ խնդիրներն ավելի նկատելի են դառնում։

-Ինչպիսի՞ն պետք է լինի  իսկական դերասանը։

-Իսական դերասանը պետք է լինի կրթված, հետաքրքիր և կարողանա շատ կերպարներ կերտել։

-Բազմիցս խաղացել եք տարբեր նախագծերում, կա՞ այնպիսի կերպար, որը երբեք չի մոռացվի։

-Այո, արդեն նշեցի, որ դրանցից մեկը Հալալի կերպարն էր, մյուսը՝ «Նազար-Նազար» ներկայացման մեջ Նազարի կերպարը, որը շատ սիրել եմ։

-Երբևէ մտածե՞լ եք մի կերպարի մասին, որը մինչ օրս չեք խաղացել, բայց կցանկանայիք Ձեզ տեսնել այդ կեպարում։

-Ոչ, չկա։ Պետք է ասեմ, որ բավականին հեշտ եմ յուրացնում տարբեր կերպարներ՝ և՛ ամենաբարդ, և՛ սովարական։ Բայց չկա որևէ կերպար, որ կցանկանամ ինձ այդ կերպարի մեջ տեսնել, երբևէ չեմ էլ մտածել դրա մասին։

-Անդրանիկ, Ձեր կարծիքով՝ Հոլիվուդը սպասո՞ւմ է Ձեզ։

-Հոլիվուդը՝ չգիտեմ, բայց կան ռեժիսորներ, ովքեր պատրաստ են իմ տեսակի հետ աշխատելու։ Այնուամենայնիվ, կյանքը դեռ առջևում է, չի բացառվում, որ մի օր էլ հոլիվուդյան դերասանների հետ կաշխատեմ։

-Ինչպե՞ս որոշեցիք զուգահեռ զբաղվել նաև երգով:

-Զուգահեռ երգով զբաղվելը հոբբի է, պրոֆեսիոնալ երգով չեմ զբաղվում։ Երաժշտությունը վերցնում ենք, բառեր ենք գրում ու ներկայացնում, այսինքն՝ զրոյից ոչինչ չենք անում։ Երգելն էլ դարձյալ դեպի իմ մասնագիտություն եմ տանում, ու հաճելի է, երբ բացի թատրոնից՝ կարողանում են նաև երգի միջոցով ժպիտ փոխանցել հեռուստադիտողին։ Կցանկանամ նրանց շնորհակալություն հայտնել, որ ինձ աջակցում են և իմ կողքին են։

Օգսեն Սիմոնյան

5-րդ կուրս

Կիսվել