Գիտելիք և սեր դեպի հարևան Իրանը. Էլեն Նիկողոսյան

Գիտելիք և սեր դեպի հարևան Իրանը. Էլեն Նիկողոսյան

370
Լուսանկարը՝ ֆակուլտետի ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից

Երևանի պետական համալսարանում գործում են տարբեր խմբակներ և ակումբներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին համատեղել գիտելիքն  ու ժամանցը։

Դեկտեմբերի 5-ին Արևելագիտության ֆակուլտետում իր գործունեությունը սկսեց պարսկերենի ակումբը։ Մենք զրուցել ենք ֆակուլտետի «Իրանագիտություն»  կրթական ծրագրի ուսանող, ակտիվ ուսխորհրդական, նորաբաց ակումբի դասընթացավար Էլեն Նիկողոսյանի հետ։

Էլե՛ն, ինչպե՞ս ծնվեց ակումբ բացելու գաղափարը։ Նախկինում եղե՞լ է նման փորձ։

-Ակումբը բացելու միտքը հղացել ենք դեռևս սեպտեմբեր ամսին։ Ֆակուլտետում գործել և մինչև օրս գործում են թուրքերենի և արաբերենի ակումբները, որոնք շատ են սիրվել ուսանողների կողմից։ Եվ նրանց մեծ մասն անընդհատ մեզ հարցնում էր՝ արդյոք չենք ուզում բացել պարսկերենի ակումբ։ Տեսնելով, որ կա պահանջարկ, որոշեցինք բացել նաև պարսկերենի ակումբ։

Ո՞րն է ակումբի նպատակը։
-Ակումբի նպատակը ոչ միայն պարսկերեն ուսուցանելն է, այլև Իրանի մասին զանազան փաստեր և տեղեկություններ փոխանցելը։ Այսինքն՝ բացի լեզվից ուսանողներն ուսումնասիրում են իրանական մշակույթը, տոները, խոհանոցը, պատկերացում են կազմում հայ-իրանական հարաբերությունների և  տարածաշրջանում Իրանի դերի մասին։

Ովքե՞ր են մասնակցում դասերին, արդյոք այլ ֆակուլտետների ուսանողները ևս ակումբին միանալու հնարավորություն ունեն։
-Մասնակիցները մեծ մասամբ ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներն են, սակայն այլ ֆակուլտետներից ևս շատ ուսանողներ ցանկություն են հայտնել՝ միանալու մեզ։ Ճիշտ է, արդեն գրանցումները փակվել են, խումբը՝ հավաքվել, բայց շատ արագ աճում է այն ուսանողների թիվը, ովքեր սպասում են հաջորդ ընդունելությանը։

Ընդունելությունն ինչպե՞ս է իրականացվում, և ի՞նչ չափանիշներով եք ընտրում մասնակիցներին։
-Այն ընթանում է երկու փուլով։ Առաջինը հայտադիմումների փուլն է, երկրորդը՝ հարցազրույցների, որի ժամանակ էլ անցկացնում ենք փոքրիկ թեստ և հստակեցնում դիմորդների՝ ակումբին միանալու մոտիվացիան և ակնկալիքները։ Թեստի ընթացքում տալիս ենք մի քանի հարց պարսկերեն լեզվով, հարցնում ենք բառերի և նախադասությունների թարգմանություններ և ըստ այդմ էլ որոշում ենք ուսանողի գիտելիքների մակարդակը։

Մասնակիցները ակումբին միանում են գիտելիքի տարբեր մակարդակներով. ինչպե՞ս եք կազմում ծրագիրը, որ հասանելի լինի բոլորին։
-Ակումբը բաժանված է 2 խմբի։ Առաջին խմբում ընդգրկված են արդեն որոշակի մակարդակ ունեցող իրանագետները, իսկ երկրորդ խմբում սկսնակներն են՝ առաջին և երկրորդ կուրսերի թուրքագետները, արաբագետները, ադրբեջանագետները։ Վերջիններիս դասընթացավարը ես եմ, իսկ առաջին խմբինը՝ կուրսընկերս։ Բնականաբար, դասընթացի ծրագիրը մշակված է խմբերի մակարդակներին համապատասխան։

-Արդյոք դասախոսները վերահսկում են դասերի ընթացքը։ Չէ՞ որ դուք՝ դասընթացավարներդ, ևս  ուսանողներ եք և կարող եք սխալվել։
-Դասախոսները վերահսկողություն չունեն, քանի որ նախաձեռնությունը ուսանողական խորհրդինն է։ Սխալվել կարող ենք բոլորս, բայց մենք ամեն ինչ անում ենք դրանից խուսափելու համար(ժպտում է)։

-Ի՞նչ մեթոդներով են անցկացվում դասերը։
-Դասերը վարում ենք զանազան խաղերի, քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով, որոնք հետաքրքիր են դարձնում նոր տեղեկություններ ստանալու ընթացքը։ Երկու խմբերն էլ տարատեսակ սեղանի խաղեր հենց պարսկերեն են խաղում, իսկ արդեն իսկ որոշակի մակարդակ ունեցողները նույնիսկ դիտում և թարգմանում են տարբեր ֆիլմեր, մուլտֆիլմեր։

-Ակումբն ի՞նչ է տալու ուսանողներին։
-Ակումբը շատ լայն հնարավորություն է ընձեռում՝ տիրապետելու ևս մեկ լեզվի և ծանոթանալու ևս մեկ մշակույթի։ Եվ բարձր կուրսերում արևելյան նոր լեզու ընտրելու ժամանակ ուսանողներն արդեն որոշակի հիմք կունենան, որը կհեշտացնի նրանց գործը։ Եվ, իհարկե, ակումբը տալու է գիտելիք և սեր դեպի հարևան Իրանը։

Հարցազրույցը՝ Մարինե Զոհրաբյանի

2-րդ կուրս

Կիսվել