Տատիս լքված քարը

Տատիս լքված քարը

695

Գյուղում մեր թաղը կոչում էին Ուռիների տակ․ ծառերը շատ էին։ Դրանց տակ դրված էին քարեր, որոնք թաղի տարեց կանանց համար ծառայում էին որպես նստարաններ։ Այդ քարերից մեկն անձեռնմխելի էր և թափուր էր մնում միայն մթին, երբ դրա տերն ու տիրակալը վերադառնում էր տուն՝ իր սերիալը նայելու ու քնելու։

Տերն ու տիրակալը տատս էր` մեր թաղի գլխավորը․  հսկում էր բակի ամեն շարժը։ Եթե անծանոթ մարդիկ էին անցնում, կանգնեցնում էր, կանչում իր մոտ, հարցուփորձ անում և միայն բոլոր հարցերը պարզելուց հետո նրանց բաց թողնում։  

Նրա առավոտը, ինչ հիշում եմ, նույն կերպ էր սկսվում․ մեկ բաժակ սուրճ, վարսերի հարդարում, մի պտույտ դրսում, ապա նախաճաշ։ 

Այնքան կյանք կար այդ ութսուն անց կնոջ մեջ։ Բռնում էր ձեռքս, տանում գյուղի չոլերը՝ ուրց հավաքելու։ Անգիր գիտեր կետերը, ուր նախորդ տարի ուրցն առատ էր եղել: Գնում էինք մինչև իր հորեղբոր գերեզմանը, որը գյուղի ծայրին էր։ Այնտեղ ամեն անգամ լսում էի նույն պատմությունը իր ցեղի մասին և այն մասին, թե ինչպես են իր հոր ականջին օղ կախել, որպեսզի թուրքերը մտածեն՝ աղջիկ է։ Երբ նրան ցույց էի տալիս, թե ինչ պարային շարժումներ եմ սովորել ուսուցչիցս, վեր էր թռչում, բռնում ձեռքս ու ցույց տալիս՝ ինչպես պարեմ։ 

Հոգու թրթիռով էր պատմում իր ու պապիս սիրո պատմությունը։ 

«Մի անգամ,-ասում էր նա,- հորս ասել էին՝ պիտի Բյուրականից գան, ինձ ուզեն։ Խաբար արեցի Ավոյին։ Նա գնացել, դրանց ճանապարհը փակել էր, ասել էր՝ Էմման իմն ա»։

Հարցնում էի․ «Տատ, պապիին, ոնց որ, շատ ես սիրե՞լ»։ Հրճվում էր, ապա պատասխանում՝ ամբողջ հոգով։ 

Ամբողջ կյանքում իրար թև ու թիկունք են եղել, միասին կառուցել այն տունն, ուր հիմա ապրում եմ։ Տատս քարը տվել է, պապս՝ շարել։ Հետո ունեցել են հինգ երեխա։ 

Անչափ հյուրասեր կին էր նա, կարևոր չէր՝ ում կողմից են բարեկամները՝ իր, հորս, թե մորս, նույն ջերմությամբ էր ընդունում։ Հենց պատրաստվում էինք սուրճ դնել հյուրերի համար, բարկանում էր՝ «Հացը սարքել են մի բաժակ սուրճ»։

Նրա գրպանում միշտ կոնֆետ կար ու մի դանակ։ Կոնֆետները հարևանի թոռների համար էին, իսկ դանակով մաքրում էր մրգեր, որպեսզի ես ուտեմ․ երևի կերածս ամենաքաղցր մրգերն էին։ 

Շատ լավ հիշողություն ուներ։ Ինձ սովորեցնում էր իր փոքր տարիքում սովորած բանաստեղծությունները։ Ինչպես օրինակ՝ «Արջն անտառից փախավ գյուղը, նեղն եմ նեղն եմ,-ասաց կատվին» կամ  «Սարի լանջին՝ ժայռի տակ ջուր էր բխում սառնորակ ու ցվրելով խոտերում, իզուր ճահիճ էր դառնում» և այդպես շարունակ։

Կիրակին նրա համար առանձնակի կարևոր էր․ «Երաժշտական փոստարկղը» պիտի նայեր։ Այն թողարկումներից, որոնց ընթացքում ժողովրդական երգերը քիչ էին, դժգոհում էր։ «Էսօրվա փոստարկղը լավ չէր»,- արձանագրում էր նա։

Երբ թաղից վերադառնում էր, պատմությունը սկսում էր այսպես՝ աղջիկներով նստած էինք։ Աղջիկները ութսուն անց կանայք էին։ Երևի իր մտքում ինքն ու իր ընկերուհիները նույն ջահել աղջիկներն էին։ 

Հելլոինի օրը ես ու ընկերուհիներս մեր դեմքերին նկարել էինք, տատս ներս մտավ, նայեց մեզ, լուռ հեռացավ։ Գնացել էր ու մորս ուղարկել՝ գնա, տես, էրեխեքը գժվել են։ 

Տատս մեքենա նստելիս իրեն վատ էր զգում, պատվիրել էր, որ երբ մահանա, իրեն մեքենայով չտանենք։ «Սիրտս կխառնի»- ասում էր նա։ 

Հիմա էլ կա այն քարը, որին նստում էր։ Չկա տատս։ Կան նրա մասին հուշերն ու պատմությունները։

Էմմա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել