Բա հո ամբողջ կյանքում տաքսի չի վարել

Բա հո ամբողջ կյանքում տաքսի չի վարել

314

Բազմոցին պառկած տարբեր քաղաքական նյութեր է լսում, մասնավորաապես՝ վերլուծական. Հայաստանի ներկա վիճակից են խոսում։ Հեռախոսի ձայնը ամենաբարձրի վրա է, կինը բողոքում է. «Հայկա՛զ, կամացացրո՛ւ դրա ձենը, երեխեքը քնած են»: Բայց Հայկազը չի լսում, արձագանք չկա․ քնած է։ Տանեցիները միշտ են զարմանում ՝ ինչպե՞ս է այդ բարձր ձայնի տակ քնում։ Ինքը դրա պատասխանը չունի։ Կինը ասում է՝ շատ կատակասերն է․ «Ինձ իր նշանածն է անվանում։ Որ հյուրեր ենք ունենում, սկզբում կատկով մի ճշմարիտ դիտողություն է անում, հենց տեսնում է՝ չեն հասկանում, միանգամից ուղիղ դեմքին է ասում»: Տան անդամներն են հիշում  ու հավելում՝ «մենք ենք մեզ վատ զգում, էնքան կտրուկ ա ասում»։

Հեռախոսի մեջ միշտ ծրագիրը բաց է, սպասում է, որ պատվեր տան, գնա քաղաք։ Հենց պատվեր է ունենում, զանգ է տալիս․ «Ազիզ ջան, դուրս եմ գալիս, ու՞ր ենք գնալու։ Դուրս  է գնում, բացում է մեքենան ու նստում ղեկին, մի քիչ դժվարությամբ, դե կլորիկ փորիկը խանգարում է, բայց շատ չէ։ Ոչինչ, հետ կտանի նստարանը, հանգիստ կնստի։ Խորը շունչ է քաշում, կարծես մի ծանր գործ է հիմա սկսելու: Ուղղում է նստարանի վրա դրված բարձը, արդեն իսկ ամրակապված գոտին մեջքի ետեևից հանում է ու գցում դիմացը։ Կոկիկ բռնում է ղեկը ու սկսում վարել։ Եղվարդն անգիր գիտի, իրենց թաղերն են, 62 տարի է այդտեղ է ապրում, գիտի բոլոր փողոցները։ Հասնում է տեղ, զանգում․ «Ազիզ ջան, դուրս արի, հասել եմ»։

Հենց սկսում է ուղևոությունը, Եղվարդից նստած ուղեվորների տանեցիներից հարցեր է տալիս՝ պապան ոնցա՞, մաման ոնցա՞, եղբայրդ ամուսնացա՞վ, դե մի լավ աղջիկ գտեք։ Բոլորին տասը մատի պես գիտի։ Եթե ձեզ թվում է, որ միայն  Եղվարդի փողոցները լավ գիտի, սխալվում եք։ «Չկա մի փողոց, որ զանգես՝ տեղն իմանալու, չասի»,- Երևանում ապրող աղջիկներն են պատմում,- «Պապաս մեզ էնքան է օգնում, որ բան եմ ուզում ուղարկել Եղվարդ, միանգամից հասնում է, ճիշտ է, մի քիչ հումոր է անում, իբրև մենակ հրամաններ ենք տալիս, բայց էնքան սիրով է անում»։

Թոռներին դասից վերցնելու սովորություն ունի, խիղճը չի տանում, երբ երթուղայինով են գնում տուն։ Ուղևորների հետ շփումը միշտ յուրահատուկ է, հնդիկ ուղևորների հետ մի կերպ անգլերեն է խոսում, անգլիացի ուղևորների հետ զանգում է, որ թոռները խոսեն՝ լեզուները բացվի, ռուս ուղևորներին  մի քիչ, դե՜ մի քիչը որն է, այնքան էլ չի սիում։ Հանկարծ մի սխալ բառ, մի սխալ արտահայտություն, անմիջապես կոպտում է։ Ռուսերեն էլ էլի մի կերպ խոսում է։ Հայերի հետ պարզ է, չէ՞, ինչից պիտի խոսի՝ քաղաքականությունից։ Հայերից էլ հանկարծ անբարեխիղճ վերաբերմունք նկատեց, միանգամից մեքենան կանգնացնում է ու իջեցնում։ Դրա պատճառով ցածր են գնահատում։ Մի քանի անգամ հեռացրել են աշխատանքից, բայց այնքան խորամանկություններ է արել՝ ուրիշի անունով վարել, մի քանի տարբեր համարներից գրանցվել։ Չի վախենում, հումորով է այդ ամենին վերաբերվում։

Պետականամետ է, Հայաստանը շատ է սիրում։ Շատ լավ է հասկանում քաղաքականությունից, էնպիսի բաներ է վերլուծում, որ երբևէ չես մտածել։ Բա հո ամբողջ կյանքում տաքսի չի վարել․ «Էն տարիներին ես, որ գնում էի Սադախլո ապրանք բերելու, ամբողջ Եղվարդում մենակ մեր խանութում էր էդ որակի շորեր»։ Մոռացա նշել, որ խանութ էլ ունեն, ժամանակին տնօրեն էլ է եղել։ Հիմա խանութի գործերը մի քիչ վատացել են։ Տաքսին վարում է, որ ամեն անգամ  տուն գնալուց տղայի փոքր երեխան կոնֆետ ուզի, կարողանա տանել, քաղաքից թոռների գալու առթիվ խորովածի միս գնի ու պատրաստի, և վերջիվերջո՝ «հո տղուցս փող չեմ ուզի, որ «պապիրոս» առնեմ»,- պատմում է նա։

«Չեմ սիրում էս ճամփեքը, էս պրոբկեքը, էս ի՞նչ վիճակա, ամեն տուն երեք-չորս մեքենա ունի»,- բողոքում է նա։ Տան ճանապարհին պարտադիր գնում է ընկերոջ խորտկարան, որ մի երկու բառ խոսեն օրվա անցուդարձից։ «Շատ է սիրում պնդել իր ասածը, մի բանի որ չես հավատում, էնպես կանի, որ հավատաս»,- պատմում է ընկերը և հիշում՝ «դպրոցում էլ շատ աշխույժ էր»։ Պարտքը կատարելուց հետո ուշ ժամին գնում է տուն, կնոջը ասում՝ «ի՞նչ ունես սարքած, մի բան տուր ուտեմ»։ Ինձ թվում է, հիմա հասկացաք, ինչու է իր կլորիկ փորիկը կլորիկ։ Ճի՛շտ է, կինը շատ համեղ ուտեստներ է պատրաստում, բայց միշտ Հայկազը բողոքում է կնոջ պատրաստածից․ «Անալիա անում, հա ասել եմ՝ էդ աղը շատ արա»։ Կապ չունի, որ տանեցիները աղի չեն ուտում։ Բարկանում է, բայց ստիպված ուտում է այն, ինչ տվել են, որովհետև սոված է: Հետո պառկում է, նորից միացնում բարձր ձայնով քաղաքական նյութերը ու քնում նույն տեղում, նույն բազմոցին։

Սիլվի Շահբազյան

2-րդ կուրս

Կիսվել