Եթե դուք կարող եք գտնել ճանապարհ, առանց որևէ խոչընդոտի, այն հավանաբար ոչ...

Եթե դուք կարող եք գտնել ճանապարհ, առանց որևէ խոչընդոտի, այն հավանաբար ոչ մի տեղ չի տանում. Չե Գևարա

435

Էռնեստո Չե Գևարան եղել է մեր ժամանակների ամենահայտնի հեղափոխականներից մեկը: Չե Գևարան  ծնվել է 1928 թվականի հունիսի 14-ին Արգենտինայում: Նրա հայրը իր հուշերում պատմել է, որ փոքր հասակում նրան Տետե էին կոչում, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ», նա ծանր ասթմա ուներ, ինչի պատճառով ընտանքիը ստիպված է եղել վաճառել քաղաքի տունը  ու տեղափոխվել լեռնային շրջան։ Ասթմայի պատճառով քիչ է հաճախել դպրոց, սակայն փոխարենը իրենց տան հարուստ գրադարանի ամբողջ գրքերն ընթերցել է:

Հեղափոխության սիմվոլ Չե Գևարան առաջին անգամ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել 21 տարեկանում, երբ իր ընկերոջ հետ մոպեդով ճանապարհորդել է Հարավային Ամերիկան ծայրեծայր։

Հենց այդ ժամանակ էլ Գևարան տեսնում  է աղքատության մեջ բնակվող  մարդկանց, ինչն էլ հետո պիտի մղեր դառնալ ժողովրդին ազատագրող հեղափոխական։ Էռնեստոյի հայրը՝ դոն Էռնեստո Գևարա Լինչը ասում է, որ Չե Գևարայի անհանգիստ և ըմբոստ բնավորության գծերը ընտանիքում դեռ մանկուց են նկատել:

«Չեին ժառանգաբար փոխանցվել են մեր անահնգիստ նախնիների որոշ գծեր։ Նրա խառնվածքում կար մի ինչ-որ բան, որը նրան տանում էր դեպի հեռավոր ճանապարհորդություններ, վտանգավոր արկածներ, նոր գաղափարներ»։

Չե Գևարան սովորում է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական  ֆակուլտետում, համալսարանը ավարտելուց հետո բժիշկ Էռնեստոն Մեքսիկայում ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ, միանում է  վերջինիս հեղափոխական շարժմանը։

Կուբայական հեղափոխությունը կործանում է երկրի դիկտատոր  Ֆուլխենսիո Բատիստայի կառավարությանը։ Կուբայում նրան սիրում էին Ֆիդել Կաստրոյին հավասար, ոմանք չէին հավատում, որ եկել է Արգենտինայից, և համարում էին կուբացի, բայց նա չէր սիրում իր արմատների մասին խոսել, միայն իր արգենտինացի լինելը հավաստելու համար ավելացրել էր Չե մասնիկը, որը բնորոշ է անվանել արգենտինացիներին։ Երբ մի օրիորդ Չեին  նամակ է ուղարկում՝ ճշտելու համար, թե արդյոք նրանք ազգականներ են,  քանի որ նա նույնպես կրում էր Գևարա ազգանունը, Չեն պատասխանում է օրիորդին.

«Չեմ կարծում, որ մենք Ձեզ հետ մերձավոր  ազգականներ ենք։ Բայց եթե Դուք ընդունակ եք ամեն անգամ սարսուռ  զգալ, տեսնելով այս աշխարհում կատարվող անարդարությունները, ապա մենք Ձեզ հետ ընկերներ ենք, իսկ դա շատ ավելի կարևոր է»։

Էռնեստո Չե Գևարան չի ընդունել իրեն առաջարկված բարձր պաշտոնները և հեղափոխականի գործը չի համարել երկիրը ղեկավարելը։

«Հեղափոխությունից հետո աշխատանքն այլևս հեղափոխականները չեն կատարում։ Այն կատարում են տեխնոկրատները և բյուրոկրատները, իսկ նրանք հակահեղափոխականներ են»,-ասել է Չեն։

Չե Գևարան մի անգամ խոստովանել է, որ չի հասկանում երաժտությունից․

«Երաժշտության մասին ես ոչ մի կարծիք չեմ կարող արտահայտել, իմ տգիտությունը այդ բնագավառում հարյուրտոկոկսանի է»:

Չնայած այս փաստին, 1965թ.-ին նա այցելել էր ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվա, հանդիպել  նաև Արամ Խաչատրյանին և ասել, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին՝ պայքարի և հաղթանակի ոգին։

6 տարի Կուբայում ապրելուց հետո Չե Գևարան 1965 թվականին մեկնում է Բոլիվիա՝ մտադրություն ունենալով կազմակերպել նոր հեղափոխություն, որպեսզի ազատագրի ծանր պայմաններում ապրող մարդկանց: Սակայն այնտեղ մարդկանց աջակցությունը այդպես էլ չի ստանում, Բոլիվիայում ձերբակալում են նրան, և 1967 թվականի հոկտեմբերի 9-ին Չե Գևարան մահապատժի է  ենթարկվում Բոլիվիայի նախագահի հրամանով։ Նրան ոչ մեկ չի կարողանում սպանել, իսկ այն մարդը, ով ի վերջո համարձակվում է սպանել Չեին, հարբում է, որ չգիտակցի ոչինչ: Սպանության պահին, երբ Էռնեստոն նկատում է, որ զինվորի ձեռքերը դողում են, առանց վախի գոչում է․

«Կրակի՛ր, վախկո՛տ, դու ընդամենը մարդ կսպանես»։

Նրա դին 30 տարի գաղտնի  է պահվում, միայն 1997 թվականին Ֆիդել Կաստրոյի կարգադրությամբ կուբայական դատաբժշկական փորձագետները մեկնում են Բոլիվիա և գտնում Չե Գևարայի և նրա  6 ընկերների մասունքները։

Մասունքները տեղափոխվում են Հավանա և հողարկավորվում Սանտա Կլարա քաղաքի հատուկ դամբարանում։

Չե Գևարան ուներ 4 երեխաներ, նրա տղան՝ Կամիլո Գևարան, հոր մասին տված հարցազրույցում ասում է․

«Հայրս միշտ ինձ հետ էր։ Ու թեև ես միշտ նրան կարոտում էի, բայց նա անընդհատ ուղեկցում էր ինձ ամբողջ կյանքում: Մենք այլ երեխաների հետ միասին դպրոցական դասագրքում կարդում էինք մեր հոր հրաժեշտի նամակը՝ ուղղված մեզ՝ իր երեխաներին»։

Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենատարածված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշ։

Ծնողներին ուղարկված նամակում  նա գրել էր․

«Մարդիկ կարող են ասել, որ ես արկածախնդիր եմ։ Ճիշտ է,  արկածախնդիր եմ, բայց բոլորովին ուրիշ տեսակի։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր կյանքի գնով փորձում են ապացուցել իրենց ճշմարտությունը։ Ո՞վ գիտե, գուցե այլևս չտեսնենք իրար։ Ոչ, մահ չեմ երազում, բայց իրադարձությունների տրամաբանությունն ինձ ստիպում է հաշտվել մահվան հետ։ Ես ձեզ շատ էի սիրում, բայց երբեք չկարողացա արտահայտել իմ սերը։ Ես ամեն ինչում համառ էի, անդրդվելի։ Կարծում եմ, որ դուք երբեք չեք հասկացել ինձ։ Իմ ահռելի կամքն ու համառությունը հիմա  ուժ են տալիս հիվանդ ոտքերիս ու հոգնած թոքերիս։ Հիշեք ձեր փոքրամարմին որդուն՝ քսաներորդ դարի վարձկանին»:

Միքայել Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել