Հայկական գինին` որպես մնայուն արժեք ու մշակույթ

Հայկական գինին` որպես մնայուն արժեք ու մշակույթ

428

«Հայաստանի գինիները» հասարակական կազմակերպությունը և դրան անդամագրված գինեգործական ընկերությունները հովանոցային ապրանքանիշի («Wines of Armenia») ներքո առաջ են մղում հայկական գինիները տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում։ Զրուցել ենք կազմակերպության գործադիր-տնօրեն`  Լիլիթ Գրիգորյանի հետ։

-Խոսենք մի փոքր կազմակերպության գործունեությունից. ո՞րն է դրա հիմնական առաքելությունը։

-Կազմակերպությունը ստեղծվել է 2021 թվականին։ Այս պահին կազմակերպությանն անդամագրված են 27 գինեգործական ընկերություններ։ Կազմակերպության նպատակն է և’ տեղի շուկայում, և’ միջազգային շուկայում ներկայացնել հայկական գինեգործությունը, խթանել Հայաստանում գինու սպառման մշակույթը, բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկ։ Մենք նաև պարբերաբար կազմակերպում ենք ցուցահանդեսներ, փառատոններ, գինու որակի գնահատման համտեսներ, որոնց մասնակցում են բոլոր անդամ ընկերությունները, և որոնք ևս նպաստում են հայկական գինեգործության ճանաչելիության բարձրացմանը։

-Իսկ հասարակությունը որքանո՞վ է ներգրավված նման միջոցառումներին, մասնակցությունը շա՞տ է լինում։

-Իրականում վերջին տասից տասնհինգ տարիների ընթացքում հայակական գինեգործությունը շատ մեծ վերածնունդ է ապրում։ Մեծ ներդրումներ են արվել Հայաստանում միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից, որպեսզի տնտեսության այդ ճյուղը զարգանա և ճանաչելի դառնա տեղի սպառողի կողմից։ Բավականիկն նկատելի է նաև գինեխմության մշակույթը Հայաստանում, և մարդիկ ավելի շատ սկսել են սպառել ոչ թե ներմուծված, այլ հայկական արտադրության գինիները։ Սրան, իհարկե, նպաստել են նաև ցուցահանդես-վաճառքներն ու փառատոնները, ինչպիսիք են «Գինու հանդիպում արվեստի հետ», «Զատիկ» և կազմակերպության կողմից նախաձեռնված այլ միջոցառումները։

-Ի՞նչ եք կարծում, գինեխմությունը, որպես մշակույթ և սովորույթ, հասցրե՞լ է մտնել մեր կենցաղ։

-Ցավոք, դեռ կենցաղ չի մտել և հիմնականում դիտարկվում է որպես ժամանցի մի մաս։ Օրինակ՝ ճաշելիս կամ ընթրելիս ընտանիքում մեկ բաժակ գինի ըմպելը դեռևս այդքան էլ ընդունված չէ։ 2022 թվականի տվյալներով տարեկան մեկ շնչի սպառումը Հայաստանում եղել է հինգ լիտր։ Որպեսզի հասկանանք չափը, համեմատական պետք է տանենք այլ երկրների հետ, որտեղ տարեկան սպառումը քառասունից հիսուն լիտրի է հասնում։ Մենք դեռ աշխատելու շատ տեղ ունենք, բայց  նաև չեմ կարող հերքել, որ վերջին տարիներին շատ մեծ ցուցանիշներ ենք գրանցել այս առումով։

-Կազմակերպության հիմնադրումից ի վեր ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատում գինեգործության ոլորտում։

-Ուզում եմ նշել, որ բացի մեր կազմակերպությունից, Հայաստանում գործում է նաև «Խաղողագործության և գինեգործության պետական հիմնադրամը», որն արդեն հինգ տարի է, ինչ գործունեություն է ծավալում` ուղղված գինեգործության և խաղողագործության ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք այս կառույցի հետ (սա նաև լավ օրինակ է պետական և մասնավոր կառույցների համագործակցության)։ Մեր անելիքը 2021 թվականից ի վեր շատ է, շարունակաբար փորձում ենք միջոցառումների և մարքեթինգային այլ գործիքների միջոցով բարձրացնել հայակական գինեգործության վարկանիշը։ Իսկ հիմնադրամի շնորհիվ գինեգործները մեկնում են նաև արտերկիր և մասնակցում էքսպոների, մրցույթների։ 2022 թվականի դրությամբ ունեցել ենք հայկական գինիների 70-ից ավելի ոսկե և արծաթե մեդալակիրներ, ինչը, կարծում եմ, ուշագրավ փաստ է արձանագրելու համար։

Մանե Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել