Նա բույն հյուսեց հայ ընտանիքների համար

Նա բույն հյուսեց հայ ընտանիքների համար

531

Դեկտեմբերի 7֊ին` 1988֊ի ավերիչ երկրաշարժի օրը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կայացավ «Բույն հյուսողը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը երկրաշարժից հետո Գյումրիում Ավստրիական թաղամասը ստեղծած Ռոբերտ Ռոգների մասին է։ Մանրամասները մեզ հետ զրույցում պատմեց ֆիլմի ռեժիսոր` Սեդա Գրիգորյանը։

-Որտեղի՞ց ծնվեց ֆիլմը ստեղծելու գաղափարը, և ինչպե՞ս այն կյանքի կոչեցիք։

-ԴԱՐ հիմնադրամի Գագարին Նախագծի շրջանակներում մեր թիմն աշխատում է Գեղարքունիքում տարածքային զարգացման ծրագրի վրա, և միջազգային փրոձն ուսումնասիրելու նպատակով գործընկերներս մեկնել էին Ավստրիա` ծանոթանալու հարավային Շտիրիա շրջանի զարգացման փորձին: Մենք գիտեինք, որ այդ տարածաշրջանը մոտ 40 տարի առաջ նախատեսված էր վերածել հանքավայրի, սակայն գյուղացիների ու գործարարների պայքարի շնորհիվ այն վերածվեց ծաղկուն գյուղատնտեսական, առողջարանային շրջանի: Այս փորձը մեզ համար շատ հետաքրքիր էր և օրինակելի: Այցի ընթացքում գործընկերներս հանդիպել էին այդ գործարարներից մեկին` Ռոբերտ Ռոգներին, ով հանքավայրի համար նախատեսված վայրում հանքային ջրերի աղբյուրներ էր գտել ու հիմնել Բադ Բլումաու առողջարանային համալիրը: Այդ զրույցի ավարտին նա նաև նշել է, որ 1988-ի աղետալի երկրաշարժից հետո այցելել է Հայաստան ու օգնել այստեղ տներ կառուցել: Սա անսպասելի շրջադարձ է բերում զրույցին, որի արդյունքում բացահայտում ենք Ռոգների մոռացված պատմությունը հայերիս համար: Մեր նախագծի ղեկավար Արսեն Աղաջանյանը, վերադառնալով Հայաստան, նախաձեռնում է այս ֆիլմի ստեղծումը, որն իրականացնում եմ ես` մեր թիմի աջակցությամբ: Մենք պարզում ենք, որ Ռոբերտ Ռոգների նախաձեռնությամբ է կառուցվել Գյումրու Ավստրիական թաղամասը` մոտ 120 բնակելի տներով և համայնքային կենտրոնով: Սա կայուն զարգացող համայնքի ավստրիական մոդել է Հայաստանում, որի մասին քչերս գիտեինք: Երբ Ռոգներին տեղեկացնում ենք, որ նախատեսում ենք կրկին այցելել իրեն Ավստրիայում ու նկարահանել հարցազրույց իր հետ, նա մեզ խնդրում է իրեն փոխանցել նաև Գյումրու Ավստրիական թաղամասի այսօրվա կյանքը պատկերող տեսագրություններ: Նա գործընկերներիս էր փոխանցել նաև իր ինքնակենսագրական գիրքը, որտեղ մի գլուխ նվիրված է Սպիտակի երկրաշարժին: Այստեղ գյումրեցի ընտանիքներից մեկի շնորհակալական նամակը գտանք, որն ուղղված էր իրեն` Խաչատրյանների ընտանիքի անունից: Հաջողվեց գտնել ընտանիքին, ուրախացա, որ նրանք մինչ այսօր բնակվում են Ավստրիական թաղամասում: Այսպես էլ սկսվեց ֆիլմի ստեղծումը:

-Վստահ եմ` այստեղից Ավստրիա ֆիլմ նկարանհանելը այնքան էլ հեշտ չէր։ Ավստրիա֊ Գյումրի ճանապարհը կտրելիս ի՞նչ դժվարությունների բախվեցիք։

-Ես շատ եմ սիրում ճամփորդական նկարահանումներ, դրանք օգնում են նոր տարածքներ, նոր աշխարհներ բացահայտել: Այս պատմությունը նկարահանելիս ոչ միայն աշխարհագրական տարածքներ էինք բացահայտում, այլ, որն ամենակարևորն է, ներթափանցեցինք Ռոբերտ Ռոգների աշխարհը: Այն, իսկապես, բարության ու մարդասիրության օազիս է մեր օրերում, որին հաղորդակից դառնալը մեծ պատիվ էր ինձ համար: Ավստրիացի գործարարն անշահախնդրորեն նախաձեռնել է բարձրակարգ տների կառուցումը Հայաստանում` դրամահավաքի շրջանակներում ներգրավելով ողջ Ավստրիան` անհատների, կազմակերպությունների ու համայնքների: Իհարկե, Ավստրիայի կառավարությունը ևս մաս է կազմել այս հսկայածավալ նախաձեռնությանը: Շատ հետաքրքիր էր նաև ծանոթանալ Բադ Բլումաու առողջարանայաին համալիրի միջավայրին ու պատմությանը. այն կառուցել է «Ավստրիայի Գաուդի» համարվող ճարտարապետ Հունդերվասսերը, ով կարողացել է յուրահատուկ հեքիաթային միջավայր ստեղծել իր գույներով և ճարտարապետական լուծումներով: Ռոգների ավստրիական գործունեության մասին պատմությունները ևս կներկայացնենք հանրությանը որևէ ձևաչափով: Իսկ Գյումրիում, ինչպես հայտնի է, բնակիչները մեծ սիրով ընդունեցին ֆիլմի ստեղծման գաղափարը, մեզ թույլ տվեցին իրենց հիշողությունների հետ ճամփորդել 1988-1991 թվականները, հիշել թե’ ողբերգական, թե’ լուսավոր պահերը: Տիկին Մարինե Նուրոյանը` երկրաշարժի հայտնի լուսանկարի կինը, մեզ ցույց տվեց թաղամասի հիմնադրման ու բացման լուսանկարները, որոնք ամբողջացրեցին մեր ֆիլմը:

Այս լուսաանկարը, որում երկրաշարժի փլատակներից մեկ ու կես օր անց փրկված Մարինե Նուրոյանն է` իր երեք երեխաների հետ, կարճ ժամանակահատվածում հայտնվել էր միջազգային հեղինակավոր թերթերի էջերին։

-Մտադի՞ր եք ֆիլմի մեծ էկրաններով ցուցադրման շրջանակներն ընդայնել։

-Մեզ համար առաջնահերթ է ֆիլմը Գյումրիում ցուցադրել` Ավստրիական թաղամասի բնակիչների հետ դիտել ու նորից վերադառնալ նրանց հիշողություններին: Նպատակ ունենք նաև թարգմանել գերմաներեն և ցուցադրել Ռոբերտ Ռոգների համար: Դա, հավանաբար, ամենապատասխանատու ու հուզիչ դիտումը կլինի, որին կսպասեմ անհամբերությամբ:

Մանե Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել