«Բեմը ինձ համար հիվանդություն է …»

«Բեմը ինձ համար հիվանդություն է …»

341

«Ես Նարեկ Կոսմոսն եմ, ով  իր կացարանն է փնտրում մարդկանց մեջ, ես այն Նարեկ Կոսմոսն եմ, ով Ֆորշենց տան խոհանոցում կախված Լենոնին անվերջ շփոթելու է Սամվել Մկրտչյանի հետ»։

Չնայած նրան, որ հունարեն cosmos նշանակում է կարգ ու կանոն, ես ավելի շուտ քաոս եմ, քան cosmos․․․ Այնուամենայնիվ, առանց Կոսմոս բառի չեմ պատկերացնում ինձ, անգամ ստորագրությանս մեջ կա։

«Տիեզերական» ոճով հայ երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ, արվեստաբան Նարեկ Կոսմոսը ծնվել է Գյումրի քաղաքում։  Ավարտել է Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ Սովորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, արվեստաբանության ֆակուլտետում։ Նարեկին ճանաչողները նշում են, որ նա դեռ դպրոցական տարիներին աչքի է ընկել իր ակտիվությամբ, դպրոցական բոլոր միջոցառումներին երգերի հետ կապված ամեն ինչ վերցրել է իր ձեռքը, և տարբեր միջոցառումներ է կազմակերպել։

«Ջրաներկ» խմբի հիմնադիր Նարեկը (երգահանը այն հիմնել է դեռ 16 տարեկանում, 2018թ․-ին) ունի հեղինակային երգեր, մեղեդիներ, որոնք, ըստ նրա, հիմնականում հետաքրքրում են երիտասարդներին, երեխաններին, իր հասակակիցներին։ Նա, երաժշտական գործունեությունից զատ, նաև հայ արդի գրող-հեղինակ է, ով սկսել է ստեղծագործել վաղ մանկությունից։ Վերջերս հրատարկվեց Կոսմոսի հեղինակային գիրքը «Անց 48» անվանմամբ, որի շնորհանդեսը կլինի շատ շուտով։ Բանաստեղծը տպագրվել է տարբեր գրական հանդեսներում, մասնավորապես՝ «Գրանիշ, «Երևանյան էսքիզ», «Անդին», «Գրքամոլ», «Գրական Արցախ», «Գրեթերթ», «Մշակութային հրապարակ»։

«Ես Նարեկն եմ, Նարեկ Կոսմոսը, դժբախտաբար, թե բարեբախտաբար, ապրում եմ աշխարհի կենտրոնում, այսինքն՝ իմ մեջ, իսկ դուք՝ ձեր մեջ, այսինքն՝ ձեր աշխարհի կենրոնում։ Մանկությունս այդքան էլ կապ չունի այն Նարեկի հետ, որը հիմա կա, այն Նարեկի, ով հիմա երգեր է գրում, և ես գիտեմ, որ իմ մեջ կան 2 բևեռներ՝ Նարեկը ու Նարեկ Կոսմոսը»։

Ընկերների կարծքով՝ Նարեկի առանձնահատկություններից մեկը սեփական աշխարհը ստեղծելն է, երգահանը նորովի և յուրահատուկ մոտեցմամաբ է ներկայացնում յուրաքանչյուր երգ, երաշժտություն։

Երաժշտության հետ Նարեկի կապը ստեղծվել է ջութակի միջոցով, սակայն երգահանը որոշել է կտրուկ անցում կատարել էլեկտրոկիթառի։

«Ջութակը, նախ, շատ ինքնահավան գործիք է ու շատ խանդոտ, իրենից բացի պիտի ուրիշ ոչնչի համար ժամանակ չհատկացնես, բացարձակապես ոչնչի. դա պարտադիր է, ու այն, ինչ պարտադիր է, ինձ մոտ չստացվեց, ես ջութակահար չդարձա։ Դաշնամուրն է եղել երաժշտությանը կապող օղակը հիմնականում։ Ինձ դուր են գալիս էն գործիքները, որոնք կապ ունեն բլյուզ երաժշտության հետ, դրա համար էլ կիթառ եմ նվագում»։

Կոսմոսը չի պատկերացնում երգն առանց բառի. «Երգը պետք է բառին, բառն էլ երգին, որովհետև նրանք իրար հետ են ապրում, իսկ երգին ու բանաստեղծությանը  տարբեր վանդակներում են, երբ հասկանում եմ, որ պետք է հանգստանամ իրենցից, նրանց  տարբեր վանդակներ եմ գցում, որ իրար  «չհոշոտեն»»:

«Բեմը ինձ համար միշտ հիվանդություն է եղել, ինչպես յուրաքանչյուր արտիստի համար, ու  բեմում ամեն քայլի, շարժման մեջ պիտի առողջանաս ու առողջացնես»,- հավելում է Գյումրեցի ստեղծագործողը։

Մերի Սողոյան

2-րդ կուրս

Կիսվել