Նորից մինչև անհրաժեշտություն. մասնագիտացված հեռուստաալիքներ և հասարակության էվոլյուցիա

Նորից մինչև անհրաժեշտություն. մասնագիտացված հեռուստաալիքներ և հասարակության էվոլյուցիա

438

Այսօր աշխարհում շատանում են մասնագիտացված հեռուստաալիքները, ինչը գալիս է հասարակության պահանջից: Նրանք այսօր ցանկանում են ընտրել՝ ինչ դիտել, երբ դիտել, ցանկանում են նաև ընտրել հաղորդումների (հոդվածներ, ֆիլմեր) իրենց ցանկալի ավարտը: Մասնագիտացված հեռուստաալիքներն ապահովում են խորը լուսաբանում, կրթություն և ժամանց այնպիսի թեմաներով, ինչպիսիք են նորությունները, սպորտը, գիտությունը, պատմությունը, խոհարարությունը կամ ճանապարհորդությունը՝ սպասարկելով ժամանակակից լսարանի տարբեր կարիքներն ու նախասիրությունները:

Մեր հերոսներից մեկը մտադիր է մասնագիտացված հեռուստաալիք ունենալ, մյուսը ամեն օր շատ երկար հեռուստացույցով դիտում է ամենատարբեր հաղորդումներ, մեկ ուրիշը պատմում է՝ ինչու մարդիկ սկսեցին դիտել մասնագիտացված հեռուստաալիքներ, իսկ մեր վերջին հերոսը պատմում է արդի հասարակության պահանջների և հեռուստադիտողի հետաքրքրությունների մասին: Այպիսով, մեր հերոսներից ամեն մեկն իր դիտանկյունից կներկայացնի մասնագիտացված հեռուստաալքիներ թեմայի շուրջ իր պատմությունը:

«Շինարարությունը նաև բիզնես է։ Հեռուստաալիքում ամեն շինարար կարող է իրեն PR անել. այսինքն՝ ներկայացվելու է կազմակերպությունը, շինարարը, նրա կատարած աշխատանքը»

Խաչատուր  Խաչատրյան

Ճարտարագետ-ինժեներ

Պրոֆեսիոնալ հեռուստաալիք ունենալու գաղափարը, որի կոնտենտը պետք է լինի շինարարությունը և ոլորտին առնչվող հարցերը, ինձ մոտ ի հայտ է եկել, երբ տեսել եմ մյուս պետությունների փորձը, որտեղ ցուցադրվում են շինարարի և առհասարակ շինարարության մասին տարբեր հաղորդումներ: Հաղորդումներում նրանք բարձրաձայնում էին իրենց երկրում տեղի ունեցող շինարարական աշխարհի մասին, և այդ ամբողջ ինֆորմացիան հասկանալի էր նույնիսկ արվեստագետներին:

Մարդիկ կան՝ ցանկանում են կառուցել իրենց սեփական տունը իրենց հողատարածքի վրա, մեր հեռուստաալիքի հաղորդումների հիման վրա նրանք կարող են առավել մանրամասն ծանոթանալ գործընթացին, հասկանան ինչից սկսեն և ուր գնան։ Օրինակ՝ առաջինը պետք է սկսեն թղթաբանությունից։ Այն մարդիկ, որոնք առաջին անգամ են առնչվում ոլորտին, դա էլ չգիտեն, այսինքն չգիտեն, որ շենք կառուցելու համար անհրաժեշտ է լուծել թղթաբանության հետ կապված բոլոր հարցերը, նոր անցնել բուն գործընթացին։ Հակառակ դեպքում հնարավոր գործն ավարտելուց հետո համապատասխան աշխատակիցները ուղղակի կգան և կքանդեն։ Հաղորդումների միջոցով կհեշտանա նաև պետական մարմինների գործը, այսինքն մարդիկ կլինեն ինֆորմացված և արդեն մեթոդաբանությանը տիրապետելով հերթականությամբ կանեն իրենց գործը։

Հաղորդումը կարող է լինել շաբաթը մեկ անգամ, կամ ավելի երկար դադարով, ու շուրջ 1ժամ։ Եթերաժամանակում մենք չենք կարող տեղավորվել և տալ անհրաժեշտ մանրամասները, իսկ ալիքի դեպքում այն կկրի պարբերական բնույթ և կունենա ցուցադրվելու հստակ հաճախականություն։

Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, այսինքն մենք ունենք նաև խնդիր, որ շենքերը կառուցվեն համեմատաբար ավելի կայուն և ճիշտ տեղերում։ Շինարարարական աշխատանքները չեն սահմանափակվում միայն շինարարությամբ։ Հաղորդում կունենանք նաև այս մասին, որը ևս կկրի պարբերական բնույթ։

Կլինեն նաև ճանապարհաշինարարական և երթևեկության հնարավորինս ճիշտ կազմակերպման մասին հաղորդումներ։ Այս պահին կա նման նախագիծ, և իմ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ անչափահաս երեխաների մահացության դեպքերը ավելի շատ են, քանի որ նրանք ճանապարհը հատում են անթույլատրելի հատվածում։ Սա ևս իրազեկվածության պակասից է։

Հեռուստաալիքի լսարանը չի ունենալու հստակ թիրախային լսարան, թիրախում բոլորն են։ Այսինքն լինելու են հաղորդումներ, որոնք կվերաբերեն և՛ փոքրերին, և՛ մեծերին, և՛ մասնագետներին, և՛ ոլորտով հետաքրքրվածներին ու այլ մարդկանց։

Շինարարությունը նաև բիզնես է։ Հեռուստաալիքում ամեն շինարար կարող է իրեն PR անել. Այսինքն՝ ներկայացվելու է կազմակերպությունը, շինարարը, նրա կատարած աշխատանքը: Անհրաժեշտ է միայն հասկանալ բիզնեսի լավ ու վատ կողմերը՝ եթերում գովազդը ավելի ճիշտ իրականացնելու համար։

(Լուսանկարը Աստղիկ Ավետիսյանի արխիվից)

«Մարտահրավերները այսօր շատ են, կհաղթեն նրանք, որոնք կրեատիվ մոտեցում կցուցաբերեն, որոնք կտարբերվեն, որոնք շատ գործիքներ կօգտագործեն, որոնք հանրայնացման հնարավորությունները կօգտագործեն»

Աստղիկ Ավետիսյան

Հեռուստատեսաբան

Մասնագիտական լսարանի համար ստեղված «ցանկացած» բան ընկալվում է դրական իրողություն։ Ես ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի առաջին ասպիրանտն եմ եղել, իսկ դիսերտացիայիս հաստատված թեման՝ «Հեռուստածրագրերի տիպաբանություն», առաջինն էր և նորություն էր՝ ուսումնասիրելու ամբողջ հայաստանյան լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը, նաև տիպավորել այդ հեռուստաընկերությունները։

Իմ ուսումնասիրությունները նորույթ էին, և հայկական հեռուստաեթերը առաջին անգամ տիպաբանորեն վերլուծվել էր։ Այն լսարանը, որի համար վերլուծությունը նախատեսված էր՝ որպես ընթերցող, բավականին դրական էր արձագանքել:

Աշխարհը գնալով զարգանում է, եթե մենք ժամանակին ունեինք ընդհանուր հեռուստատեսություն, որը պետք է բավարարեր հասարակության տարբեր շերտերի պահանջները, ապա այսօր ժամանակը և տեխնոլոգիաները փոխել են հնարավորությունները, և դու այսօր ամբողջ օրը կարող ես միացնել, օրինակ, սպորտային ալիք, որովհետև դա է քո հետաքրքրությունների շրջանակը, կարող ես ամբողջ օրը ընկղմվել սպորտային տարատեսակ հաղորդումների մեջ։ Քիչ-քիչ  աշխարհը և հեռուստատեսության զարգացումը տանում են նրան, որ հեռուստաեթերը մասնագիտանում է, որովհետև եթե նախկինում մենք այդ սովորույթը ունեինք, որ մարդիկ եթեր էին գնում, ընդգծում էին հատուկ այն հաղորդումները, որոնք կարող են նայել, որոնք հետաքրքրություն են առաջացնում իրենց մոտ, ապա այսօր այդպես չէ․

Դու հանգիստ կարող ես վերցնել հեռակառավարման վահանակը, թերթել, և որտեղ քեզ հետաքրքրող բան կա, կարող ես նայել։ Ըստ դրա արդեն տիպային բաժանման է ենթարկվում․ ժամանցային հաղորդումները առանձին հեռուստաալիք կարող են ունենալ, խոհանոցայինը՝ առանձին, տեղեկատվականը՝ առանձին և այդպես շարունակ։ Այսինքն գնալով մասնագիտացում է տեղի ունենում։ Օրինակները շատ են և աշխարհում վաղուց կիրառվում է «մասնագիտացման այդ տեխնիկան»։ Սա, իհարկե, գալիս է հասարակության պահանջից։

Կա հայկական ֆիլմերի առանձին հեռուստատալիք, որ առավոտից երեկո ֆիլմեր է ցույց տալիս, և կարող է երեք օրը մեկ կրկնվեն ֆիլմերը, բայց հեռուստալիքի առջև խնդիր է դրված առավոտից երեկո ապահովել եթերը հայկական ֆիլմերով։ Կան շատ տարեց մարդիկ, որոնք տանն են և մեծ հաճույքով նայում են այդ ֆիլմերը, ու հեռուստաալիքը բավականին մեծ արձագանք ունի։

Ամփոփելով ասեմ, որ մասնագիտացումը գալիս է հասարակության պահանջներից, և հասարակությունն է որոշակի առումով դառնում թելադրողը, իսկ դա էլ նշանակում է, որ մասնագիտացված հեռուստաընկերություններում գովազդային հատվածը շատ ավելի հեշտ է ապահովել, այս դեպքում արդեն թիրախավորված գովազդ ենք տեսնում, որը շատ ավելի ուժեղ է հասնում այդ լսարանին և թիախային լսարանին, քան հակառակ դեպքում։ Օրինակ՝ դու չես կարող սպորտային ալիքում գովազդել լվացքի փոշի, որովհետև դա քո թիրախային լսարանը չէ, ինչքան էլ ասենք, որ լիքը կանայք և աղջիկներ հետևում են այդ ալիքին։ Բայց, եթե գարեջուր գովազդես, շատ ավելի մեծ ազդեցություն կունենա։ Այս դեպքում հեռուստաընկերությունները գովազդային քաղաքականության տեսանկյունից են շահեկան դիրքերում հայտնվում։

Յուրաքանչյուր լրատվամիջոց այսօր մարտահրավերի առաջ է կանգնած․ այնպես անել, որ հետաքրքրի հեռուստադիտողին։ Որովհետև հեռուստադիտողների մեծ մասը արդեն դարձել են ռադիոդիտողներ (կարող ես միացնել, դիտել ու լսել)։ Մարտահրավերները այսօր շատ են, կհաղթեն նրանք, որոնք կրեատիվ մոտեցում կցուցաբերեն, որոնք կտարբերվեն, որոնք շատ գործիքներ կօգտագործեն, որոնք հանրայնացման հնարավորությունները կօգտագործեն։

(Լուսանկարը Սաթեն Գրիգորյանի արխիվից)

«Ցանկացած մեդիակոնտենտ կարող է որոշակի ռիսկեր պարունակել, նորմեր խախտել, հեռուստադիտողն էլ վաղուց ադապտացված է մեդիա-էկոլոգիայի աղտոտվածությանը, ուստի դիտում է այն, ինչն իրեն դուր  է գալիս»

Սաթեն Գրիգորյան

Մեդիահոգեբան

Մեդիան այսօր ընձեռում է լայն և  ազատ ընտրության հնարավորություն, մատչելի դարձնում նախկինում անհասանելին: Ընտրությունը գնալով առավել բազմազան է դառնում, մարդիկ ընտրում են այն, ինչ իրենց այդ պահին անհրաժեշտ է՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու: Նիշային կոնտենտն առավել հեշտ է գործարկել, ժամանակի անիմաստ կորուստ չի լինում, մարդիկ կարողանում են արագ կողմնորոշվել:

Ցանկացած մեդիակոնտենտ կարող է որոշակի ռիսկեր պարունակել, նորմեր խախտել, հեռուստադիտողն էլ վաղուց ադապտացված է մեդիա-էկոլոգիայի աղտոտվածությանը, ուստի դիտում է այն, ինչն իրեն դուր  է գալիս: Ընտրությունն այսօր այնքան մեծ է, որ լավ կոնտենտին փոխարինում է ավելի լավը, վատին՝ առավել վատը, ուստի այսօր նաև մեդիագրագիտության բարձր մակարդակի ընդգծված անհրաժեշտություն կա:

Զուգահեռ իրականությունը, որն այսօր մեզ առաջարկում է մեդիան, բավականին գրավիչ ու հետաքրքիր է: Երբ առաջին անգամ խոսք գնաց արհեստական բանականություն ունեցող ռոբոտ լրագրողի մասին, մարդիկ չէին պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, սակայն այսօր Չինաստանում արդեն ազատորեն գործարկվում է ռոբոտ լրագրողի ֆենոմենը, որը սովորական երևույթ է դարձել: Սակայն կա մի նրբություն. մարդկային գործոնը մշտապես ուղեկից է լինելու այդ ամենին, քանի որ հենց մարդն է ստեղծում համակարգերը, մարդն է կառավարում իր կողմից ստեղծվածը, ուստի մասնակցային բովանդակությունը շարունակելու է զուգահեռ զարգանալ՝ իհարկե հաճախ հարմարվելով արհեստական բանականության սահմանած նորմերին:

Նիշային հեռուստատեսության առնչությամբ ուշագրավ փաստն այն է, որ այն ունի հստակ թիրախային խումբ, ուստի աշխատելաոճն ու կանխատեսումներն էլ հեշտությամբ են կատարվում: Հեռուստատեսության աշխատակիցերը գիտեն՝ որ ժամին որ կոնտենտ է անհրաժեշտ հրամցնել, գովազդի որ տեսակը պետք է ընտրել, ինչ հաճախականությամբ է նախընտրելի ընդհատել հաղորդումը/խաղը գովազդով և այդպես շարունակ: Գովելի է նմանօրինակ հեռուստաընկերությունների առկայությունը, ինչպես նաև աճը, սակայն մարտահրավերներն այսօր այնքան շատ են, որ հեռուստատեսությունը հետզհետե իր դիրքերը զիջում է համացանցային մեդիային:

«Կուզենայի, որ բույսերին բուժելու, խնամելու մի ալիք լիներ առանձին. և՛ փորձ կանեի, և՛ գործ»

Երջանիկ տատիկ

Սիրում է հեռուստացույց դիտել

90-ականներին «քիթ սրբելու ժամանակ չունեի», հիմա առանց հեռուստացույցի չեմ պատկերացնում օրս։ Ամեն ինչ նայում եմ, սերիալների կրկրնությունն էլ հետը։ Ավելի շատ լուրերն եմ նայում, տեղեկանում եմ աշխարհում կատարվող իրադարձություններին, հետո արդեն ժամանցայինները։

Խոհանոցային հաղորդումներն ամենաշատն եմ սիրում։ 87 տարեկան եմ, բայց մինչև հիմա էքսպերիմենտներ եմ անում թոռներիս համար։

Շատ կուզենայի, որ հայկական առանձին խոհանոցային հեռուստաալիք լիներ։ Ռուսները ունեն, մնացածը ունեն, բայց ես մեր հայկականն եմ ուզում, թեկուզ դոլմա պատրաստեն։

Հողամասումս էլ ամեն ինչ ցանում եմ, բայց մեկ-մեկ չորանում է, ու չեմ հասկանում ինչից է։ Գյուղում մի մարդ կա, այդպիսի բաներից հասկանում է, բայց պատահում է՝ ինքն էլ չի հասկանում, ու բերքս փչանում է։ Կուզենայի, որ բույսերին բուժելու, խնամելու մի ալիք լիներ առանձին. և՛ փորձ կանեի, և՛ գործ։

Հայկական ալիքները ինձ չեն հերիքում, ստիպված ուրիշներն եմ նայում։ 

Լիլիթ Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել