Նախագահների քաշով մեկ կոնյակ, «հրեշտակների բաժին»․․․ Արարատ կոնյակի գործարանում

Նախագահների քաշով մեկ կոնյակ, «հրեշտակների բաժին»․․․ Արարատ կոնյակի գործարանում

245

Դեկտեմբերի 16-17-ը Արարատ կոնյակի գործարանում հայտարարված էր բաց դռների օր։

Որոշեցի, որ անպայման պետք է գնամ և գնացի։

Երբեք չէի եղել որևէ գործարանում, և դա իմ առաջին այցն էր։ Տպավորությունները վառ էին դեռ մուտքից սկսած։ Մուտքը զարդարված էր կարմիր վարդերով և ժապավեններով։

Այցելության էին եկել նաև մի քանի ուսանողական և աշակերտական խմբեր։ Թեյի և սուրճի հյուրասիրություն էր կազմակերպված հատուկ այցելուների համար։ Մուտքին հաջորդում էր այգին, որտեղ արդեն նախատոնական տրամադրություն կար։

Այնտեղ մեզ դիմավորեց էքսկուրսավարը և ուղեկցեց նախասրահ։ Նախասրահից պարզ դարձավ, թե մեզ ինչպիսի տեսարաններ էին սպասվում։ Չորսբոլորը տակառներ ու կոնյակի շշեր։ Նախասրահում սահիկաշարով ցուցադրվեց կոնյակի պատրաստումը՝ բերքահավաքից սկսած։

Շարժվեցինք առաջ։

Էքսկուրսավարը պատմում էր, որ ամեն տարի յուրաքանչյուր տակառից կորցնում են 2-4 տոկոս սպիրտ։ Եվ, որպեսզի վարպետները իրենք իրենց սփոփեն, այդ կորցրած մասը կոչում են «հրեշտակների բաժին»։

Այնուհետև անցանք տակառագործությանը։ Տակառներ պատրաստելու համար վարպետներն օգտագործում են կովկասյան կաղին, բայց միայն 70 տարեկանից բարձր։ Փայտը չորացնում են մոտ երկու տարի, որպեսզի այն կորցնի իր բնական դառնահամը։ Վարպետը գտնում է մոտ 36 տակառափայտ յուրաքանչյուր տակառի համար։ Երբ արդեն ստանում են տակառի «կիսաշրջազգեստ» տեսքը, այն խարկում են կրակի վրա։ Եվ տակառի գույնից էլ կախված է կոնյակի համը։ Իսկ ներսի համար որպես սոսինձ օգտագործվում է ալյուրի և ջրի խառնուրդը։

Նորից շարժվեցինք առաջ։ Մեզանից ձախ դրված էին բազմաթիվ տակառներ։ Իսկ վերևում կախված էին գործարան այցելած այն նախագահների լուսանկարները, որոնց պատկանում էր տակառում գտնվող կոնյակը։ Յուրաքանչյուր տակառի վրա թողել էին իրենց ստորագրությունը և, երբ ցանկանան, կարող են տանել իրենց կոնյակը։ Իսկ եթե նախագահներից որևէ մեկը մահանա, կոնյակը ժառանգաբար անցնում է նրա ընտանիքին։ Իսկ արդեն աջ կողմում դրված էր մեկ տակառ և մեկ նստարան։ Այն նման էր կշեռքի։ Եղել է ավանդույթ, որ երբ որևէ նախագահ է այցելել գործարան, նստել է այդ աթոռին, իսկ մյուս կողմում դրել են կոնյակով լի շշեր։ Նախագահին որպես նվեր տվել են այդ կոնյակները՝ նրա քաշին համապատասխան։ «Այսինքն ինչքան գեր, այդքան ավելի լավ»,- կատակում էին։ Ասում էին, որ Ռուսաստանի նախագահ Ելցինից հետո այլևս չեն օգտագործել այդ կշեռքը, որովհետև իր այցելության ժամանակ նա իր հետ հարյուր լիտրից ավել կոնյակ էր տարել։

Մի փոքր առաջանալուց հետո մեզ ցույց տվեցին մի դուռ, որը կոչվում էր «Դրախտի դուռ»։ Դրա հետևում պահպանվում էին ամենահին սպիրտներն ու կոնյակները։ Ամենահին կոնյակը 1902 թվականի էր։ Այդ դուռը բացվում է միայն գործադիր տնօրենի մատնահետքով։ Էքսկուրսավարն ասաց, որ այնտեղ բոլոր աշխատողները երջանիկ են։

Սա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Մեծ բան կկորցնեի, եթե կյանքում գոնե մեկ անգամ չայցելեի Արարատ կոնյակի գործարան։ Եվ քանի որ այդ օրը խանութում կոնյակները վաճառվում էին գործարանային գներով, որոշեցի գնել մի փոքրիկ շշով կոնյակ, որը որպես հուշ ցանկանում եմ նվիրել եղբորս՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ։

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել