Սիրողական մարզումներից մինչև աշխարհի չեմպիոնի կոչում․ երիտասարդ մարզիկի վերելքը դեպի մարզական վարպետություն․․․

Սիրողական մարզումներից մինչև աշխարհի չեմպիոնի կոչում․ երիտասարդ մարզիկի վերելքը դեպի մարզական վարպետություն․․․

944

Աշխարհում գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, դրանցից մի քանիսը տարիներ շարունակ լայն տարածում ունեն նաև Հայաստանում։ Մեր երկրում «Ուժային եռամարտ» սպորտաձևը 1988 թվականից  սկսեց գրանցել լուրջ առաջընթաց։ Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկ, աշխարհի առաջնության չեմպիոն Գոռ Մարգարյանն, ասում է, որ մեր երկրում կան շատ լավ պայմաններ մարզվելու և լավ մարզիկ դառնալու համար, իր իսկ օրինակով պատմում է, որ մարզաձևի հանդեպ սերը ծնվել է առաջին իսկ մարզումների ժամանակ:

«Ես վաղ հասակում հաճախել եմ բռնցքամարտի խմբակ, իսկ ավելի մեծ տարիքում՝ 16 տարեկանից սկսած, զբաղվում եմ ուժային եռամարտով։ Իրականում բավականին պատահական սկսվեց իմ սպորտային ուղին, հիշում եմ՝ դեռ դպրոցական տարիքում դասընկերներով որոշեցինք սիրողական մարզադահլիճ հաճախել, մի քանի ամիս անց հասկացա, որ իմ ցուցանիշները տարբերվում էին ընկերներիս ցուցանիշներից։ Արդեն իսկ գրանցել էի լավ արդյունքներ և հենց այդ ժամանակ որոշեցի ավելի խորանալ ու սկսել պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։

 Հենց այդ ժամանակ էլ, անկախ ինձնից, սկսեցի շատ սիրել այս մարզաձևը։ Այժմ 23 տարեկան եմ և ակտիվ զբաղվում եմ մարզաձևով ու կարող եմ հստակ ասել, որ այն ուղիղ համեմատական է «կյանքի աստիճանի» հետ: Կան կիլոգրամների տեսքով հստակ ցուցանիշներ, ու մարզիկն, անընդհատ հաղթահարելով այդ ամենը, շարժվում է էլ ավելի առաջ՝ գրավելով նոր բարձրունքներ…։»,-պատմում է Գոռը։

Գոռը հպարտորեն ասում է, որ անգամ բանակային ծառայությունը չի խանգարել հասնելու իր նպատակին, իսկ նպատակը հստակ ընդգծված էր՝ մարզաձևում լինել առաջիններից մեկը:

«Մինչ բանակ զորակոչվելս արդեն սպորտի վարպետի ցուցանիշների եմ հասել։ Ծառայության ողջ ընթացքում ևս պարապել եմ, հստակ նպատակ ունեի՝ պետք է գամ ու շարունակեմ մարզումներս, քանի որ չէի ուզում կիսատ թողնել։ Ճիշտ է, բանակում չկային սպորտային չափանիշներին համապատասխան մարզասաքեր, բայց, միևնույնն է, ամեն կերպ փորձում էի պարապել։ Ծառայում էի, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, դե բնականաբար այդ օրերին կոնկրետ չէի պարապում, բայց այդ շրջանը կարելի է համարել կյանքի պարապմունք։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ ես սպորտում դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու։

Բանակում չէի կարողանում պահպանել հստակ մարզավիճակս, բայց վերադառնալուց հետո մեծ տեմպերով պարապեցի ու վերականգնեցի իմ հին արդյունքները»,- պատմում է Գոռը։

Խոսելով հիասթափությունների մասին՝ Գոռն ասում է, որ սպորտում հիասթափվելն ուղիղ համեմատական է պարտվելու հետ:

«Սպորտում պետք է հստակ նպատակ ունենաս, հնարավոր է, որ դրան հասնելու համար շատ ժամանակ պահանջվի։ Շատ հաճախ պատահում է, որ օրինակ պարապում ես ու չես հասնում քո ձգտած կիլոգրամին, հնարավոր է, որ այդ ճանապարհը նախատեսված մեկ ամսվա փոխարեն տևի մի քանի ամիս, այս պարագայում կարևորը չհիասթափվելն է, պետք է շարունակես, որովհետև դրա համար ժամանակ է հարկավոր։ Ես վստահ եմ՝ յուրաքանչյուր մարզիկ, երբ հաղթահարի  այդ «փորձությունը», մեծ հաղթանակն իրեն սպասեցնել չի տա»,-ասում է նա։

Վերջերս Հայաստանյան մրցումները հաղթանակներով ավարտելուց հետո, Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ որի կազմում էր նաև Գոռը, ֆեդերացիաի նախագահ (ՀՀ վաստակավոր մարզիչ) Գագիկ Սարոյանի գլխավորությամբ մեկնում է Իտալիա՝ Հռոմ, մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Որտեղից էլ Գոռը վերադառնում է չեմպիոնի կոչումով:

«Մինչ աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացվում են մրցումներ, որոնք հաղթահարելուց հետո կազմվեց 12 հոգանոց խումբ, ու մենք մեկնեցինք Հռոմ՝ մասնակցելու պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը: Մեծ արդյունքներով հետ եկանք` 9 ոսկե վարժության մեդալ և 2 արծաթե վարժության մեդալ:


Ես երիտասարդների շրջանում, մինչև 77 կգ քաշային կարգում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը։ Իրականում շատ երկար եմ պատրաստվել մրցմանը, նույնիսկ անհամբեր տեմպով։ Մրցույթին գնացել էի հստակ հաղթանակի ակնկալիքով, ինձ նաև շրջապատում էին շատ ոգևորում, հավատալով  իմ հաղթանակին, բոլորը քաջալերում էին ինձ: Մենք շատ լավ հավաքական ունենք, մեր տղաներից մեկն ամգամ մրցույթի ժամանակ ռեկորդ գրանցեց։

Առաջիկայում պատրաստվում ենք նոր մրցույթի՝ Եվրոպայի առաջնությանը, սա վերջին մրցույթն է լինելու, ուր հանդես կգամ երիտասարդների տարիքային խմբում, մյուսից արդեն տարիքս փոխվում է, մտնում եմ մեծահասակների խումբ: Ես այս պահին հանդես եմ գալիս մեկ մրցաձևում, շուտով պատրաստվում եմ հենց եռամարտ մրցաձևի մեջ հանդես գալ», – պատմում է մարզիկը։

Գոռի խոսքով՝ որպես օրինակ միշտ դիտարկել է ավագ սերնդի մարզիկներին և նրանցից միշտ ավելին սովորել:

«Կարծում եմ, որ ցանկացած մարզիկ, երբ զբաղվում է այս սպորտաձևով, ավելի ավագ սերնդից մի մեծ օրինակ ունի, աշխարհի մասշտաբով, որպես օրինակ, միշտ Կիրիլ Սարիչևին եմ դիտարկել, հենց իր յութուբյան վիդեոհոլովակները շատ եմ նայել, ոգեշնչվել եմ շատ իր արդյունքներով»։

Որքան էլ բարդ է մարզիկի առօրյան, Գոռն ասում է, որ սիրահարված է իր մասնագիտությանը:

 «Ես ապրում եմ այս սպորտաձևով, այն իմ կյանքի իմաստն է դարձել, առանց սպորտի էլ չեմ պատկերացնում։  Մեր ուժային մարզումներում շատ կարևոր է թե՛ ճիշտ գրաֆիկը, թե՛ օրինակ սննդակարգը, նաև քնի ռեժիմը, որովհետև մարզիկը պետք է միշտ հանգստանա, պարզապես չի կարող հոգնած գնալ մարզումների ու ցացաբերել լավ արդյունքներ։ Մեր սպորտում առաջնային է այս չափանիշներին հետևելը ու, երբ գիտակցում ես, որ այն դարձել է պարզապես քո կենսակերպը, և ապրում ես դրանով, հասկանում ես, որ իրականում զբաղվում ես երազանքներիդ մասնագիտությամբ․․․»։

Իր հետագա ողջ կյանքը Գոռը տեսնում է սպորտում, ասում է, երբ անգամ որպես մարզիկ էլ անելու բան չունենա, անպայման դառնալու է մարզիչ, քանի որ այս սպորտաձևը դեռ շա՜տ երկար ճանապարհ ունի…

«Ուզում եմ, որ այս սպորտաձևը Հայաստանում ավելի լայն տարածում ստանա, դրանում ես անպայման պետք է իմ ներդրումն ունենամ…»,-ասում է մարզիկը։

Հասմիկ Անտոնյան

5-րդ կուրս

Կիսվել