«Սա երիտասարդների և վաստակավոր ուսուցիչների պայքար չէ, սա լավ աշխատանքի և համատեղ...

«Սա երիտասարդների և վաստակավոր ուսուցիչների պայքար չէ, սա լավ աշխատանքի և համատեղ արդյունքի պայքար է»

328

«Կարծում եմ մանկավարժությունը նվիրում է։ Ես 34 տարվա աշխատանքային փորձ ունեմ, և բազում տարիներ օրս սկսվում է հենց դպրոցից։ Առանց դպրոցի չեմ պատկերացնում իմ կյանքը, ինքս արդեն մեկ տարի է անցել եմ կենսաթոշակի, սակայն կարծում եմ, որ ուժերս դեռ բավարարում են օգնելու երեխաներին՝ բարձրացնելու իրենց կրթական որակը․․․»,-ասում է քիմիայի ուսուցչուհի Կարինե Վարդանյանը։

Անսահման սերն ու անմնացորդ նվիրումը հոգով ուսուցիչներին մի ամբողջ կյանք կապում է դպրոցի հետ։ Նրանց համար դժվար էր ընդունելը, որ կենսաթոշակային տարիքում՝ 63-ից հետո, այլևս անելիք չունեին դպրոցում։ Այժմ աշխատանքային օրենսգրում նախատեսվող փոփոխությունների համաձայն թոշակառու լինելն այլևս չի կարող աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ։

Պարոն Լալայանը դպրոցում աշխատող թոշակառուներից մեկն է, կյանքն ինչ-որ պահի պատմության ուսուցչին հեռացրել է իրեն հարզատ դպրոցից, սակայն, իր խոսքով, երեխաների հանդեպ սերն իրեն հետ է տարել դպրոց․ «Իմ տարիքի բոլոր մարդիկ դուրս են եկել դպրոցից, բայց ես այն եզակիներից եմ, որն ամուր կապված մնաց դպրոցին, ու, չնայած որ, մանկավարժի գործն այդքան էլ հեշտ չէ, և արդեն լրացել է թոշակիս տարիքը, ես շարունակում եմ մնալ դպրոցում՝ շատ սիրելով իմ առարկան, իմ երեխեքին․․․»,- ասում է թոշակառու Լալայանը։

Կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից ուսոցիչները դժգոհ են, վաստակավոր ուսուցիչ պարոն Լալայանի խոսքով՝ կարևորը կրթության բովանդակությանը հետևելն է, իսկ մեր օրերում կրթության արտաքին փաթեթավորմանն են ուշադրություն դարձնում։ Նախկինում դպրոցներում տնօրենները աշխատանքից ազատել են թոշակառու մանկավարժներին, ցավոք, այսօր այդ բացն ակնհայտ է կրթական համակարգում՝ լավ մասնագետների պակաս շատ կա։

Ֆիզաիկայի ուսոցչուհի Սուսաննա Ավանեսյանին շատ է ոգևորել այն փաստը, որ այժմ թոշակառուները ևս կարող են աշխատել․

«Կարծում եմ՝ եթե մարդն ի վիճակի է աշխատել, պետք է աշխատի, իսկ երբ արդեն զգա, որ ինքը չի կարող տալ այն գիտելիքը, որն անհրաժեշտ է ներկա սերնդին, վստահ եմ՝ ինքն անձամբ դուրս կգա. ես էդպես եմ կարծում և հենց էդպես էլ վարվելու եմ»,- ասում է նա։

«Մի կողմից լավ է, որ ստաժավոր մարդիկ կարող են մնալ դպրոոցում և ավելի շատ սերունդներ կրթել, բայց մյուս կողմից էլ վատ է, քանի որ դպրոց կարող էին մտնել ավելի երտասարդ կադրեր՝ ավելի եռանդուն, զինված նոր գիտելիքներով, ինչ-որ տեղ ավագ սերունդը պետք է զիջի երիտասարդ սերնդին․․․»,-ասում է պատմության ուսուցիչ Լալայանը։

Շողերինա Գրգիգորյանը դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում, ունի ավելին քան քառասուն տարվա մանկավարժական փորձ․

«Ես շատ սիրով եմ մոտենում իմ աշխատանքին և ուախ եմ, որ նման որոշում կայացվեց: Թոշակառուն, եթե ի վիճակի է, և տնօրենը գտնում է, որ նա դեռ դպրոցին կարող է օգտակար լինել, կարծում եմ որ շատ կարևոր է թույլ տալ նրան աշխատել։ Ես դրա համար անչափ շնորհակալ եմ»,- ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։

Երիտասարդ ուսուցիչները ևս դրական են ընդունում այս որոշումը, կարծում են, որ ավագ գործընկերներից դեռ շատ բան ունեն սովորելու: Ուսուցիչների կարծիքով՝ նաև տեղին չէ երիտասարդ թե՞ վաստակավոր ուսուցիչ համեմատությունը, կարևոր է, որ նրանք իրենց աշխատանքը կազմակերպեն ի շահ երեխաների։ Կարինե Վարդանյանի խոսքով՝ ավագ սերնդի ուսուցիչներին երիտասարդներն օգնում են նորագույն տեխնոլոգիաները կրթության ոլորտում օգտագործելու հարցում, իսկ իրենք էլ նորաթուխ ուսուցիչներին փոխանցում են տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու մեթոդները։ «Սա երիտասարդների և վաստակավոր ուսուցիչների պայքար չէ, սա լավ աշխատանքի և համատեղ արդյունքի պայքար է»,- վստահեցնում են ուսուցիչները։

Հասմիկ Անտոնյան

5-րդ կուրս

Կիսվել