ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

5167

Եթե աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ ժամանակից շուտ կատարվում են բոլոր երազանքները, ապա դա Հնդկաստանն է:

Առաջին հայացքից կեղտոտ և աղմկոտ թվացող այս երկիրը իրականում կարողանում է շատ խորը արմատներ գցել այն մարդկանց սրտերում, ովքեր հոգով են ընկալում նրան:

Ինքնաթիռը վայրէջք կատարեց Մումբայում: Առաջինը, ինչն ինձ գրավեց՝ անսովոր հոտն էր: Այն ասես մեքենաների, ծովի, մարդկանց, ուտելիքների և բազմաթիվ ռեստորանների միախարնված բուրմունք լիներ:

Ահա քայլում եմ երազ թվացող փողոցներով, այրող ու կիզիչ արևի տակ, շուրջս աղմուկ է ու խառնաշփոթ:

Իմ աջ կողմում Մումբայի մեծ շուկան էր, որտեղ մարդկանց խիտ բազմություն էր, իսկ մարդկանց մեջ երևում էին սպիտակ կովերը, որոնք շատ հանգիստ ուտում էին վաճառվող մթերքները: Նրանց չէին հարվածում ու չեին քշում պարզապես նրա համար, որ նա սուրբ կենդանի է: Ըստ հնդիկների և հինդուիզմի` կովը համարվում է մորը փոխարինող կենդանի: Այնտեղ բոլոր երեխաները մեծանում են կովի կաթով:

Մումբայի փողոցներում շրջելիս քայլերս ինձ հասցրին այն հինդուիստական տաճարներից մեկը, որոնք տեսել էի միայն ֆիլմերում: Քարաշեն այս կերտվածքի մեջ յուրահատուկ մի բան կար, որը սկզբում չկարողացա ընկալել:

Տաճարի մուտքի մոտ հավաքված էին հուշանվերներ վաճառող առևտրականները, ովքեր իրենց ապրանքները վաճառելու համար կիզվում էին բարկ արևի տակ: Նրանց նայելով մի պահ Սևանավանքս հիշեցի:

Տաճար մտնելիս գլխիս սարի քաշեցի, հանեցի կոշիկներս, որը ըստ հնդուիզմի հարգանքի նշան է, և, զանգին հարվածելով, ի նշան ողջույնի, ներս մտա: Աստվածային էր այն ինչ տեսա: Գույնզգույն ծաղիկներ, գունափոշիներ, տարատեսակ մրգեր և այդ ամենի մեջ մարմարակերտ Գանեշա աստվածն էր իր մարդկային մարմնով և փղի գլխով:

Այնտեղ աղոթքի ժամ էր, և արտաբերված բառերից միայն Դեվա շրի Գանեշա արտահայտությունն էի  հասկանում՝  Փառք Գանեշային:

Հնդկաստանում մարդիկ խառն են : Ամենքը զբաղված իր գործով, ոմանք էլ՝ ուրիշի գործերով, ինչպես օրինակ Հայաստանում: Այնտեղի փողոցներում ծայրահեղ աղքատությունն ու հարստությունը կողք կողքի են:

Քայլերս ուղեցի դեպի գլխավոր ճանապարհը, որը ինձ պիտի հասցներ իմ նպատակակետին:

Ձեռքով, շատ հեշտությամբ կանգնեցրի այն եռանիվ մեքենաներից մեկը, որոնց Հնդկաստանում ամենաշատը կարող ես տեսնել և որոնց անվանում են րիկշա: Նստեցի ու ճանապարհ ընկա:

Շատ էի լսել Հնդկաստանի խոշոր արդյունաբերական երկիր լինելու մասին և անցնելով ոսկու հանքերի մոտով հասկացա, որ ոսկու հայրենիքը հենց այստեղ է:

Հնդկաստանը երկրի հրաշալի օրինակ է, որտեղ բնակչության ձեռքերում մեծ քանակությամբ ոսկի կա: Նրա բնակչությունը կազմում է մոտ 1.3 միլիարդ մարդ: Ես լսել էի հնդկաստանի կենտրոնական բանկի ոսկու քանակի մասին, բայց չգիտեի, որ հնդիկները տնտեսել են ոսկին հազարավոր տարների ընթացքում: Հնդիկները ոսկուն նայում են կրոնական տեսանկյունից, այն իրականում համարվում է հինդուիզմի մի մասնիկը:

Րիկշան գնում է միջին արագությամբ, իսկ ես համտեսելով ճանապարհից գնված իմ տաք սամոսան, ուշադիր ֆիքսում եմ շրջապատի ամեն մի դետալը: Սամոսան հնդկական խոհանոցի ամենահայտնի կերակրատեսակներից մեկն է: Կանաչ ոլոռով, կարտոֆիլով, գազարով և սնկով այս միջուկը համեմված տարատեսակ համեմունքներով լցված է փոքրիկ բրգաձև խմորե պարկի մեջ, որն էլ հետո տապակում են բուսայուղի մեջ: Անմահական համ ունի:

Կանգ առանք Ագրա քաղաքում: Ես վճարեցի սահմանված 27 ռուպին և դուրս եկա րիկշայից: Դիմացս վեր խոյացավ վեհաշուք Թաջ Մահալը, շրջապատված 4 թեք սյուներով: Սյուների թեքությունը նրա համր է, որ բնական աղետների ժամանակ դրանց փլվելը չվնասի տաճարը:

Ամբողջովին մարմարակերտ այս կերտվածքը հայտնի է ամբողջ աշխարհին, որի հիմքում սերն է: Այն կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են մոտավորապես 1632 թվականին և ավարտվել 1653 թվականին։ Շինարարությանը մասնակցել են ավելի քան 22 000 վարպետներ կայսրության բոլոր կողմերից։

Պատերի նկարազարդումները բնավ էլ ներկերով չեն, այլ գունավոր, թանկարժեք քարերով:

Քայլում ես ու չես հասկանում, թե որքան անսահմանափակ կարող է լինել մարդկային երևակայությունը: Նայում եմ այն կնոջ դամբարանին, ում համար սուլթանը կառուցել է Թաջ Մահալը: Նա էլ ասես այնտեղ լինի, և թվում է, թե ուր որ է դուրս կգա այն զարդաքանդակ սյունի հետևից :

Ահա քայլում եմ տաճարի պարիսպներից դուրս, այնտեղ թողնելով ինձանից մի մասնիկ: Թեքվում ու հետ եմ նայում, ինքս ինձ խոստանալով, որ հետ եմ գալու:

Նորից երկար ճանապարհ, անծայրածիր դաշտեր: Անդադար շնչել եմ ուզում Հնդկաստանի օդը և մտապահել այստեղ անցկացրած ամեն մի վայրկյանը:

Առջևումս ինձ Հնդկաստան բերած  ինքնաթիռն է, քայլերս դանդաղ եմ ուղղում դեպի այն, ցանկանալով մի վայրկյան ավել մնալ այնտեղ:

Պատրաստվում եմ թռիչքի և միևնույն ժամանակ պատրաստվում եմ այնտեղ ներքևում թողնել երազանքս:

Ասում են՝ Հնդկաստան գնացողը 2 անգամ է լաց լինում: Առաջինը, երբ գնում ես մի երկիր, որտեղ աղմկոտ է, փոշոտ և խառը, իսկ երկրորդը՝ այնտեղից հեռանալիս, երբ ասում ես.  «Աստված իմ, ինչես ես կարող եմ թողնել այս հեքիաթն ու հեռանալ»:

                                                                                                      

Արմենուհի Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել