Բռնության տեսարանների ազդեցությունը դեռահասների վարքագծում և ընկալումներում

Բռնության տեսարանների ազդեցությունը դեռահասների վարքագծում և ընկալումներում

298

Զրույց  հոգեբան-խորհրդատու Մարիանա Հասրաթյանի հետ։

Հոգեբանական ինչպիսի՞ ազդեցություն կարող են առաջացնել բռնության կադրերը:

-Բռնության կադրերն իսկապես կարող են հսկայական ազդեցություն ունենալ հեռուստադիտողի և հատկապես հոգեպես անկայուն վիճակում գտնվող դեռահասի վրա, սակայն մեծ նշանակություն ունի նաև այն միտքը, որը սերիալը կամ ֆիլմը ուզում է փոխանցել տվյալ կադրերով։                                                              Քննարկենք մեկ օրինակ. վերջին շրջանում մեծ տարածում ստացած «Слово пацана» սերիալում շոշափվում են հենց դեռահասական խմբավորումների, սպանության և հանցագործ կյանքի թեմաները։ Հեղինակն ասում է, որ նա ցանկացել է այդ սերիալով փոխանցել այն միտքը, որ նման ապրելակերպը ի վերջո բերում է սարսափելի հետևանքների։ Սակայն ես կարծում եմ, որ նրան դա լիովին չի հաջողվել։ Առաջին պատճառն այն է, որ գլխավոր հերոսները շատ հմայիչ դերասաններ են, ովքեր հեռուստադիտողի կողմից համակրանքի են արժանանում, քանի որ ներկայացնում են «բարին» և «քաջությունը»՝ ի տարբերություն խմբավորման անդամ չհանդիսացող տղաների։ Այստեղ բռնության տեսարանները ասես արդարացվեն, քանի որ դրանք կարող են լինել «հանուն» սիրած աղջկա կամ ընկերոջ, որի արդյունքում էլ շատ դեռահասներ կարող են կրկնօրինակել ագրեսիան՝ շրջապատի կողմից ճանաչում և սեր ստանալու համար։ 

Նման բնույթի տեսարաններից կարո՞ղ են առաջանալ վախեր: 

-Կարող են, և հատկապես ավելի հանգիստ, նման խմբավորումներից հեռու մնացող դեռահասների մոտ, քանի որ նրանց մոտ նորից կարող են ակտիվանալ «բավարար չլինելու» կամ վախկոտ լինելու մտքերը։ Տեսնելով, թե ինչպես են վարվում նման տղաների հետ սերիալում՝ նրանց մոտ կարող է առաջանալ վախ, որ նույնը կարող է իրենց հետ լինել։

Իսկ ինչպե՞ս հաղթահարել այդ վախերը

-Հոգեբանական աջակցությունը, հատկապես դեռահասական տարիքում, շատ կարևոր է։ Դեռահասական տարիքում մարդու հոգեվիճակը առավել փխրուն է, և նմանատիպ վախերը կարող են բերել բավականին ծայրահեղ քայլերի։ Ուստի նման իրավիճակներից խուսափելու համար ծնողները պետք է քննարկեն տվյալ հարցը դեռահասի հետ և դիմեն հոգեբանի օգնությանը։ 

Դեռահասների վարքագծում շատ հաճախ նման տեսարանները դառնում են կրկնօրինակման օրինակ և կիրառվում շրջապատում. ինչպե՞ս պետք է կանխվի նման քայլերի առաջացումը:

-Նախ և առաջ հարկ եմ համարում նշել, որ միայն նման տեսարաններից դեռահասների մոտ ագրեսիա կամ կրկնօրինակման ցանկություն չի կարող առաջանալ։ Բարդ և ոչ կայուն վարքագիծ ունեցող դեռահասների ընտանիքներում կարելի է գտնել առնվազն 2-3 պատճառ, որոնք հանդիսանում են ագրեսիվ պահվածքի առաջացում։ Դա կարող է լինել, օրինակ, դաստիարակությունը կամ դեռահասի հետ շփման ոչ ճիշտ ձևերը։  

Ցավոք, շատ հաճախ նման ընտանիքներում ագրեսիան դաստիարակման հիմնական գործիքն է, որը էլ ավելի է բարդացնում դեռահասի վարքագիծը։ Ծնողների աջակցությունը, ճիշտ դաստիարակությունը կարող են օգնել դեռահասներին, զերծ մնալու և կանխելու նման քայլերի առաջացումը, և այս դեպքում լավագույն տարբերականերից կլինի այն, որ ծնողները ևս դիմեն հոգեբանի օգնությանը և ճիշտ քայլերով, վերաբերմունքով օգնեն իրենց երեխաներին։

Հասմիկ Գյոզալյան

5-րդ կուրս

Կիսվել