Մշակութային անհասանելի կյանք հաշմանդամություն ունեցող անձանց համար

Մշակութային անհասանելի կյանք հաշմանդամություն ունեցող անձանց համար

459

Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրել է «Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների»  մասին կոնվենիցիան, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետություններ ապահովելու համար ընդհանուր սկզբունքների Գ կետում ասվում է՝  «ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցություն և ներգրավվածությունը»։ Սկզբունքների լիարժեք կատարումը ամբողջությամբ դեռևս չի իրականացվում։ Հատկապես այս սկզբունքի ենթատեքստում հաշմանդամություն ունեցող անձինք ունենում են որոշ անհարմարություններ մշակութային կենտրոններ այցելելիս։ Պարզելու համար, թե ինչքանով են խանգարում այդ անհարմարությունները մշակութային կյանքին լիարժեք մասնակցություն ունենալուն՝ խոսել ենք մարդկանց հետ, ովքեր փաստել են, որ խնդիրներն իսկապես առկա են։

Մեզ հետ հարցազրույցում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան   Արևիկ Մելքոնյանը նշեց, որ հատկապես ոչ  մի թանգարան մատչելիություն չունի հաշմանդամություն ունեցող անձանց համար, կամ եթե ունի՝ մասնակի։ Այսպիսին են նաև թատրոնները, ժամանցի կենտրոնները։ Այն հարցին, թե ինչ միջոցներ են իրենք ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ, պատասխան ստացանք, որ պարբերաբար մոնիթորինգների արդյունքներ են ուղարկում համապատասխան վարչություններ՝  ենթակառուցվածքների նախարարություն, ԿԳՄՍ նախարարություն, քաղշինության վարչություն, բայց միայն պատասխան են ստանում, որ կդիտարկեն և հնարավորության դեպքում խնդիրներին լուծում կտան։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում մշակութային ոլորտում գրեթե չկան դրական փոփոխություններ՝ անհարմարավետությունները վերացնելու կամ քչացնելու ուղղությամբ։

Հասկանալու համար, թե ինչո՞ւ են անհարմարավետությունները դեռևս մնում արդիական և ի՞նչ վերահսկողություն է սահմանվում այս խնդրի շուրջ՝ հարցում ենք ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որից ի պատասխան ստացել ենք. «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, նորմերը և կանոնները մշակում և հաստատում է քաղաքաշինության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը»։ Հավելել են, որ 2021 թվականի մայիսի 5-ի ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ «Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, համակարգերի նախագծումը, շինարարությունը և վերակառուցումը, եթե իրականացման արդյունքները չեն համապատասխանելու համընդհանուր սկզբունքներին կամ այլ կերպ մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար»։

Դիտարկելով իրավիճակը ըստ օրենքի՝ նշենք, որ օրինակ Էրեբունի թանգարանը ունի թեքահարթակ, բայց մինչև թանգարան բարձրանալը դրսի աստիճաններն է պետք հաղթահարել։ Իսկ Էրեբունի ամրոցը և Կարմիր բլուրը չունեն թեքահարթակներ, այսինքն հաշմանդամություն ունեցող անձինք այժմ չունեն հնարավորություն մուտք գործելու տարածք։ Սակայն արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը  նշում է, որ դրամաշնորհով կարողացել են տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մի շարք ծրագրեր իրականացնել, որպիսի տվյալ անձինք կարողանան հեշտությամբ տեղեկություններ ստանալ թանգարանի մասին։

Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմա վերանորոգման աշխատանքներով պայմանավորված տեղափոխվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն, բայց  գլխավոր շենք մուտք գործելու համար  հաշմանդամություն ունեցող անձինք մինչ այժմ ծառայողական մուտքից են օգտվել, քանի որ հիմնական մուտքից հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, և չկա թեքահարթակ։ Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակցից ստացանք պատասխան, որ հարմարություններ  տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մինչ այժմ ներդրաված չի եղել։ Այն հարցին՝ արդյոք վերանորոգումից հետո կպակասեն անհամապատասխանությունները,  պատասխան ստացանք, որ պարզ չէ։

Եղիշե Չարենցի թանգարանը դրսի հատվածից ունի անհամապատասխանելիություն՝ կան աստիճաններ, չկա թեքահարթակ։ Սակայն թանգարանից պատասխան ստացանք, որ ունեն հարմարությյուններ, բայց դրանք մասամբ են ապահովված։

Հայաստանի Պատմության թանգարանից նշում են, որ թանգարանը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ կան վերելակներ, կան հարմարեցված սանհանգույցնե և սրահների միջև, եթե կարիք է լինում մեկ սրահից մյուս սրահ անցնել, ևս կան թեքահարթակներ։ Այսինքն, ըստ իրենց, հաշմանդամություն ունեցող անձը առանց որևէ օգնության կկարողանա այցելել թանգարան։ Բրալյան համակարգ Հայաստանի պատմության թանգարանում չկա, իսկ ժեստերի լեզվով բացատրող էքսկուսավարի անհրաժեշտության դեպքում պետք է նախապես գրանցվել։

Օպերայի շենքը, Ազգային պատկերասրահը եւ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենքերը դեռևս 2014 թվականից պիտի հարմարեցված լինեին հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց մինչ օրս այդ փոփոխությունները լիարժեք արված չեն։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան և «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանն ընդգծում է, որ ինքն էլ բախվել է լուրջ խնդիրների, և Հայաստանում, համեմատած Եվրոպական երկրների, հատկապես մշակութային լուրջ կենտրոններում վիճակը վատ է։ Երեսուն տարի է ինչ Հայաստանը առաջընթաց չի գրանցել այս ոլորտում։ Նա նշում է, որ օրինակ «Օպերայի և բալետի» թատրոնը քիչ թե շատ հարմարեցված է, կա բավականին թեք թեքահարթակ, բայց անցանելի, ներսում ևս կա շարժական թեքահարթակ, բայց հեռու է իդեալական լինելու չափանիշներից, սակայն սանհանգույցը հարմարեցված չէ, ինչպես մնացաց բոլոր վայրերում, ֆիլարմոնյաում ընդհանրապես հարմարություններ չկան։ Ազգային պատկերասրահում հարմարությունները առկա են, բայց մասնակի։ Մատենադարան մուտք գործելու համար կան հարմարություներ, սակայն օգնություն անհրաժեշտ է։ Նա ընդգծեց, որ իր համար շատ ցավալի է, որ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ փոքր Ֆիլառմոնիայում, որտեղ իր երեխաները հաճախ հանդես են գալիս, շատ վարժ օգնականներ են հարկավոր դժվարությունները հաղթահարելու և մուտք գործելու համար։

Այս խնդիրները դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում շատ են, դրանք խորհրդային Հայաստանի «ժառանգություններն են», որոնցից կա՛մ Հայաստանը չի կարողանում ազատվել, կա՛մ  չնչին ձևով է կարողանում հաղթահարել, սրա մասին վկայում են հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր շատ հաճախ չեն այցելում մշակութային կենտրոններ՝ իմանալով, թե ինչ խնդիրների են բախվելու։ Դրանց մասին շատ հաճախ խոսում են թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ հաշմանդամություն ունեցող անձինք, բայց տրված խոստումները մնում են անկատար:

Սիլվի Շահբազյան

2-րդ կուրս

Կիսվել