Կարմիր մազերով կամավոր աղջիկը՝ երազանքների հայրենիքը ստեղծելու ճանապարհին

Կարմիր մազերով կամավոր աղջիկը՝ երազանքների հայրենիքը ստեղծելու ճանապարհին

390

Էմոցիոնալ, երազանքներից փայլող աչքերով 20-ամյա Մանեին անհնար է պատկերացնել առանց կամավորական աշխատանքի։ Ճանաչելով Մանեին մեկ տարուց ավելի՝ դժվար է հիշել գեթ մեկ օր, որ հարցին, թե ինչ ունես այսօր անելու, Մանեն չպատասխանի՝ կամավորության եմ այս կամ այն տեղում։  Հատկապես պատերազմի, արցախցիների բռնի տեղահանման ծանր օրերին պատահում էր, որ երկար ժամանակ չէի կարողանում կապ հաստատել իր հետ ու միանգամից գլխի էի ընկնում՝ Մանեն անկասկած կամավորության է։ 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմների ժամանակ Մանե Մնացականյանն այն ակտիվ երիտասարդներից էր, ովքեր սնունդ ու անհրաժեշտ իրեր էին հավաքում սահման ուղարկելու համար։

Կամավորությունը Մանեի համար սիրո ամենավառ դրսևորումներից է, քանի որ դրա միջոցով անշահախնդիր օգնում է դիմացինին՝ փորձելով թեթևացնել վերջինիս հոգսը․ «Կամավորությունն իրականությունը փոխելու ամենաարդյունավետ միջոցն է ինձ համար, որովհետև դու անշահախնդիր ճգնում ես, քեզ չես խնայում ինչ-որ բան անելու համար։ Ես ինչ անում եմ, շատ սիրելով եմ անում»,- մեզ հետ զրույցում ասաց Մանեն՝ մեջբերելով Աստվածաշնչից հետևյալ հատվածը՝ «Թող ձեր ամեն ինչը սիրով լինի»։ Այս հատվածն ընտրելով իր համար կարգախոս՝ Մանեն ակտիվորեն մասնակցում է հասարարակական կյանքին, հասցնում է հաճախել համալսարան, պարտադիր գնալ պատարագների, դրա հետ լինել նաև լավ ընկեր։ Եկեղեցի հաճախելը Մանեի առօրյայի կարևոր մասն է։

Ամեն օր պարտադիր մի գիրք ձեռքին, կարմիր, գանգուր մազերով աղջիկը՝ Մանեն, գնում է համալսարան՝  նպատակ ունենալով դառնալ հետաքննող կամ ռազմական լրագրող։ Մանեն ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլետի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Իր խոսքով՝ իրեն միայն այս մասնագիտության մեջ է տեսնում։ Մասնագիտանալով հետաքննական ժուռնալիստիկայի մեջ, սովորելով երկու լեզու՝ գերմաներեն և անգլերեն, Մանեն նպատակ է դրել իր առաջ՝ երազանքների հայրենիքը ստեղծելու ճանապարհին դրանց միջոցով խոսել, պատմել բոլորին, թե ինչ խնդիրներ ունի մեր երկիրը։

Մոտ ընկերը՝ Արմանը, Մանեի մասին խոսելիս առանձնացրեց նրա կատակասեր, ազատ խոսող, հոգատար լինելը, վերջինիս խոսքով՝ Մանեն ընկերների հետ մշտապես կիսում է լավ ու վատ պահերը։

«Օգնող, շատ էմոցիոնալ ու շատ հասկացող է, չի թողնի որ էմոցիոնալ հոգեվիճակում  մենակ լինես, անգամ եթե իրա համար էլ է դժվար ժամանակներ»,- մեզ հետ զրույցում ասաց Մանեի մտերիմ ընկերուհին։

Երբ խնդրեցինք ինքն իրեն նկարագրել մի քանի բառով, իրեն բնորոշ հատկանիշներից Մանեն առանձնացրեց նախաձեռնող լինելը, մշտապես գտնում է իր համար զբաղմունք։

Ալյոնա Մուժիկյան

4-րդ կուրս

Կիսվել