«Ինձ ոգեշնչում են նաև անծանոթները». Մերի Մկրտչյան

«Ինձ ոգեշնչում են նաև անծանոթները». Մերի Մկրտչյան

229

ՀՊՄՀ  գեղարվեսի բաժնի ուսանողուհի Մերի Մկրտչյանի հես խոսել ենք իր ստեղծագործությունների, ձեռքբերումների և հետագա անելիքների մասին։

-Մերի, կպատմե՞ս քո առաջին քայլերի մասին նկարչության ոլորտում։

-Նկարել սկսել եմ դեռ վաղ մանկուց, և նկարելուց բացի մեծ հետաքրքրություն էի դրսևորում նաև յուրաքանչյուր նկարի կամ որևե գեղեցիկ պատկերի նկատմամբ, որը գրավում էր իմ ուշադրությունը: Իմ մեջ սերը դեպի արվեստը, և հատկապես նկարչությունը, առջինը նկատել է մայրս։ Նրա  նախաձեռնությամբ և խորհրդով էլ  15 տարեկանում ընդունվեցի Սիսիանի Գեղարվեստի դպրոցը, որը նպաստեց իմ ստեղծագործական ունակությունների զարգացմանը և նոր հետաքրքրությունների ու կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը։ Գեղարվեստի դպրոցը հիմք հանդիսացավ և մեծ ազդեցություն ունեցավ նաև իմ հետագա մասնագիտության ընտրության մեջ։

-Ինչի՞ց կամ ումի՞ց եք ոգեշնչվում նկարելիս։

-Ստեղծագործելու, նորը ստեղծելու և բացահայտելու համար ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ամեն ինչ։ Ինձ ոգեշնչում են իմ ընկերները, բարեկամներն ու հարազատները, հատկապես իմ ընտանիքի անդամները, և նույնիսկ այն անծանոթները, ովքեր, տեսնելով իմ աշխատանքները, ինձ ոգևորում և ոգեշնչում են իրենց ջերմ խոսքերով, հիացմունքի արտահայտություններով։ Այդ խոսքերը ստիպում են ինձ էլ ավելիին հասնելու, ավելի լավ աշխատելու։ Ես ոգեշնչվում եմ նաև այն նոր բացահայտումներից, որոնք ի հայտ են գալիս նկարելու ընթացքում, քանի որ դրանք օգնում են ճանաչել աշխարհը և առաջին հերթին՝ ինքս ինձ։

-Կերպարվեստի ո՞ր ուղղությամբ եք ավելի շատ ստեղծագործում։

-Կերպարվեստի ուղղություններից կառանձնացնեմ գեղանկարչությունը, թեև բոլոր տեսակներն էլ սիրում եմ, քանի որ յուրաքանչյուրն ունի իրականության պատկերման իր առանձնահատուկ ձևը։ Իսկ գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է, կազմակերպված և իմաստավորված գույնը՝ կոլորիտը, որը ոչ միայն տալիս է ռեալ իրականության գունապատկերը, այլև օժտված է զգայական ներգործության մեծ ուժով:

Շատ եմ սիրում դիմամկարներ նկարել, ինչպես նաև՝ քանդակել։ Միաժամանակ կարծում եմ, որ դա ինձ մոտ լավ է ստացվում։

-Զբաղվում եք նաև քանդակագործությամբ, հելյունագործությամբ, կավագործությամբ։ Ինչպե՞ս եք կարողանում դրանք համատեղել:

-Այո, իրականում սիրում եմ արվեստի հետ կապված ամեն ինչ, և  հետաքրքրություն գտնում եմ գրեթե բոլոր ոլորտներում։ Այն ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով՝ ձգտելով սովորել հնարավորինս շատ և փորձելով բացահայտել էլ ավելին։ Կերպարվեստի տեսակները յուրահատուկ և անխզելի կերպով կապված են իրար, և գիտելիքների ու հմտությունների տիրապետումը մի բնագավառում օգնում է յուրահատուկ ձևով հասկանալ և ընկալել մյուսը։

-Երբևէ ունեցե՞լ ես ցուցահանդես-վաճառք:

-Ցուցահանդես-վաճառք պետք է կազմակերպվեր Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում, սակայն համավարակով պայմանավորված այն անցկացվեց առցանց։

-Ապագայում սպասվու՞մ է։

-Կարծում եմ՝ այո։ Պլանավորում եմ ցուցահանդես կազմակերպել հաջոդ տարվա ընթացքում։

Հարցազրույցը՝ Սեդա Շահնազարյանի

4-րդ կուրս

Կիսվել