«Սյունիքը աշխարհագրական մեր Հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող»
Գարեգին Նժդեհ
Սյունիքը իր անառիկ դարպասը ամուր է պահում 1921թ.-ից մինչ օրս։
Զրույց սյունեցի Իզայի հետ, ով Հալիրձորից է։
–Ո՞վ է Իզան Սյունիքում։
-Անկախ նրանից՝ Սյունիքում եմ, թե ոչ, ես նույն մարդն եմ, նույն կերպ եմ մտածում։ Երբևէ չի եղել, որ այլ վայրում գտնվելս փոխի ինձ։
-Մանկությանդ ամենահիշվող վայրը Սյունիքում ո՞րն է:
–Քանի որ Հալիձորից եմ, մանկությունս այնտեղ է անցել, ուստի կնշեմ Հալիձորը։ Սիրելի բնակավայրիս հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան։
-Ո՞րն է Սյունիքի քո ամենահարազատ անկյունը և ինչու՞։
-Սյունիքում ամեն անկյուն սիրում եմ, սակայն ավելի հոգեհարազատ է Տաթևը։
-Ինչպիսի՞ առանձնահատկություն ունի Սյունիքի լեզուն։
-Սյունիքի բարբառը շատ հետաքրքիր է, առանձնահատուկ է նրանով, որ եթե զրուցակիցս սյունեցի չլինի, ես խոսեմ, նա ինձ լիովին չի հասկանա։
-Ինչպիսի՞ ավանդույթներ ունեն սյունեցիները։
-Սյունիքի տարբեր վայրեր իրենց ավանդույթներն ունեն։ Մեզ մոտ հրաշալի օղի են թորում, գինի պատրաստում։ Սյունեցիների ձեռքից ամեն ինչ գալիս է։
-Ո՞ր տարիքում բացահայտեցիր Սյունիքը։
-Ես մինչ օրս էլ բացահայտում եմ Սյունիքը։
-Ինչպիսի՞ գույներով կներկես Սյունիքը կամ ինչպիսի՞ գույներ կա Սյունիքում։
-Սյունիքը կներկեմ խաղաղության գույնով, մնացած բոլոր գույներն ունենք։
-Վերջին իրադարձություններից հետո ի՞նչ զգացողություններ էր հոգումդ։
-Հիմա այլ կերպ եմ նայում Սյունիքին, նկատում եմ այնպիսի գեղեցկություններ, որոնք մինչ այդ չէի նկատել։
-Ո՞վքեր են Սյունեցի քո հերոսները։
-Յուրաքանչյուր սյունեցի ինձ համար հերոս է, որովհետև Սյունիքում ծնվելն արդեն հերոսություն է։
-Ինչպիսի՞ն է այսօրվա Սյունիքը քո աչքերով։
-Սյունիքը բոլորիս աչքերով նույնն է․ վեհ, հպարտ, գեղեցիկ։
-Որտե՞ղ կլինի Իզան տասը տարի անց։
-Գուցե Սյունիքում, չգիտեմ դեռ, որևէ հեռանկար չունեմ։
-Եթե ոչ Սյունեցի, ապա․․․
-Սյունիքին շատ ուժեղ եմ կապված։ Եթե ոչ Սյունիք, ապա ես մեկ այլ Սյունիք կստեղծեմ։
Հասմիկ Գյոզալյան
5-րդ կուրս