Բաշիր Առուշանյանը Արցախից է… 91-ամյա պապիկի հետ զրուցել ենք իր ապրումների, թողած տան ու բերքի, կորուստների ու ապագայի պատկերացումների մասին:
Սեպտեմբերի 17: Առավոտ: Գյուղ՝ Նոր Ղազանչի, Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան:
Դեդոն տան բակում է: Խաղաղ է:
Առավոտյան 9:30: Երեք պայթյուն միանգամից: Ազդանշան է՝ պատերազմը սկսվում է: Սովորական բան է:
Ժամը 11:00: Ավելի է բարդանում ամեն բան:
-Մտա ջերմոց, մի լոլիկ կտրեցի, լվացի, որ ուտեմ՝ ուտելս չեկավ: Դուրս եկա ջերմոցից:
Գյուղը՝ անմարդ, անշարժ: Զանգ: Հորեղբոր տղան է.
-Ոչ մի բան չկա, տնից դուրս չգաս:
Հաջորդ զանգերը՝ անպատասխան:
Երեկո: Մի ծանոթ զինվորական՝ ծառի տակ նստած.
-էս ի՞նչ ես անում գյուղում, ոչ մեկը չկա, բոլորը գնացել են: Գնա անհրաժեշտ բաները վերցրու ու դուրս արի տնից:
-Ես չլսեցի ծանոթիս: Եկա տուն, պառկեցի, հանգստացա, բայց տեսա՝ մութը ընկնում ա: Դուրս եկա բակ:
Հարևանությամբ՝ 14 դատարկ բակ: Ձայն… ոչ մեկը չկա:
-Գյուղից դուրս եկա ոտքով: Էլի մարդկություն չկա: Երկու կնոջ հանդիպեցի. հարց-փորձ… Գնում էի աղջկաս տուն: Պիտի գնայի, որ չիմանային՝ զալոժնիկ եմ ընկել:
Մի քանի կիլոմետր՝ երկու կանանց հետ: Ու նորից ծանոթ մեքենա. մեջը՝ հորեղբոր տղան՝ ոտքից կաղ:
-Չեկավ ինձ հետ:
200 մետր ճանապարհ:
-Մենակ եմ:
Երկուսով են: Հորեղբոր տղան միացավ: Չկա ո՛չ մեքենա, ո՛չ մարդ:
-22 կիլոմետր ոտքով անցանք: Հասանք Խաչեն, սիրտս ուզեց, որ հետ գնամ իմ գյուղ: Երեկոյան հասա Խնձրիստան, տեսա աղջկաս, թոռնիկիս ու գիշերը այնտեղ մնացի:
Գիշեր: Հրետանակոծություն: Փողոց դուրս գալ հնարավոր չէ:
Սեպտեմբերի 18: Առավոտ: Ամենուր լսվում էին.
-Տեղափոխվում ենք:
-Պիտի մնանք պաշտպանենք:
-Պիտի մնանք, գյուղը պաշտպանենք:
-Ամեն մեկը մի բան էր ասում: ՄՆԱՑԻՆՔ:
Սեպտեմբերի 19-ը: ՎԵՐՋՆԱԿԱՆ ԷՐ:
-Պիտի թողնեինք գյուղը:
ԹՈՂԵՑԻՆ՝ տուն, գյուղ, ամեն ինչ: Ճանապարհ: Ի՜նչ ճանապարհ: Շատերը՝ սոված, շատերը՝ հոգնած:
-Վառելիք չկար, ոտքով էին շատերը: Մենք վառելիք ճարեցինք: Շատ դժվար էր:
48 ժամ ճանապարհ: Գորիս:
-Իմ գյուղում 2-հարկանի քարաշեն տուն ՈՒՆԵՄ, ջերմոց ՈՒՆԵՄ: Ցանում եմ ամեն ինչ՝ վարունգ, լոլիկ, պղպեղ, սխտոր, սոխ: Ամեն ինչ էլ ՑԱՆՈՒՄ եմ… ՑԱՆԵԼ եմ:
Ամեն բան մնաց, կարտոֆիլը՝ հողի տակ:
-Աստված գիտի՝ ում կհասնի: Հավաքելու շատ բան ունեի, չհասցրի:
Առինջ գյուղ:
-Թե ոնց կապրեմ՝ Աստծու վրա:
Գյուղից միայն գիրքն է, երկու հավաստագիր:
-Անձնագիրս վերցրի, հետո՝ գիրքս:
Գիրքը դողացող ձեռքերում է: Նոր Խաչենի պատմությունն է: Հեղինակը՝ 91-ամյա Բաշիր դեդոն:
Հարցնում եմ՝ պատկերացնու՞մ էիք, որ էլ հետ չեք գնալու:
-Պատկերացնում էի, որ Հայաստան էլ չեմ հասնելու: Երևի կա՛մ ճանապարհին ինձ կսպանեին, կա՛մ մի տեղ կպառկեի, կքնեի ու տեղում էլ կմահանայի, գիրքն էլ կմնար ԱՆՏԵՐ:
Գիրքը Հայաստանում է, Դեդոն էլ:
-Չեմ ապրելու դրանց հետ: Մի ազգ, որ փոքր երեխուն դնում ա ոտի տակ ու մորթում՝ ինչպես հավն են մորթում, դու կարա՞ս դրանց հետ ապրես (լուռ եմ- հեղ.): Ես դրանց լեզուն լավ գիտեմ, դրանց հետ ապրել չի լինի… Դուրս գալուց ոչ մեկին չեմ տեսել, ամեն մեկը իր ընտանիքի հետ դուրս ա եկել:
Նորից հարց եմ ուղղում՝ ե՞րբ պիտի հանդիպեք ընտանիքով:
-Միգուցե էլ չհանդիպենք:
Սեպտեմբերի 20: Գյուղ՝ Նոր Ղազանչի, Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան:
Տան դուռը փակ է, բանալին՝ Խնձրիստանում:
Օֆելյա Հարությունյան
4-րդ կուրս