Մուլտֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Մուլտֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

340

Մուլտֆիլմերը յուրաքաչյուրիս մանկության անբաժանելի մասն են կազմել։ Ավելի քան մեկ դար է, մուլտֆիլմի ի հայտ գալուց ի վեր, երեխաների մի քանի սերունդ մեծացել է մուլտֆիլմեր դիտելով։ Վերջին մի քանի տերիներին պարզ դարձավ, որ մուլտֆիլմերը կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն երեխայի հոգեբանության և վարքի վրա։ Եվ եթե մի քանի տարի առաջ ծնողները չէին անհանգստանում մուլտֆիլմերի վատ ազդեցությունից, ապա մեր օրերում նրանք շատ հաճախ են բախվում այս խնդրին։ Այժմ դրանք ոչ միայն բազմազան են ու տարբեր, երբեմն անհասկանելի թեմաներով, այլև հեշտ հասանելի։ Պրոֆեսոր Շարմինը իր հետազոտության մեջ փաստում է, որ երեխաներին ավելի շատ գրավում են մուլտֆիլմերը, քան սովորելու ավանդական, ակադեմիական միջոցները․ պատճառը մուլտֆիլմերի հետաքրքիր սցենարների, աուդիովիզուալ էֆֆեկտների և գունային լուծումների մեջ է։ Գիտնականները ապացուցել են, որ երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմերից, այլև կոգնիտիվ ընդունակությունների շնորհիվ մտապահում և ընդօրինակում են մուլտհերոսների պահվածքը։

Արաքսյան պատմում է, որ իր երկու երեխաների մոտ էլ նկատել է ագրեսիվություն․ «Որոշ ժամանակ շատ էին դիտում մուլտֆիլմեր համացանցով, հետո նկատեցինք, որ չեն լսում մեծերին, անգամ բռնություն են կիրառում մեկը մյուսի հանդեպ, տեսնելով, որ մուլտֆիլմի հերոսը որևէ բան է անում, կրկնում էին արարքը, և, իհարկե չէին մտածում հետևանքների մասին։ Այժմ ավելի հետևողական ենք»։

Մարինեի խոսքով՝ երեխայից չէին կարողանում կտրել հեռախոսը, եթե ձեռքին չէր լինում իր սիրելի մուլտֆիլմը միացրած, ոչ հաց էր ուտում, ոչ էլ լսում որևէ մեկին․«4 տարեկան էր, բայց չէր կարողանում լավ խոսել, անհասկանալի բաներ էր ասում, խոսում էր այնպես, ինչպես մուլտֆիլմում։ Ստիպված եղանք դիմել լոգոպեդի օգնությանը, այժմ կարողանում է հասկանալի խոսել, սակայն շատ է արտասանում ռուսերեն բառեր»:

Լիանան այդքան էլ դժգոհ չի մուլտֆիլմերի թողած ազդեցությունից։ Պատմում է, որ շնորհիվ մուլտֆիլմերի, երեխան սովորել է ռուսերեն խոսել, այն դեպքում, որ դպրոցում այդքան էլ լավ առաջադիմություն չի ունեցել։

Նման պատմություններ բոլորս էլ լսում և ականատես ենք լինում։ Իսկ թե ինչպես է պատահում, որ որոշ դեպքերում մուլտֆիլմը ունենում է դրական, իսկ որոշ դեպքերում բացասական ազդեցություն, պարզել ենք մասնագետի հետ։ Ըստ հոգեբան Սաթեն Գրիգորյանի՝ մուլտֆիլմերն ունեն մի շարք առանձնահատկություններ, սակայն պետք է դրանք ճիշտ կիրառել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար․ «Եթե երեխան դիտում է ոչ իր տարիքի համար նախատեսված մուլտֆիլմ, վերջինիս մոտ կարող է առաջանալ հանկարծահաս ագրեսիա, վարքաբանական ճգնաժամ, հաճախ նաև՝ խոսքի հապաղում: Նույնը կարող է լինել նաև սխալ կոնտենտ ընտրելիս: Գաղտնիք չէ, որ այսօր մեդիան լի է բազմաբնույթ և բազմաժանր մուլտֆիլմերով, որոնք երեխաների համար բազում տրավմաների պատճառ կարող են հանդիսանալ»։ Ինչպես նշեցինք, շատ դեպքերում մուլտֆիլմերը նաև թողնում են դրական ազդեցություն։ Սաթեն Գրիգորյանի խոսքով՝ ճիշտ տարիքում ընտրված ճիշտ մուլտֆիլմը երեխային օգնում է աշխարհի մասին գեղեցիկ պատկերացումներ ունենալ, սիրել ու գնահատել ծնողներին, հոգ տանել միմյանց մասին, գեղեցիկ ապրել, տալիս է կյանքի ներդաշնակ մոդել, որը միայն դրական արժեհամակարգ է ձևավորելու, օգնելու է զարգացնել միտքն ու երևակայությունը: Դրանք բավականին մեծ կարևորություն ունեն երեխայի զարգացման հարցում, սակայն պետք է ընտրել ճիշտ և երեխայի տարիքին համապատասխան կոնտենտ:

Ծնողների դերը երեխայի դաստիարակության, հոգեկերտվածքի ձևավորման մեջ ամենակարևորն է։ Առաջին հերթին նրանք պետք է իմանան, թե որ տարիքից կարող է երեխան դիտել մուլտֆիլմեր։ Հոգեբան Սաթեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս ծնողներին ավելի հետևողական լինել դրանց ընտրության հարցում․«Հոգեբանական տեսանկյունից ցանկալի է, որ երեխան հնարավորինս ուշ սկսի օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից, քանի որ այն ազդում է վերջինիս ներդաշնակ հոգեկերտվածքի ձևավորման վրա: Ցանկալի է, որ երեխան սկսի մուլտֆիլմ դիտել գոնե 3 տարեկանից հետո, երբ աշխարհի մասին արդեն որոշակի պատկերացում կունենա»: Բացի այդ, շատ ենք նկատում, որ ծնողներից շատերը իրենց համար ազատ ժամանակ գտնելու և որևէ գործով զբաղվելու համար, երեխայի ձեռքն են տալիս հեռախոսը՝ չպատկերացնելով, թե առաջին հայացքից անմեղ թվացող մուլտֆիլմը ինչպիսի լուրջ հետևանքներ կարող է թողնել։ Ըստ հոգեբանի, երբ ծնողը օրորոցային հասակից երեխային զբաղեցնում է մուլտֆիլմով, որպեսզի ինքը հանգստանալու ժամանակ ունենա, երեխան շատ դեպքերում կարող է գնալ զարգացման հապաղման, բախվել մի շարք հոգեբանական խնդիրների, որոնք հաղթահարելու համար հետագայում շատ ավելի մեծ ժամանակահատված կպահանջվի, քան մանկահասակ երեխային մուլտֆիլմի փոխարեն խաղալիքներով ու զբոսանքով զբաղեցնելն ու ժամանակ տրամադրելը։

Այս ամենից խուսափելու համար հոգեբան Սաթեն Գրիգորյանը ծնողներին խորհուրդ է տալիս, որ իրենք մեկ անգամ դիտեն մուլտֆիլմը՝ այն երեխային հրամցնելուց առաջ, որպեսզի հասկանան՝ կան արդյոք դրանցում ագրեսիա, արյան տեսարաններ, ամենաթողություն և այլն։

Սյուզաննա Դեմիրճյան

4-րդ կուրս

Կիսվել