Էներգետիկ ըմպելիքների, էլեկտրոնային ծխախոտի տարածվածությունից հետո հատկապես դեռահասների մոտ նկատվում է կախվածությունների աճ. ոլորտն ուսումնասիրողներն են ահազանգում: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստան ապօրինաբար ներմուծվում են թմրանյութերի նոր տեսակներ, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում մարդկանց վրա, դրանք ավելի լայն տարածում են գտել հատկապես երիտասարդների շրջանում։
«Կախվածությունն առաջանում է աստիճանաբար։ Այն բնութագրվում է մի բանի հանդեպ անդիմադրելի ցանկությամբ, որը ժամանակավորապես թեթևացնում և բավարարում է հոգեվիճակը և հույզերը։ Բայց երբ ժամանակն ավարտվում է, առաջանում է կորուստի, հիասթափություն, անհանգստության զգացողություն։ Այդ զգացմունքներից ազատվելու նպատակով մարդը կրկին փորձում է բավարարել իր ցանկությունը, առաջանում է կախվածություն, որը շատ հնարավոր է՝ վերածվի մոլուցքի»,- ասաց հոգեբան Հակոբ Դաշյանը և ավելացրեց, որ մարդն իր էմոցիոնալ վիճակը բավարարելու նպատակով պատրաստ է շատ մեծ միջոցներ ու ժամանակ ներդնել։
Կախվածությունների առաջացման պատճառները տարբեր են՝ միջավայրից չտարբերվելու ցանկություն, ժառանգական նախատրամադրվածություն և այլն։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Ժուռնալիստ․am-ի հետ զրույցի ընթացքում առանձնացրեց կարևոր կետերից մեկը՝ ժառագական նախատրամադրվածությունը․ «Եթե տվյալ անձի ընտանիքում, օրինակ՝ հորեղբայրը, մայրը, հայրը կամ քեռին ունեն կախվածության համախտանիշ, ապա ավելի հավանական է, որ այդ երեխայի մոտ էլ կձևավորվի կախվածություն։ Վարքային խնդիրներ ունեցող մարդկանց ընտանիքներում երեխան, իհարկե հետագայում, կսկսի չարաշահել»,- ասաց Ս. Նազինյանը։ Կախվածության առաջացման պատճառներից կենտրոնի տնօրենը նշեց նաև հաճույք ստանալու, տրամադրությունը կարգավորելու, ինչպես նաև իր իդեալին նմանվելու ցանկությունը։
«Պատճառներից մեկը երիտասարդին թակարդը գցելն է։ Ինչ-որ մեկը մի քանի անգամ թմրամիջոց է հյուրասիրում, տվյալ անձի մոտ կախվածության համախտանիշ է ձևավորվում, հետո թմրամիջոց հայթայթելու համար նույն մարդու օգնությանն է դիմում։ Սա տարածված երևույթ է՝ գցել մարդուն թակարդը և օգտագործել որպես շահույթ բերողի»,-ասաց Ս. Նազինյանը և ավելացրեց, որ թմրամիջոցներն ավելի շուտ են առաջացնում կախվածություն՝ բավական է մարդը օգտագործի դրանք մեկ անգամ, և նրա մոտ ցանկություն կառաջանա նորից օգտագործել այն։ Իսկ ալկոհոլի դեպքում կախվածության առաջացումը կարող է տևել ամիսներ կամ տարիներ։
Հոգեբան Հակոբ Դաշյանի խոսքով՝ կախվածությունները ներկայում կարող ենք վերագրել մանկահասակ երեխաներից մինչև տարեց մարդկանց․ «Մանկահասակ երեխաների մոտ նկատվում է կախվածությունների աճ։ Եթե վերլուծենք, նայենք ստատիստիկան, դեռահասների և երիտասարդների մոտ ավելի է շատացել կախվածությունը, հատկապես ազարտային խաղերից, էլեկտրոնային ծխախոտներից, էներգետիկ ըմպելիքներից։ Շատացել են նաև տատիկ-պապիկների կախվածությունը բուքմեյքերային խաղերից, իրենց թոշակները ամբողջովին տանուլ են տալիս»,- ասաց հոգեբանը։
Վերջին մեկ տարվա ընթացքում «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» երկու անչափահաս աղջիկ են դիմել, ովքեր ունեցել են կախվածություն մեթանֆետամինից։ Կենտրոնի փոխանցած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում կախվածությունների շարքում առաջին տեղում ալկոհոլային խմիչքն է, ապա՝ թմրանյութերից կախվածությունը։
Կախվածություններից բուժումը կատարվում է մի քանի փուլով և կախված դրա աստիճանից նշանակվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բուժում․ «Քանի որ բոլորի մոտ թմրամիջոցի օգտագործումը դադարեցնելուց հետո զրկանքի համախտանիշ է լինում, մենք առաջին հերթին դա ենք բուժում, որից հետո արդեն դեզինտոկսիկացիոն, մարդու օրգանիզմը կազդուրող որոշակի գործողություններ ենք անում՝ քնի կարգավորում, որովհետև բոլորի մոտ քնի խանգարում է լինում։ Եթե հարակից այլ հիվանդություններ են լինում, ունենք այլ մասնագետներ՝ հոգեբան, հոգեբույժ, նյարդաբան, սոնոգրաֆիստ, որոնց օգնությամբ ուղեկցող հիվանդությունները բուժվում են»,-նշեց կենտրոնի տնօրենը։
Այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ միային հոգեբանի օգնությամբ բուժել կախվածության համախտանիշը, Սուրեն Նազինյանը պատասխանեց, որ բուժման հավանականությունն այդ դեպքում շատ քիչ է։ Ավելին՝ Ս. Նազինյանը բուժման մասին խոսելիս ցավով նշեց, որ ոչ բոլորն են բուժումն ավարտին հասցնում․ «Ցավոք, դետենսիֆիկացիոն բուժման ժամանակ՝ հատկապես ծանր թմրամիջոցներից կախման դեպքում, հաճախ է լինում, որ բուժումը կիսատ են թողնում կամ նույնիսկ բուժումը ավարտելուց հետո ախտադադարի փուլը շատ կարճ է տևում։ Դա լինում է օպերիդային ծանր թմրամիջոցների դեպքում»։
Ալյոնա Մուժիկյան
4-րդ կուրս