«Պետք է անընդհատ վերապատրաստվել». Ս. Սուվարյան

«Պետք է անընդհատ վերապատրաստվել». Ս. Սուվարյան

365

Հայաստանում տարեցտարի զարգանում է զբոսաշրջությունը, և հետևաբար նաև մեծանում է համապատասխան մասնագետների պահանջարկը: Երևանի պետական համալսարանում և հանրապետության մի շարք այլ բուհերում պատրաստում են ոլորտի համար մասնագետներ:

Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտներում մասնագետների պատրաստման աշխատանքների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի վարիչ, «Սերվիս» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ:

-Պարո՛ն Սուվարյան, նախ կցանկանայի իմանալ, թե ըստ  Ձեզ՝ այսօր ինչպիսի՞ն է զբոսաշրջության վիճակը Հայաստանում:

-Զբոսաշրջության պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եղել է զբոսաշրջության երեք ուղղություն՝ անհատների զբոսաշրջություն, մասսայական զբոսաշրջություն և կայուն զբոսաշրջություն: Անցյալ դարի իննսունական թվականներից ամբողջ աշխարհի առաջադեմ զբոսաշրջային երկրները, զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը ընդունել են կայուն զբոսաշրջությունը որպես հիմք և հակադրվում են մասսայական զբոսաշրջությանը, իսկ մենք մեր երկրում դեռևս զարգացնում ենք մասսայական զբոսաշրջությունը: Այդ առումով Հայաստանում զբոսաշրջության վիճակը այսօր, ըստ իս, այնքան էլ բարվոք չէ, որովհետև գտնում եմ, որ Հայաստանի զբոսաշրջությունը աշխարհի զբոսաշրջությանը հակառակ ուղղությամբ է գնում բովանդակային մասով: Մեր երկրում զբոսաշրջությունը դիտարկվում է որպես տնտեսության ճյուղ, իսկ կայուն զբոսաշրջությունը՝ որպես ուղղություն, դիտարկվում է  իբրև ծառայություն: Տարբերությունը էֆեկտի մեջ է: Զբոսաշրջությունը իրականում ունի նաև սոցիալական էֆեկտ: Զբոսաշրջությունը գլոբալիզացիայի արդյունք է և գլոբալիզացիայի միջոց: Քանի որ զբոսաշրջությունը ծառայության տեսակ է, իսկ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ճգնաժամ են ապրում, ուստի բոլորը ստիպված սկսում են զբաղվել սերվիսով: Հայաստանում հաճախ զբոսաշրջությամբ զբաղվում են ոչ թե պայմաններ ունենալու դեպքում, այլ՝ որպես նորաձևություն:

-Դուք ԵՊՀ-ում իրականացվող «Սերվիս» բակալավրի կրթական ծրագրի ղեկավարն եք: Խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք, թե այն երբ և ինչ նպատակով է ստեղծվել, ինչ հեռանկարներ ունի և այլն:

-Կրթական ծրագիրը ստեղծվել է այն նպատակով, որ կոտրի կարծրատիպը,  թե սերվիսը հավասար է զբոսաշրջության: Սերվիսը ծառայությունների համակարգ է: Ամբողջ աշխարհի տնտեսությունը եթե ուսումնասիրենք, զարգացած երկրների համախառն ներքին արդյունքի մեջ 75 %-ից ավելին ծառայություններին է բաժին ընկել, և դա նորմալ երևույթ է: Օրինակ, ԱՄՆ-ում արդյունաբերության և գյուղատնտեսության բաժինը շատ քիչ է, քան ծառայություններինը: Իհարկե, նման արդյունքի համար մեր երկրում չունենք համապատասխան հնարավորություններ: «Սերվիս» կրթական ծրագրում մենք ներկայացնում ենք ծառայությունների համակարգ, որը ներառում է ծառայություններ, որոնք բավարարում են ոչ նյութական պահանջները, և ծառայություններ, որոնք օգնում են մեր նյութական պահանջների բարելավմանը: Երբեմն «ծառայություն» ասելով հասկանում են սերվիս. Ո՛չ, մենք ուսանողներին առաջին կուրսից բացատրում ենք, որ սերվիսը բոլոր ծառայությունների համակարգն է, այսինքն՝ ոչ միայն բոլոր ծառայությունները միասին, այլ նաև դրանց փոխադարձ կապը: Դա նշանակում է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Աշխարհում կուտակված հիմնախնդիրները, շատ լինելու պատճառով, մեզանից պահանջում են համագործակցություն, իսկ սերվիսը համագործակցության գիտականորեն հիմնավորված լավագույն ձևն է: Իմ ուսանողները գիտեն, որ Սուվարյանն ասում է՝ «Սերվիսը կփրկի աշխարհը»: Կրթությունը ևս ծառայություն է: Ամբողջ աշխարհում ընդունված է երկու մոտեցում՝ աշակերտակենտրոն կամ ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն: Այսինքն՝ կրթությունը չպետք է լինի ոչ դասախոսակենտրոն և ոչ էլ ուսանողակենտրոն, այլ պետք է լինի այդ երկուսի համագործակցությունը:

-Կուզենայի՝ հանգամանորեն ներկայացնեիք ուսումնական/մասնագիտական պրակտիկայի կազմակերպման և անցկացման դրվածքը, դրա դերը մասնագետների պատրաստման գործում:

-Մասնագետների պատրաստման գործում մասնագիտական պրակտիկայի դերը շատ կարևոր է: Մասնագիտական պրակտիկան ուսանողի առօրյա կյանքն է: Օրինակ՝ ուսանողը գնում է խանութ, այնտեղ տեսնում է, թե ինչպես առևտրային ծառայություն իրականացվեց: Դա ուսանողը տեսնում է ուսումնական առումով, իսկ մասնագիտական առումով մենք ունենք տարաձայնություն շուկայի հետ: Շուկայում սերվիսով զբաղվում են ամենուրեք, բայց ոչ կազմակերպված: Պրակտիկայի անցկացման համար ընտրում ենք ձեռնարկություններ, որոնք մեր ուսանողների գիտելիքներըփորձում են դարձնել պրակտիկ: Սակայն սերվիսի պրակտիկան, ի տարբերություն այլ մասնագիտական պրակտիկաների, ամեն տեղ կա: Բնականաբար, կազմակերպման պրակտիկան է կարևոր: Այսինքն՝ ճանաչողական իմաստը մեծ ջանքեր չի պահանջում, ամեն ինչ տեսնում են, իսկ որպես արդեն մենեջեր՝ պետք է  իմանալ, հասկանալ կազմակերպման  նրբությունները և ունենալ ոչ միայն գիտելիքներ, այլև փորձ և հմտություն:

-Ձեր կրթական ծրագրում մասնագիտական դասընթացների շարքում կա նաև <<Կայուն զբոսաշրջություն>>: Ի՞նչ է բովանդակում այն, առհասարակ ի՞նչ է կայուն զբոսաշրջությունը:

-Ոչ միայն դասընթաց կա, այլև ամբողջ մասնագիտացում, և բոլոր առարկաները ծառայում են այդ գաղափարին: Կայուն զբոսաշրջությունը զբոսաշրջության ուղղություն է, որը տարբերվում է զբոսաշրջության նախկին ուղղություններից:  Քչերը գիտեն, որ զբոսաշրջության մեջ կան ուղղություններ: Կայուն զբոսաշրջությունն այն ուղղությունն է, որ ոչ միայն օգնում է մարդկանց՝ կազմակերպելու իրենց հանգիստն ու առողջության վերականգնումը, այլև դրան զուգահեռ զարգացնում է այն տարածքը, ուր ինքը այցելել է, և դա էլ հետագայում դառնում է միջոց իր բնակության վայրը զարգացնելու: Այսինքն՝ ծառայում է սերվիսի ընդհանուր գաղափարին, որպես մասնավոր դեպք:Կայուն զբոսաշրջությունն ամբողջ աշխարհում անհրաժեշտություն է, դա կայուն զարգացման գաղափարների վրա հենված զբոսաշրջություն է: Իսկ կայուն զարգացումը պարունակում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական ասպեկտներ:

-Հատկապես ավարտական կուրսի ցանկացած ուսանողի համար մտահոգիչ խնդիր է բուհն ավարտելուց հետո մասնագիտական աշխատանք գտնելը: Այս առումով ի՞նչ վիճակում են Ձեր շրջանավարտները: Ի՞նչ է ցույց տալիս ժամանակագրությունը:

-Ժամանակագրությունը և վիճակագրությունը ցույց են տալիս, որ «Սերվիսը» ՀՀ-ում գործող այն մասնագիտություններից մեկն է, որոնց տրամադրած գիտելիքները յուրացրած ուսանողները կարողանում են համապատասխան ոլորտներում աշխատել որպես մասնագետներ: Ըստ մեր ունեցած տվյալների՝ մեր շրջանավարտների 75-80 %-ը մասնագիտական աշխատանքի է անցել: Այդ ուսումնասիրությունները տարբեր տեղերում կատարել են մեր ուսանողները: Նրանք հարցում են կատարել շրջանավարտների շրջանում: Պահանջարկը միանշանակ կա: Հուրախություն թե ցավոք սրտի, բայց մեր ուսանողները երրորդ-չորորդ կուրսերից սկսած արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ: Դա և՛ լավ է, և՛ վատ է: Փորձում ենք դրանք հավասարակշռել, վատը կոմպենսացնել:

-Եվս մեկ հարց, որի համար ակնկալում եմ լիովին անկեղծ պատասխան. Ձեր պատրաստած մասնագետները ունե՞ն լուրջ ներդրում զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Եթե այո, կարո՞ղ եք նշել փաստերով:

-Մեր մասնագետները անշուշտ ներդրումներ ունեն: Ունենք շրջանավարտներ, որոնք աշխատում են Զբոսաշրջության պետական կոմիտեում: Ոմանք էլ դարձել են զբոսաշրջային ձեռներեցության մասնագետներ: Շուկան դա ընկալում է <<եղանների վրա>>, որովհետև մեր պատրաստած մասնագետը ավանդական զբոսաշրջության դեմ պետք է պայքարի: Մենք ինքներս վերապատրաստումներ ենք հայտարարել, սակայն ցավով պետք է նշեմ, որ այլ երկրներից, օրինակ՝ Էմիրաթներից, Վրաստանից, գալիս են վերապատրաստման, սակայն Հայաստանից չեն գալիս: Պատճառը միանշանակ այն է, որ մասնագիտությունը ընկալում են որպես առևտուր, իսկ մենք առաջարկում ենք ստեղծել զբոսաշրջային դեստինացիա:

 -Ձեր մաղթանքները Ձեր շրջանավարտներին և առհասարակ ոլորտի գործունեությունն իրականացնողներին:

Հետադարձ կապ: Նախ՝ համալսարանավարտը պետք է իրականացնի, իմ կարծիքով, երեք գործառույթ ՝  զարգացնող, հայրենասիրական, մասնագիտական: Ես մաղթում եմ հետևյալը. նրանք ոչ միայն պետք է մասնագետ լինեն ու զարգացնեն, այլև լինեն ազգի առաջատար, ոչ թե իրենց համար տաքուկ տեղ գտնեն, այլ օգնեն, կողմնորոշեն գտնելու տանջող հարցերի պատասխանները, որոնք սովորական մարդիկ չեն գտնում: Եվ ամենակարևորը՝ պետք է անընդհատ վերապատրաստվել: Ձեռքբերումներով, եղածով չբավարարվել, անընդհատ զարգանալ, մասնագիտության մեջ անելիքներ շատ կան, համակարգել, պայքարել, ստեղծել նորը:

-Շնորհակալություն  զրույցի համար:

Հարցազրույցը՝ Անի Մանուկյանի

5-րդ կուրս

Կիսվել